«Երբեք չհամարձակվեք շահարկել Լևոն Անանյանի անունը»

«Երբեք չհամարձակվեք շահարկել Լևոն Անանյանի անունը»

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն արձագանքել է այսօր Hraparak.am-ում հրապարակված «Կոչ սփյուռքահայ գրողներին» հոդվածին: Պատասխանում ասվում է.



«Հարգելի պարոն Մաթյան



Չնայած նախահամագումարյան հասկանալի ծանրաբեռնվածությանը, ծանոթացա սփյուռքահայ գրողներին ուղղված Ձեր սրտառուչ կոչին։



Ցավում եմ, բայց տեղի է ունեցել թյուրիմացություն, տեխնիկական խոտան. կազմակերպական հանձնախումբը սխալվել է՝ հինգ տարի «ՀԳՄ-ի հետ ոչ մի առնչություն չունեցող» Ազատ Մաթյանին հրավիրելով համագումար։



Այնպես որ մեծահոգաբար ընդունեք հանձնախմբի հայցած ներողությունները։



Ուրեմն, բնավ Ձեզ հաշվետու լինելու առիթ չունենալով, բայց ելնելով Ձեր անձի և վաստակի հանդեպ իմ նախկին հարգանքից, սուղ ժամանակս տրամադրեմ Ձեզ հուզող մի քանի հարցերի պարզաբանմանը։



Օրենքը, որը այդքան զարմացրել է և զանազան անտեղյակ և մտացածին դիտողություններ և դատողությունների փակուղի է մղել Ձեզ, կոչվում է «Հայաստանի Հանրապետության Օրենքը հասարակական կազմակերպությունների մասին»։ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 04.12.2001, Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյանը վավերացրել է այն 24.12.2001։



Սույն օրենքը գերադաս է բոլոր հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ և Գրողների միության համար,– և առանց ՀԳՄ կանոնադրության էլ այս թեմայով ՀԳՄ վարչության կայացրած բոլոր կարևոր որոշումները վավերացված են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։ Կարծում եմ, այնքան պարկեշտ եք, որ հաջորդ կոչ-նամակում (որը, չեմ կասկածում, անհապաղ կգրեք) ծաղրի ենթաñկեք այլ երկրի (իմա՝ ՀՀ-ի) պետական օրենքները։



ՀԳՄ կանոնադրությունը պարզապես տեղայնացնում է նույն օրենքի շարադրանքը, որը, կրկնում եմ, գերադաս է հասարակական կազմակերպությունների համար։



Ի դեպ, այլևս երբեք չհամարձակվեք շահարկել Լևոն Անանյանի անունը՝ ցմահ, թե ցկյանս աթոռ, հայոց անմահների ցանկ և այլ անհամ կատակներով։ Մի՜ ստիպեք ինձ նույնպես դիմել երգիծանքի ժանրին։



Հուլիսի 27-ին տեղի կունենա համագումարը, և Ձեր ու Ձեր տեսակի բոլոր կանխագուշակությունները ցրիվ կգան։



Իսկ մնացած բնորոշումներին, անիմաստ ու գրամոլական հեգնանքին, թույն ու թարախին չեմ պատասխանի, քանի որ մտավորականի համար մի մակարդակ կա, որից իջնելը հավասարազոր է սեփական թույնի մեջ տապակվելուն։ Բարեբախտաբար այդ թույնը ես չեմ ժառանգել ո՛չ իմ ծնողներից, ո՛չ էլ իմ ազգից։



 



ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ



Հայաստանի գրողների միության նախագահ»: