Երեք պառավ

Երեք պառավ

Երեկ փորձում էի մարդահամար անցկացնել՝ թվարկել, թե քաղաքական դաշտում ովքեր են մնացել, եւ ինչ պոտենցիալ կա: Այսպես ասած՝ քանի քաղաքական միավոր ունենք, որոնք կարող են դերակատարում ունենալ մեր երկրի կյանքում, վերախմբավորել իրենց ուժերը, մասնակցել ընտրություններին կամ երկրի կառավարման պրոցեսում հայտ ներկայացնել: Պարզվեց՝ դաշտն այնպես է ամայացել, որ հայտնի հեքիաթի մոտիվներով՝ երեք պառավ է մնացել. երկուսը մեռած, մեկի բերանում էլ շունչ չկա: Եկեք թվարկենք միասին. ՀՀԿ-ին միայն ադմինիստրատիվ ուժն է պահում. որ օրը զրկվեցին իշխանությունից, կդադարեն գոյություն ունենալ նաեւ որպես կուսակցություն:



 



ԲՀԿ-ն, ինչպես ասում են, մեռած է՝ թաղած չէ. ոչ գվվոցն է լսվում, ոչ բվվոցը: Բոցաշունչ ճառերից հետք չի մնացել, իսկ իրենց ամեհի առաջնորդն էլ օրումեջ սկանդալային պատմությունների մեջ է հայտնվում, ճամբարափոխ ու հեղինակազրկված գործիչների կողմից վիրավորանքների արժանանում: ՀԱԿ-ից մի քանի ֆեյսբուքյան ստատուսներն են մնացել ու լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունները: ՀՀՇ-ն այդպես էլ միս ու արյուն չստացավ: Ազատ դեմոկրատներին քչերն են այսօր հիշում:



 



«Ժառանգությունը» խորը ճգնաժամ է ապրում եւ ցնցումներից աչք չի բացում: Ըստ ամենայնի՝ շուտով կսկսվի նաեւ արտահոսքը: Դաշնակցության ճգնաժամը դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր զգալի, իսկ Վահան Հովհաննիսյանի դեսպան գնալու պատմությունից հետո ընդհանրապես ընկղմվեց ճահճի մեջ: ՕԵԿ-ի մասին խոսելն անգամ ավելորդ է: Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն ամիսներ շարունակ սպառնում են, որ նոր ուժ են ձեւավորելու, բայց ժամկետներն անընդհատ հետաձգվում են: Ո՞վ մնաց: Մի խոսքով՝ քաղաքական դաշտը կոլապսի մեջ է, եւ հայտնի չէ, թե ով եւ ինչպես է այն հաղթահարելու: