Փելեշյանը` ներկա ու բացակա պատկերների միջև (լուսանկարներ)

Փելեշյանը` ներկա ու բացակա պատկերների միջև (լուսանկարներ)
«Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել մեծ վավերագրող Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որին ներկա էր նաեւ կինոռեժիսորը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը Փելեշյանին հանձնել է միության «Ասպետի ոսկե խաչ» մրցանակը, իսկ կինոգետ, Կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը՝ ակադեմիայի անունից «Անահիտ» մրցանակը: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են Փելեշյանի «Տարվա եղանակները», «Բնիկները», «Վերջը» եւ «Կյանքը», որից հետո վարպետը պատասխանել է հանդիսատեսի ու լրագրողների հարցերին: Արտավազդ Փելեշյանի պատասխաններից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

***

Երբ այն ժամանակ այս ֆիլմերը նկարում էի` երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, բայց սանր չունեի, հիմա սանր ունեմ, բայց մազեր չունեմ…

***

Գիտե՞ք ինչու բառեր շատ չեմ օգտագործել: Ես կարծում եմ, որ բառի օգտագործումը, երկխոսությունը պարտադրում է այնքան պատկեր, որքան կտևի խոսակցությունը: Դա խանգարում է կերպար ստեղծելուն, կաշկանդում է, դրա համար ես խուսափել եմ բառերից: Պատկերները, գործողությունը, ձայնը, հնչյունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը: Տվյալ դեպքում, օգտագործելով երաժշտությունը և պատկերը, ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ոչ թե տվյալ հատվածի, այլ ամբողջ ֆիլմի շուրջը:

***

Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա պատկերները, այլև բացակա: Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ նայելիս նոր բան եք տեսնում: Ամբողջ ֆիլմը կառուցված է, բայց ֆիլմի կեսը, պատկերների կեսը բացակա են: Մոնտաժի, երաժշտության ու պատկերների շնորհիվ նրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Եթե ես օրինակ բերեմ, բացակայությունը կդառնա ներկայություն:

***

Պիետրո Մարչելոյի «Փելեշյանի լռությունը» վերնագրի տակ պահանջվում է փոքր-ինչ մոտեցում, բացատրություն, գաղտնիքը որն է, ինչո՞ւմ է կայանում այդ լռությունը: Բայց ռեժիսորն ինձնից օրինակ վերցրեց ու ինքն էլ է լռում: Դա իր լռությունն է` Մարչելոյի լռությունը:

***

Փարիզում մեկը հարց տվեց` ինչպե՞ս եք զգում, որ վերջացրել եք ֆիլմը: Զարմացա այդ հարցից. երբ վերջացնում եմ, զգում եմ, որ վերջացնում եմ: Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ և հակառակը լինի:

***

Առանց հեղինակի, առանց ռեժիսորի իսկական կինո չի կարող լինել: Բայց ռեժիսորը պետք է գիտակցի` պետք է ինքդ քեզնից ազատվես. դա է արվեստը, ուրիշ արվեստ չկա: Արվեստում ինքդ քեզնից ես փախչում: Արվեստն իրականության, բացակա իրականության տարբերակն է, որն այնքան համոզիչ է, որքան իսկական իրականությունը:



Լուսանկարչական ֆոտոռեպորտաժը «Հրապարակի» թղթակից` Սոնա Ադամյանի