Լոռիում գործող բուհերը կմիավորվեն

Լոռիում գործող բուհերը կմիավորվեն
Տարիներ շարունակ Լոռու մարզում խոսվել է, որ Վանաձորում հիմնվելու է մեկ միասնական` «Լոռվա համալսարան»: Ըստ այդ լուրերի, «Լոռվա համալսարանը» միավորելու է մարզի տարածքում գործող բոլոր բուհական կառույցները` համալսարաններ, թե ինստիտուտների մասնաճյուղեր, պետական կամ ոչ պետական նմուշի դիպլոմ տվող հիմնարկներ:Տարօրինակ է, բայց վերջին ամիսներին Վանաձորում հատկապես թեժացել են այդ խոսակցությունները: Մանավանդ որ բուհերի միավորման դեպքում տուժող կողմ է դառնում դասախոսական կազմը, քանի որ մեկ համալսարանում հնարավոր չի լինի միավորել դասախոսական այսպիսի բազմություն: Այս դեպքում անխուսափելի են դառնում կրճատումները:



Թե երբվանից է գործելու միասնական համալսարանը, դասախոսական կազմի հնարավոր ինչպիսի կրճատումներ են լինելու եւ այլ հարցերի պատասխաններն ստանալու համար փորձեցինք նախեւառաջ պարզաբանումներ ստանալ Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ լիարժեք տեղյակ չէ ոչնչից. «Ես էլ, Ձեզ նման, լսել եմ «Լոռվա համալսարանի» մասին: Բայց թե ինչ է դա իրենից ներկայացնում, ես իրավասու չեմ ասել, դա միայն կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող հարց է, ես ինքս էլ տեղյակ չեմ ոչ մի բանից»:



Քանի որ այս պատասխանի դեպքում դարձյալ հնարավոր չեղավ պարզել այն, ինչ ուզում էինք,  կապվեցինք Վանաձորում գործող 2 մեծ բուհերի` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար մարմինների հետ: Սակայն այստեղ էլ գրեթե տեղյակ չէին նշված խնդրից:



Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը շատ չոր ու կտրուկ պատասխանեց մեր հարցին: Իմանալով, թե որն է լինելու հարցազրույցի հիմնական թեման, Գուրգեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ես մենակ լսել եմ, որ էդպիսի բան կա, մենք համալսարան չենք, մենք ինստիտուտ ենք, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, դրանք միայն խոսակցություններ են»: Ի հավելումն սրա, «Լոռվա համալսարանի» մասին տեղյակ չէին նաեւ բոլոր այն դասախոսները, որոնց դիմեցինք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում:



Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ պայմանավորվել այդպես էլ չէր հաջողվում: Ի վերջո, հնարավոր եղավ զրուցել նրա հետ եւս: Թերեւս միայն նա էր, որ կարողացավ գոնե փոքրիշատե պատասխանել մեր հարցերին, թեպետ նա եւս գրեթե տեղյակ չէր խնդրից: «Ճիշտն ասած, ես էդքան էլ մանրամասն չգիտեմ, թե ինչ բան է «Լոռվա համալսարանը»: Կարող եմ ասել միայն իմ տեսակետը. ճարտարագիտական կրթությունը չափազանց բարդ է, ու ավելի ճիշտ է այն իրականացնել միայն մասնագիտական բուհերում: Ի վերջո, նոր համալսարանն իր հետ կբերի նոր ծախսեր, նոր խնդիրներ: Հիմա մեր բակալավրն ավարտողը հնարավորություն ունի մասնագիտանալ նույն բուհի այս երեւանյան ճյուղում, իսկ այլ դեպքում հնարավոր չի լինի»,-նշեց Արմեն Խառատյանը, հավելելով, որ ոչ մի դրական կողմ այս պահին, ելնելով միայն շրջանառվող  խոսակցություններից, ինքը չի տեսնում, միասնական համալսարանն իր հետ միայն խնդիրներ կբերի:



ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի դասախոսական կազմը եւս այս մասին միայն լսել է, ոչ մի բուհում որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չի եղել: Ավելին, «Լոռվա համալսարանի» մասին միշտ է խոսվել, տարիներ շարունակ, սակայն ոչ մի առաջընթաց` խոսակցություններից բացի:



Հարկ է հավելել նաեւ, որ միասնական համալսարանի անհաջող նախադեպն արդեն եղել է Հայաստանում: Սյունիքի մարզում` Գորիսում բուհերի միավորումն սպասված արդյունքը չտվեց ու ձախողվեց միայն: Այս մասին հիշեցրեց Արմեն Խառատյանը եւս՝ ասելով, որ Գորիսի միավորված համալսարանը չգործեց նախատեսվածի նման:



Իսկ Վանաձորում այս ամենը շարունակում է մնալ միայն որպես դատարկ խոսակցություններ, մանավանդ այն դեպքում, երբ կառուցված չէ անգամ միասնական համալսարանի մեծ մասնաշենքը, անհայտ է տարածքը, որտեղ կառուցվելու է այն: Այդուհանդերձ, դասախոսները շարունակում են վախենալ, որ բուհերի միավորման դեպքում անխուսափելի կրճատումների զոհ կարող է դառնալ իրենցից յուրաքանչյուրը:



 



ՀԳ - Կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացանք, որ նման ծրագիր իսկապես կա: Ավելին, այն նախատեսված է ոչ միայն Վանաձորում, այլեւ  Գյումրիում: Նախագիծը դեռ քննարկման փուլում է, բայց բուհերի խոշորացմանը մասնակցելու են միայն պետական բուհերն ու դրանց մասնաճյուղերը: Մասնավոր բուհերն այս ծրագրի մեջ չեն ընդգրկվելու: Նպատակն էլ, ինչպես հայտնեցին, նյութատեխնիկական բազայի խոշորացումն է ու կրթական որակի բարձրացումը: Խնդրի հետ կապված՝ նախարարություն ուղարկված մեր գրավոր հարցերին խոստացան առավել մանրամասն պատասխանել ավելի ուշ:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



Լոռու մարզ