Նոր մանրամասներ Խոսրովի արգելոցում տեղի ունեցած սպանությունից

Նոր մանրամասներ Խոսրովի արգելոցում տեղի ունեցած սպանությունից

Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն, երեկ առավոտյան, 07:05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել: «Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963թ. ծնված Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:



Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը մեզ տեղեկացրեց. «Մենք Խոսրովի արգելոցում ունենք հատուկ ջոկատ, որը 24 ժամ հսկողություն է իրականացնում ողջ տարածքում, առավոտ լուսադեմին աշխատակիցները եկել են ներս մտնելու՝ տեսել են մեր տեսուչին սպանված, որը մեր Գառնիի տեղամասի ուղեփակոցի տեսուչն էր, ծառայության մեջ, հերթապահություն կատարելիս սպանվել է»: Հովակիմյանը նշեց նաեւ, որ տարածքը տեսախցիկներով հսկվում է, որ ոստիկանները տեսաերիզները տարել են: Աշխատում է ե՛ւ Արտաշատի, ե՛ւ Կոտայքի մարզի ոստիկանությունը, իսկ ահազանգը ոստիկանություն իրենց կողմից է եղել. «Առայժմ սպանության այլ մանրամասներ հայտնի չեն, միայն կարող եմ ասել, որ երեք ամսվա աշխատող էր, շատ լավ, կարգին մարդ էր, բոլոր դրական հատկանիշները կար էդ մարդու մեջ, բոլորովին խմող չէր, հայհոյանք չէր անում, շատ կարգին անձնավորություն էր ու շատ խեղճ ապրող»:



Ո՞վ կարող էր սպանել տեսուչին, առայժմ սպանության պատճառները մնում են անհայտ, չգիտեն՝ որսագողությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ անձնական թշնամանքը կամ գուցե մի երրո՞րդ պատճառ կա: «Ես այս կարող եմ ասել, որ տրամադրված եկել էին իրեն սպանելու, որովհետեւ ստեղ որսագողի բան չկա, տեսախցիկները դա չեն ֆիքսել, երեւում է, որ թփերի հետեւից կրակում են իրա վրա, այդքանը: Ոչ մի մեքենայի շարժ, ոչ մի ավելորդություն չկա, ես էլ ոստիկանների հետ դիտել եմ էդ ամբողջը: Հենց մեր ուղեփակոցի կողքից մի 10-15 մետրի վրա խփել են: Շունը հաչացել է, ինքը դուրս է եկել եւ էդ պահին՝ կրակոց: Ժամը 20:56 րոպեին դեպքը եղել է, եւ մինչեւ առավոտ, դիակի հայտնաբերելը, ոչ մի շարժ չի եղել, տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են:  Քննություն է գնում, ավել բան չեմ կարող ասել, բայց փաստ է, որ իմ աշխատողին սպանել են: Անհասկանալի է, եւ լավ, եւ կարգին մարդ էր, չեմ կարծում, որ էդ տեսակ մարդը թշնամի ունենար, ցավում եմ, որ էդ տեսակ անշառ մարդը սպանվել է: Հուսով եմ, որ շատ մոտ ժամանակներս կբացահայտվի, եւ ամեն ինչ ջրի երես դուրս կգա: Համենայնդեպս, էս է մեր աշխատանքի վիճակը, մարդիկ 24 ժամ տարածքներում անզեն աշխատում են զինված մարդկանց դեմ, եւ պահում ենք, եւ սպանվում ենք»,- դժգոհեց Հրաչյա Հովակիմյանը:   



Իսկ Գառնի գյուղում սպանության հետեւյալ վարկածն է պտտվում, որ որսագողերը գիշերով մոտեցել են Մխիթարին, պահանջել, որ թույլ տա մտնեն արգելոցի տարածք, տեսուչն արգելել է, բացի այդ, ստիպել են տեսախցիկն անջատել, Մխիթարը դարձյալ հրաժարվել է: Վեճ ու ընդհարում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հրացանի կրակոցով սպանել են Մխիթար Սեդրակյանին: Նաեւ կրակոցով փորձել են փչացնել տեսախցիկը, ինչի մասին վկայում են մոտակայքում թափված տեսախցիկի կտորտանքները:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ