Աննախադեպ դաժանություն

Աննախադեպ  դաժանություն

Տգեղ ու անվայել բան է անում դատարանը Տիգրան Առաքելյանի գործով: Առավել տգեղ ու անամոթ կարելի է կոչել իշխանությունների պահվածքն այս գործով. մի կողմից սա հասարակությանն ուղղված մարտահրավեր է, թե՝ տեսեք, կարող ենք արհամարհել այն հարյուրավոր մարդկանց խոսքն ու երաշխավորությունը, ովքեր դիմել են դատարանին՝ խնդրելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Ընդ որում՝ դիմողները հասարակության մեջ հարգված մտավորականներ են, պատգամավորներ, քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք հազվադեպ են այսպես միակամ դիրքորոշում դրսեւորում որեւէ հարցում: Մյուս կողմից մինչեւ վերջ ճզմում ու նվաստացնում է դատավորներին՝ ցույց տալով, որ նրանք ոչինչ չեն որոշում, նրանք միայն կատարողներ են՝ իշխանության կամքը կատարողներ: Երեկ վերաքննիչ դատարանն աննախադեպ պահվածք է դրսեւորել՝ թույլ չտալով Առաքելյանի փաստաբանին անգամ ավարտելու իր միջնորդությունը: Փաստաբանի խոսքը բերանում՝ դատավորը հետաձգել է նիստը: Այն դեպքում, որ համաներումը տարածվում է Տիգրանի վրա, եւ ենթադրվում էր, որ դատարանն ամեն գնով պետք է ձգտի րոպե առաջ ավարտել այս անփառունակ գործի քննությունը եւ ազատ արձակել նրան: Ի՞նչ է սա՝ ուժի ցուցադրությո՞ւն, հասարակական դիմադրությունը կոտրելու ձգտո՞ւմ, արդարադատության նկատմամբ արհամարհա՞նք: Այդ ի՞նչ նուրբ լարերի է դիպել այս տղան, որ նրան «ներում» չկա: Այդ ի՞նչ անթույլատրելի արարք է կատարել, որ երկու տարուց ավելի նստելուց հետո էլ չեն ուզում արժանացնել համաներման ուժով ազատ արձակվելուն: Ի վերջո, ի՞նչ իմաստ ունի դժգոհության այս օջախը վառ պահելը: Եթե նպատակը Տիգրան Առաքելյանի ազատ արձակմանն ուղղված ակցիաները շարունակական դարձնելն է, ապա այս պահվածքը միանգամայն հասկանալի է դառնում: