Բաց թողնված շանս

Բաց թողնված շանս

Ինչու ոչ մի շանս մենք չենք կարողանում օգտագործել: Դեպի Եվրոպա առաջ ընթանալու շանս կլինի դա, թե երկրի ներսում դեմոկրատական փոփոխություններ անելու: Եվ այդպես է բոլոր բնագավառներում: Վատ կադրերին փոխարինում են ավելի վատերը: Սխալ որոշումները սրբագրվում են էլ ավելի սխալ որոշումներով: Պասիվությանը փոխարինում է անգործությունը: Կիրակի օրը Հայաստանի գրողների միության համագումարն էր: Թվում էր՝ շանս է տրված, որ գրողների մեծ ընտանիքը վերանայի իր անցած ու անցնելիք ուղին, փորձի իրական մտավորականների գործուն եւ ակտիվ կառույց ձեւավորել: Սակայն ի՞նչ կատարվեց: Մի խայտառակ խառնաժողով տեղի ունեցավ, որի ժամանակ, ներեցեք արտահայտության համար՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Ոչ մի գրագետ ու խելամիտ ելույթ, ոչ մի կոնկրետ եւ օգտակար հարցադրում:



 



Յուրաքանչյուրն իր առաջ մի խնդիր էր դրել. ինչպես անել, որ իր ցանկալի մարդն ընտրվի ՀԳՄ նախագահ: Թե այդ անձի ընտրվելն իրեն ինչ է տալու՝ դա հարցի մի կողմն է: Թեեւ հասկանալի չէ անգամ՝ եթե հակառակ կողմի ներկայացուցիչն ընտրվեր, ինքն ինչ էր կորցնելու: Բայց ընդունենք, թե ՀԳՄ նախագահից շատ բան է կախված, եւ նրա անձը կարեւոր դերակատարում ունի ինչպես երկրի, այնպես էլ գրողական համայնքի կյանքում: Այդ դեպքում պետք է հասկացվեր, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի ՀԳՄ նախագահը, ինչ տիպի մարդ պետք է լինի, ինչպիսի ուղի պետք է անցած լինի: Թե չէ սեփական բաժակակցին նախագահ դարձնելով կամ ինչ-որ մեկի հետ խնամի-բարեկամական կապեր ունեցողին ընտրելով ինչի՞ կհասնենք:



 



Եվ եթե նման մակարդակով ու չափանիշներով են գրողները նախագահ ընտրում, ի՞նչ ենք պահանջում կամ ինչո՞ւ ենք զարմանում, երբ մի հեռավոր գյուղում 5 հազար դրամ են վերցնում եւ ինչ-որ դեգեներատի պատգամավոր դարձնում: