Աշոտյանը քաղաքական գործիչ է, մեկնաբան չէ, հասկացա՞ք

Աշոտյանը քաղաքական գործիչ է, մեկնաբան չէ, հասկացա՞ք
ՀՀԿ-ական հնաբնակները հերթափոխը հանձնելիս ասել էին, ты птица высокого палета: Բայց հո չէի՞ն ասել էդքան բարձր: Քաղաքական գործիչ, - որքան բարձր է հնչում, որքան գեղեցիկ, ասես վերին շերտերում է սավառնում, ու այնտեղից է լսվում այդ բառակապակցությունը:Միայն մի ճշտում, հետո շարունակեմ. Ոչ թե քաղաքական գործիչ, այլ քաղաքական գործիք, - տարբերությունը մեծ չէ՝ ընդամենը մի հնչյունի, բացի այդ սովորաբար բառերի վերջին հնչյունները մաքուր չեն հնչում, մանավանդ որ երկուսն էլ շնչեղ խուլ են: Ուրեմն՝ ճիշտը վերջինն է՝ Ք-ն:



Հիմա անցնենք գործիչին: Որքան գիտեմ, քաղաքական գործիչները՝ մինչև այդպիսին դառնալը, հայտնի էին լինում հասարակությանը՝ իրենց գաղափարներով (ընդունելի, կամ՝ ոչ), համոզմունքներով, որդեգրած քաղաքական ուղղությամբ, բացատրում էին մարդկանց, հասկացնում կամ՝ ոչ: Նա գնում էր, գալիս մյուսը՝ նույն կամ հակադիր գաղափարներով: Այդպես էին կայանում քաղաքական գործիչները (ընդունված կամ մերժված), իսկ գաղափարները, որոնք տիրանում էին մարդկանց մտքերին, դառնում էին քաղաքական ուժ: Գիտեմ կասեք՝ այդ ամենից մգլահոտ է գալիս: Համենայնդեպս ես այդ հոտն եմ ընդունում:



Թե չէ, բազեի կամ արծվի ձվից (ներսից) թքթքոց է լսվում, մեկ էլ հանկարծ դուրս է ցցվում մի փոքր դեղին կտուց, վրան գրած՝ “քաղաքական գործիչ”, տակն էլ, փակագծի մեջ՝ ՀՀԿ: Կասեք՝ գենետիկան է գործում, ընդունում եմ.



Դե հիմա, ողորմած պարոն Աշոտյան (կներեք, որ չեմ նշում գիտական աստիճան – բան, որոնց պակասը, չեմ կասկածում, չի զգացվի/, հանդես գաք սույն օրեաթերթի էջերում մի հատուկ հոդվածով՝ «քաղաքական գործիչ» հասկացության մեկնաբանությամբ: Մի քիչ էլ «մեկնաբան» եղեք. Ձեր քաղաքական էությունն եք «մեկնելու»: Աղբյուրների և սկզբնաղբյուրների մեջ սահմանափակված չեք: Դա անհրաժեշտ է այնքանով, որքանով այս “խզբզոցի” հեղինակը և շատ ընթերցողներ тугоум են, պիտի բացատրեք մանրամասնորեն: “Նեյավկան” հարգելի չի համարվի, “լիկվիդի” ժամանակ շատ դժվար կլինի:



Էսքանը կեսկատակ, այժմ լուրջ. Դուք մասնագիտությամբ բժիշկ եք (աստճանով կամ առանց), իսկ բժշկությունը ոչ միայն քաղաքականություն չի ճանաչում, այլ նաև սահմաններ, գործի բերումով կրթության և գիտության մինիստր (նախարարությունը ձեզ պահեք, երբ գնաք միջնադարյան թագավորական Արքունիք, բարձերը պետք կգան), իսկ կրթական համակարգը, ինչպես նաև՝ ուժայինները, ապաքաղաքական են (մոռացե՞լ եք, դուք էիք ուսանողներին քարոզում), քաղաքական հայացքներով (գաղափարախոսական՝ չեմ կարծում, թե ունենաք) հանրապետական: Նշվածներից և ոչ մեկը Ձեզ իրավունք չեն վերապահում համարվել քաղաքական գործիչ՝ կամ պոլիտիկ /ես կասեի՝ политикан/: Իսկ կուսակցական պատկանելությունը, որ պիտի սառեցրած լինեիք, ամենաքիչը պիտի թաքցնեիք: Բայց դրոշակ եք դարձրել, դեռ մի բան էլ ավել՝ ՀՀԿ նախագահի տեղակալ: Դուք՝ որպես մինիստր, այլ աշխատանք կատարելու իրավունք չունեք, բացի … /շարադրված է Սահմանադրության մեջ/: Կուսակցական աշխատանքները դրանցից ոչ մեկն էլ չեն, իսկ ինչ վերաբերվում է /վ-ն չհանեք/ վճարովի կամ անվճար լինելուն, ապա, չեմ կարծում, թե մի հսկա (իշխող) կուսակցության փոխնախագահի պաշտոնը չվարձատրվող պաշտոն է: Էդ մութ հարցերն ինձ չեն հետաքրքրում: Եթե վճարովի չէ, ավելի վատ Ձեզ համար. աշխատում եք կուսակցության օգտին՝ ի վնաս մինիստրական պարտականությունների կատարման: Իսկ մինիստրի պարտականություններն այսօրվա մեր երկրում այնքան շատ են ու հույժ կարևոր, որ “յոթ մինիստրի” միջև բաժանես, մի բան էլ կմնա: Բա որ Մեծ Ջիվանու խոսքերով ասում էի. “երկու տարվա հորթը ցուլ գոմեշի տեղ /հետ/, բերել լուծ /կան/ են լծել, խելիք աշեցեք”, վիրավորվել էին (չգիտեմ՝ ով), Ձեր «վաստակներն» էին նշում /էդ որո՞նք են/: Այդ մասին ստորև, այժմ անդրադառնամ քննարկումներին, որոնց մասնակցում եք “կուլիսներում” /կամ ոչ/: Կուլիսները տարածություն չեն, որտեղ քննարկումներ լինեն: Անդրկուլիսյան՝ ուրի բան: Կրթության նախարար եք, և Ձեզ պոլիգլոտ /բազմալեզու - 6/ եք հռչակել: Մի նայեցե՛ք, ռուսերենում /ուրիշ լեզուներ չգիտեմ, չեմ էլ ուզում գիտենալ/ “в кулисах” բառ կա՞: Չկա: Կա “за кулисами”:



Ձեր ասածները լսում են, գրածները կարդում են. Խելքի եկեք: Ճիպոտն առնում եք ու հո, խեղճ բառերը քշում եք գալարապտույտ /խուճուճ/ կածաններով: Դուք դեռ լավ եք, Ձեր կարծած պերճախոսության մի 60-70 % -ը հաղթահարում եք: Թե չէ … էդ ինչու՞ եք կարծում, թե բոլոր կարդացողները անգրագետ են, էդքանով էլ կարելի է զարմացնել: Կրթության մինիստրը պետք է բյուրեղյա մաքրության լեզվով խոսի. Տասնյակ հազարավոր ուսուցիչներ ու հարյուր հազարավոր աշակերտներ Ձեզնից պետք է սովորեն:



Քննարկումներին պարտավոր եք մասնակցել, եթե քննարկվում են գիտակրթական հարցեր, քաղաքական խաղերից պիտի հեռու մնաք, իսկ Դուք անպայման պիտի լինեք “կենտրոնում”: Պետք չէ: Դուք այնքան անելիքներ ունեք, որ 24 ժամը 48 դառնա՝ քիչ է:



Խոստացա վաստակներից խոսել. Էդ ի՞նչ վաստակ է, որ էս “ապերախտ” ժողովուրդը չգիտե, ու ըստ արժանվույն չի գնահատել: Կուսակցությունը, գիտեմ, գնահատում է, այն էլ ինչպես: Մասնագիտությամբ բժիշկը՝ կրթության մինիստր: Էդ անիրավ Ջիվանին մտքիցս չի հեռանում. “Ուղտը մետաքսագործ, եզը նավավար …”: Հաստատ մի 40-50 հազար մանկավարժների, կամ հազարավոր մանկավարժ-գիւտնականների մեջ մեկը չի եղել, Ձեզ են նշանակել: Գնահատելը էլ ինչպիսի՞ն կլինի: Վաստակ կունենայիք, և ժողովուրդը /հիվանդները՝ հաստատ/ կգնահատեր, եթե ավարտելուց հետո մի 10-15 տարի աշխատեիք որպես բժիշկ /փոխանակ …/, մի քանի հիվանդի կյանք կփրկեիք /գուցե՞ փրկել եք/, այսօր էլ առողջապահության մինիստրը կլինեիք ու նոր բարձրության հասցնեիք Հայաստանի խայտառակ, ես կասեի, տապալված՝ այդ ամենամարդասիրական ոլորտը: Դումանյանի ղեկավարած “կառույցին” ծանոթ ենք /Քուշքյանից “հալալ-զուլալ” ժառանգած/:



Դառնամ ոչ պակաս մարդասիրական՝ Ձեր ղեկավարած ոլորտին, շատերի կարծիքով /նաև ղեկավարության/ ամենակոռումպացված և, հիրավի, այդպիսի ոլորտին: Մինչդեռ, ըստ գաղափարի պիտի լիներ ամենաանաղարտն ու անեղծը /և շատ ժամանակ եղել է/: Ախր, դա այն աղբյուրն է, որից ջուր ենք վերցնում բոլորս, նաև պղծողները. չլինի՞ դրանք «դպրոցի կողքերից» են եկել: Նայեք համայնապատկերը. Հազարավոր “մաղված” աշակերտներ, հազարավոր դպրոցի երես չտեսած դեռահասներ. անուն-ազգանունը գրել չիմացող շրջանավարտներ /կամ կիսատ դուրս եկածներ/: Էս ու՞ր եք տանում դպրոցը. Բոլոնիա՞, օպտիմալացու՞մ: Մեղքը լրիվ Ձեր վրա մի՛ վերցրեք: Թող բառի համար ներվի, դպրոցի հերն անիծել էր արդեն Բլեյանը /դեռ «իր դպրոցից»/, նրա ավերիչ գործը մեծ ջանադրությամբ շարունակեց Երիցյանը /մյուսների գործունեության մասին չգիտեմ/: Դուք «դեզի գլուխն առաք», ավերումը հասցրեցիք կատարելության աստիճանի /թե՞ էլի բան կա/:



Եվ այս երեք Հերոստրատների անունները պիտի դրվեն նույն ցուցակում, ուր կլինեն Սիմոնյան, Հախումյան և այլոց ազգանունները: Շինող, Ավերող:



Ի՞նչ եք դարձրել դպրոցը. Ձեր նշանակած տնօրենի բոստա՞նը: Տնօրենս ո՞րն է: Դիրեկտորը տնօրեն չէ: Տնօրենը օբյեկտի /դպրոցի/ ճակատագիևը որոշողն է: Հասկանու՞մ եք՝ ի՞նչ անուն եք դրել: Նա ընդամենը ղեկավարում է կոլեկտիվի աշխատանքները՝ ուսումնադաստիարակչական պրոցեսը, այսինքն ղեկավար է՝ դիրեկտոր /բառացի/, և տնօրինում է օրենքով իրեն հատկացրած նյութական /ֆինանսական/ միջոցները, այն էլ դարձյալ օրենքի սահմաններում, այսինքն՝ ոչ կամայականորեն: Իսկ տնօրենը ղեկավարում է միայն ու միայն իր կամքով: Դիրեկտորը չէր “սազում” ձեր ճաշակին, դնեիք ղեկավար:



Ուսուցիչ եք նշանակում “մրցույթով”: Միթե՞ էսքանից հետո չեք համոզվել, թե հասարակության մեջ /նաև ձեր բոլորի մեջ/ ինչի հետ է ասոցացվում “մրցույթ” հասկացությունը ընդհանրապես, ուսուցիչ նշանակելու դեպքում (նաև դիրեկտոր)՝ մասնավորապես: Ի՞նչ են իրենցից ներկայացնում ձեր դասագրքերը, որքա՞ն կարելի է այդ մասին գոռալ: Տվեք ինձ մրցույթով անցած և մերժված դասագրքեր, և ես կասեմ, թե ինչպիսին է եղել մրցույթը: Ծանոթ եմ Խլղաթյանի /թող հանգիստ ննջի/ հայոց լեզվի դասագրքին (ձևաբանության): Լավ է հինգ տարին լրացավ և պարտադիր կիրառումից դուրս եկավ, ուսուցիչներին ազատելով շատ գլխացավանքներից:



Ի՞նչ է այսօրվանինը իրենից ներկայացնում: Շատ ընդգրկուն հարց է և իմ այսօրվա նպատակից դուրս:



Ի՞նչ են ձեր այսօրվա շտեմարաններն ու թեստերը: Որք՞ն կարելի է անել մի քայլ առաջ, երկու քայլ հետ:



Անսպառ են թիրախները (իսկակական կրակելու բան), բավարարվենք այդքանով:



Սա է Ձեր վաստակը կրթության ասպարեզում, կամ Ձեր բերած «նպաստը» համազգային այդ կարևոր գործին:



Որը ասեմ՝ եկեղեցու պատմությունը միջին դասարաններում: Կարծում եք դա հարգա՞նք է եկեղեցու նկատմամբ:



Շախմա՞տը տարրական դասարաններում: Մտցնեիք մանկապարտեզից: Ո՛չ դպրոցը, ո՛չ շախմատը խաղուպար չեն:



Ժամավաճառություն կարելի է անել այլ կերպ՝ ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես արվում է դրպոցներում մասսայաբար: Այն աստիճան նաիվ եք, որ նկատի չեք առնում մի բան. ճանճի տզզոցը դպրոցում հասնում է ծնողներին: Որքան վարվեք ջայլամի պես, թե՞ արհամարհում եք ծնողներին:



ԲՈՀ պետին հեռացրեք /աչքիս լույսը չէ/, որ Ձեր նորահայտ Կոմենսկու դոկտորականը հաստատվի (թերթում եմ կարդացել):



Արժանապատվություն ունեցող բժիշկը էսքանից հետո ամպուտացիայի կենթարկեր մինիստրությունը՝ ազատելով նրան անհաջող ղեկավարից («գլխից»):



Հեր օրհնած, ասուլիսներում խոսում ես ամեն ինչից, բացի կրթությունից: Ժողովուրդը քեզ վճարում է վերջինիս համար: Վերջին խոսքում ամեն ինչ կար՝ և՛ ներկուսակցական, և՛ արտակուսակցական, և՛ միջկուսակցական, և՛ շատ այլ հարցեր: Բոլոր, բոլորը կային, չկար միայն կրթությունը: Բա ֆրանկոֆոնիա՞ն: Լավ է՝ միտս ընկավ:



 



Խորին ցավով՝ մեր ազգային դպրոցի համար



Պետրոս Ոսկանյան



Հատուկ «Հրապարակ»-ի համար