Ագահ եւ անհագ

Ագահ եւ անհագ

Մշտապես իշխանություններին պաշտպանող, նրանց գործողություններն արդարացնող ընկերս, որ ինքն էլ իշխանության մաս է կազմում, անսպասելիորեն հակաիշխանական կեցվածք ընդունած` նախօրեին քննադատում էր իշխանություններին: Պարզվեց՝ համբերության բաժակը լցրել են «կարմիր գծերը»: Եվ ոչ թե այն, որ ապօրինի գումար են փորձում կորզել ավտովարորդներից, այլ որ փողոցներում կանգնող մի քանի հարյուր մարդու էլ են ուզում գործազուրկ դարձնել: Հետեւությունը հետաքրքիր էր. «Ինչքա՜ն է երկիրն աղքատացել, ինչքա՜ն են պակասել փող աշխատելու միջոցները, որ նման ստոր ճանապարհով են փորձում մարդկանց գրպանները մտնել»: Եվ, իսկապես, եթե արագաչափերին, կարմիր գծերին, գազի ու էլեկտրաէներգիայի, ուսվարձերի թանկացմանը նայենք այս տեսանկյունից, ամեն ինչ տեղն է ընկնում: Ուտելու ենթակա վարկերը նվազել են, միջազգային դրամաշնորհները` պակասել, ծախելու-սեփականաշնորհելու բան չի մնացել, բիզնես ոլորտը, որից փող էին քամում, նեղացել-կենտրոնացել է մի քանի՝ հարկման ոչ ենթակա անձանց ձեռքին, ինչի՞ց փող աշխատեն: Միակ բանը, որ չի նվազել, «ախորժակն» է՝ հարստանալու, կապիտալը բազմապատկելու, տասնապատկելու, հարյուրապատկելու մարմաջը: Եվ գտել են ելքը շարքային քաղաքացու գրպանը մտնելու ճանապարհով: Ովքե՞ր են ամենից շատ տուժում գազի, ուսվարձի թանկացումից, արագաչափերից, կարմիր գծերից՝ միջին կոչված եւ ոչ մի կերպ չձեւավորվող խավը` տաքսիստներ, շարքային ծառայողներ, ուսանելու տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներ: Իսկ օրական 5-10 հազար դրամ աշխատող տաքսիստի համար ամսական 3-4 տուգանայինը՝ 5 հազարական դրամով, շոշափելի կորուստ է, կենսամակարդակի իջեցման լուրջ գործոն: Այս` օդից փող քամողների ձեռքը պետք է բռնել: Քանի դեռ ուշ չէ: Քանի դեռ երկիրը չենք կորցրել:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ