Ստեփանը երազում է քայլելու մասին

Ստեփանը երազում է քայլելու մասին

Փոքրիկ Ստեփանը մանկուց հաշմանդամ է, 7-ամյա աշխույժ, բայց ամաչկոտ այս տղան երբեք ինքնուրույն չի քայլել, թեեւ նրա հիվանդությունը բուժելի է. այսպես են հավաստում Ստեփան Արչյանի ծնողները: Տղայի 2 ոտքերը գրեթե չեն գործում, միայն վերջին մի քանի ամսում փոքր-ինչ տեղաշարժ կա, այն էլ` վերականգնողական կուրսերի, բուժական մերսումների ու ֆիզկուլտուրայի շնորհիվ միայն:



Փոքրիկ Ստեփանի հիվանդության պատճառը, ըստ ծնողների, այն է, որ վերջինս 6 ամսական է ծնվել, եւ ստորին վերջույթները լրիվ զարգանալ չեն հասցրել, սակայն մայրն այլ վարկած եւս ունի, համաձայն որի` հնարավոր է, որ իր երեխան լիովին առողջ է եղել, բայց երեխայի ոտքերը վնասվել են ծննդաբերության պահին` բժիշկների մեղքով:



Ստեփանը բազմազավակ ընտանիքի երրորդ երեխան է, միակ տղան: Հայրը` Աղասի Յավրյանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներից է, իր սեփական տունն է ունեցել Վանաձորի քիմգործարանի տարածքում` տրված պետության կողմից` զինվորական լինելու համար: Սակայն տարիներ անց նույն այդ պետությունն էլ հետ է վերցրել իր տրամադրած տունը, եւ 7 տարի առաջ երեխաների հետ միասին Աղասին հայտնվել է փողոցում, իսկ հետո արդեն` Վանաձորի հանրակացարաններից մեկում` 5 հոգու համար չափազանց նեղ մի սենյակում`զուրկ կոմունալ հարմարություններից ու լի տարատեսակ անհարմարություններով:



Աղասիի ավագ դուստրը` 13-ամյա Մարիաննան, իրենց ապրելակերպի մասին խոսելիս նշում է, որ ապրում են առնետների հարեւանությամբ, եւ որ կյանքը հանրակացարանում դժվար է, շատ դժվար, բայց ուզում է միայն, որ եղբայրը բուժվի: Նույն ցանկությունն ունի նաեւ կրտսեր դուստը` 9-ամյա Միլենան: Ինքը` Ստեփանն էլ է երազում քայլելու մասին, խոսում է հստակ, բայց ամաչում է մարդկանց հետ շփումից: Մայրը պատմում է, որ տղան քայլելու մասին է խոսում միշտ, ամեն օր:



Աղասի Յավրյանը ասում է, որ Ստեփանին բուժող բժիշկը խոստացել է երկու վերականգնողական կուրսերից հետո Ստեփանին իր ոտքով տուն ճանապարհել: «Իմ էրեխի խնդիրը բուժվող է, հեչ չլինի` վիրահատությամբ հնարավոր է բուժել, բայց բժիշկն ասեց` առանց վիրահատության հնարավոր է քայլի, հիմա մայիսին երեխան բուժման մի կուրսն անցավ, 3 ամիս հետո երկրորդին էինք գնալու, մինչեւ էս ամսի վերջ գնալու ենք, բայց մայիսին Ստյոպիկս 6 տարեկան էր, բուժումն ու ամեն ինչ անվճար, հիմի արդեն 7 է դառել, ամեն ինչի համար փող ենք տալու, իսկ էնտեղ մենակ պրոֆեսորի մոտ խորհրդակցությունը, որ 10 րոպե զննի երեխային, 20-25 հազար դրամ արժի, տաքսիներով ենք տանելու-բերելու, մի 20 օր կուրսն է տեւում, էնտեղ սնվել էլ է պետք, դե հաշվեք…»,-եզրափակեց Ստեփանի հայրը: Նշված վիրահատությունը, որը վերջնականապես կլուծի խնդիրը, արժե 480 հազար դրամ, բայց վիրահատությունն էլ խորհուրդ է տրվում անել վերականգնողական 2 թերապիաներից հետո միայն:



7 տարի հանրակացարանի խոնավ սենյակներում բնակվող ազատամարտիկի այս ընտանիքն ապրում է հաշմանդամ երեխային տրվող 18 հազար դրամ թոշակով ու 35 հազար դրամ ընտանեկան նպաստով, որն էլ այսուհետ չեն ստանալու, «կտրել են», ասում է 3 անչափահաս փոքրիկների մայրը, քանի որ ընտանիքի հայրը` Արցախյան ազատամարտի մասնակիցն ու հերոսն արդեն մեկ ամիս աշխատում է որպես գիշերային պահակ` հարեւանությամբ գործող կառույցներից մեկում, ստանալով ամսական ընդամենը նույն 35 հազար դրամը:



Ընտանիքն այժմ խնդրում է աջակցություն` փոքրիկ Ստեփանին Երեւան տեղափոխելու եւ վերականգնողական թերապիայի վճարման համար` ընդհանուր առմամբ 60 հազար դրամի չափով: Ծնողները նշում են, որ երեխայի մոտ զգալի տեղաշարժ կա վերականգնողական առաջին կուրսից հետո, այժմ նա կարողանում է ինքնուրույն շարժել ոտքերը ու շատ ավելին:



Ստեփանի հայրը եւս մեկ խնդրանք ունի` ոտքերի մերսումների համար խիստ անհրաժեշտ է եռանիվ հեծանիվ, որն այժմ չի արտադրվում, ոչ էլ վաճառվում է, ու այն չեն կարողացել գտնել Վանաձորում, հիմա նման «հնացած» հեծանիվները երեխաներին պետք չեն, սակայն Ստեփանին այն շատ է հարկավոր: Ստեփանին նաեւ մարդկային ուշադրություն ու հասակակիցների հետ շփում է պետք, բնակարանային բարեկեցիկ պայմաններ ու գումար, որ նա կարողանա քայլել ու ժպտալ նաեւ:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



 Լոռու մարզ