Սովետը վերադառնում է

Սովետը վերադառնում է

Բավական էր մի կեսքայլ արվեր դեպի նեոսովետիզմ, որ անմիջապես գլուխ բարձրացնեին սովետական դարաշրջանի բազում երեւույթներ ու ատրիբուտներ: Սկսած ռուսաց լեզվի ու ռուսալեզու դպրոցների նկատմամբ ակնածանքից, վերջացրած սովետական շրջանի գործիչների նկատմամբ պաշտամունքով, սովետական ժամանակներին բնորոշ միջոցառումների դեժավյուով: Ով կսպասեր, որ մեզանում մի օր միջոցառումների մի ամբողջ շարք է նվիրվելու Անտոն Քոչինյանին, ով ՀԽՍՀ մինիստրների սովետի նախագահն էր 13 տարի, եւ ում ժողովուրդը հիշում է ինչպես լավ, այնպես էլ վատ դրսեւորումներով: Չմոռանանք, որ նրան նաեւ Անտոն Բրիլյանտովիչ էին ասում:



 



Երեկ Քոչինյանի կիսանդրին են կանգնեցրել Երեւանի կենտրոնում, որտեղ վաղօրոք նաեւ փողոց էին անվանակոչել նրա անունով: Կիսանդրին էլ շատ նման է սովետի հնաբույր հուշարձաններին, որ, թվում է, անցյալի էջերից եկել-հառնել է Երեւանի կենտրոնում: Թերեւս երկրի ընդհանուր մթնոլորտն է այսպիսին՝ համաժողովների, համագումարների, հանդիսավոր նիստերի տրամադրող, ու նաեւ դա է պատճառը, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ՀՅԴ հիմնադիր Սիմոն Զավարյանի 100-ամյակի միջոցառումների շարք է անում: Ու թեեւ այս դեպքում խոսքը սովետական գործչի մասին չէ, բայց միջոցառումների բնույթը, ձեւը, բովանդակությունը ախր շատ է սովետական:



 



Սա 70-ամյա ծանր ժառանգության հետեւանքն է, երբ սովետական պաթետիզմից ու կեղծ հոբելյանական արտիստիզմից ազատվել չի ստացվում: Անգամ եթե կազմակերպիչները ոչ մի կապ չունեն սովետի ու նրա ժառանգության հետ: Ես վախով եմ հետեւում, թե ուրիշ ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում, եթե Ռուսաստանի հետ սիրախաղերը շարունակություն ունենան: Բրեժնեւյան ժամանակաշրջանի դանդաղաքայլ վերադարձը մի լավ բան չի խոստանում: