Թե ինչու Թումանյանը չուզեցավ լինել Կոմիտաս…

Թե ինչու Թումանյանը չուզեցավ լինել Կոմիտաս…

Հանճարի մայրը ժողովուրդն է, ու ժողովուրդն է մահից հետո տիրություն անում հանճարին: Ավելի քան վստահ եմ, որ նա, ով իրեն կաշկանդում է իշխանության թագավորական կապանքներով, մեծ լինել չի կարող, որովհետև շղթայվում է նրա ազատությունը: Կոմիտասը նույնացել է հայ ժողովրդի կերպարի հետ ու նրա երգերը աղոթք են հայ մարդու համար: Նա հայի սիրտն է, խիղճը, միտքը, զգայությունը, բարությունը: Աղոթքի մեծության մասին ճառեր չեն ասում, ընդամենը մարդու սրտում է ու չի իջնում նրա շուրթերից: Վահան Տեր Առաքելյանի՝ Կոմիտասի մասին հուշերից, մի հիշարժանա հատված եմ ուզում ներկայացնել, երբ Գևորգյան ճեմարանի սաներին Կոմիտասը վճռական ճակատամարտի էր տարել՝ Թիֆլիզ. « Առավոտյան ժամը 11-ին, վարագույրը բարձրացնելուց առաջ Կոմիտասը դիմեց մեզ այս խոսքերով.
- Տղե՛րք ջան, այսօր հազարներ են եկել լսելու ձեզ և հմայվելու մեր անուշ երգերի բույրով: Ապացուցենք որ նրանք զուր դրամ չեն ծախսել և զուր ժամավաճառ չեն եղել: Երբ հնչեց “Էջ Միածին ի հորե” շարականի առաջին ակորդը, դահլիճի խորհրդավոր խավարի մեջ լսվեց ոտի կանգնող հասարակության հարուցած խուլ շրշյունը, որը էլեկտրական հոսանքով վարակեց մեզ ծայր աստիճան լարելով մեր ուշիմությունը: Իսկ երբ վերջացավ այդ էֆեկտավոր համարը, և բազմահազար հանդիսականները, որոնց մեջ կային բավական թվով օտարազգիներ, որոտալի ծափահարություններով ու “կեցցե՜” և “բռավո՜” բացականչություններով թնդացրին սրահը, մեզ համակեց հոգեխինդ էնտուզիազմի սարսուռ: Հիացմունքի այդ տարերային ցույցը տևեց րոպեներ և իրար հետևից գլորվող լեռնացած ալիքների հետ ուղեկցեց այնուհետև կատարվող ամեն համարի»: Այնուհետև շարունակում է. «… Թատրոնի պայտաձև միջանցքի աջ թևի փոքրիկ դուռը բացվեց, և ծանոթ-անծանոթ տղամարդկանց հախուռն հոսանքը հորդեց դեպի բեմ՝ իր հուզումնացունց գոհունակությունը հայտնելու “կախարդ” Կոմիտասին: Դրանցից ես ոչ ոքի չէի ճանաչում, բացի Հովհաննես Թումանյանից: Սա գրկախառնության համար բաց-պատրաստ թևերով, անուշ ժպիտը երեսին, մոտեցավ Կոմիտասին ու գրկելով նրան՝ ասաց.
- Կոմիտա՛ս ջան, եթե վեղար չունենայիր, ես կուզենայի լինել Կոմիտաս:
- Վեղար չունեմ, Օհաննես, խիտ մազերս վեղարի տեղ ես ընդունում, – պատասխանեց Կոմիտասը ծիծաղելով և նրանք համբուրվեցին…
Խմբի անդամներից յուրաքանչյուրը հափշտակության զգացմունքով, հաղթական ճակատամարտին մասնակցող զինվորի պարծանքով կուզենար հետևել Թումանյանի օրինակին, եթե ակնածության գիտակցությունը պատնեշ չքաշեր նրա առաջ:
Թատրոնի գլխավոր մուտքի մոտ Կոմիտասին սպասում էր ծաղիկներով ու երփներանգ ժապավեններով զարդարված քառաձի մի կառք, շուրջը հոծ բազմություն, որը տեսնելով նրան, ծաղիկներ ու կոնֆետներ շաղեց վրան: Երբ նստեցինք ու կառքը շարժվեց, Կոմիտասը, կարծես սպառնալով մեկին, ասաց.
- Ես ձեզ ցո՜ւյց կտամ՝ “հայ ժողովուրդը ե՛րգ չունի”…
Այդ խոսքերն ունեին իրենց նախապատմությունը. Էջմիածնում Կոմիտասի բազմաթիվ օտար այցելուներից մեկն ասել էր, իբր ռուս արիստոկրատիայի մեջ տիրող կարծիք է, որ հայ ժողովուրդը երգ չունի, որ նա օգտագործում է իր հարևաններից փոխ առած երգերը միայն, որ այսպես կոչված հայ կուլտուրական երաժշտությունը, ավելի ճիշտ՝ բազմաձայն երգեցողությունը, չափազանց պրիմիտիվ է, և իր մշակույթի խղճուկ որակով հեռու չի գնում ռուսական զինվորական երգերից»:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ