Քաղաքական կուսակցությունները՝ ՀՀՇ-ի մասին

Քաղաքական կուսակցությունները՝ ՀՀՇ-ի մասին

Այսօր տեղի ունեցավ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերածննդի համագումարը: Համագումարին, թեև բոլոր ընդդիմադիր կուսակցություններն էին հրավիրվել, բայց ներկա էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը և այլոք։



 



«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով՝ ՀՀՇ-ի վերածնունդը նոր սկիզբ է, նաև՝ վերադարձ դեպի երրորդ հանրապետության ստեղծման ակունքները: «Ժողովրդական խոսքի համաձայն արդարությունը ունենում է երկու թամբ, արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարը՝ ուզած ուղղությամբ: Ես համոզված եմ, որ այն գործընթացը, որը դուք նորից սկսել եք ոչ միայն քաղաքական է, այլև՝ արդար, բարոյական և շիտակ»,– ասաց Արամ Սարգսյանը։



 



 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ նրանց հետ ինքը քաղաքական որոշակի ճանապարհ է անցել, համագործակցել նրանց հետ, բարիկադների նույն կողմում եղել: «Չնայած ՀՀՇ կուսակցությունն իր իշխանության տարիներ հակասական արդյունքեր ցույց տվեց, բայց սեղանի շուրջ նստած անձնավորությունները ՀՀՇ իշխանությունից հետո ղեկավարեցին այն, և սխալները, որոնք կային՝ ուրիշների սխալները, ովքեր կերակրատաշտից օգտվեցին, չդարձան պատճառ, որ այս մարդիկ սկզբունքային չմնան»,– ասաց նա: Ժառանգություն» կուսակցության մեկ այլ անդամ Ռուբիկ Հակոբյանն էլ, նշեց, թե միշտ էլ կողմ է նոր կուսակցության ստեղծմանը։ «Միշտ էլ կարող են կուսակցություններ ստեղծվել քաղաքական դաշտում այն պայմաններում, եթե նրանք ունեն համակիրների բանակ և գաղափարախոսություններով կարող են շահել և տեղ ունենալ այդ քաղաքական դաշտում, ուրեմն պետք է լինեն»,- ասաց նա։ Հարցին, թե Աստված երրորդություն է սիրում, գուցե հնարավոր է, որ ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» հետո Ռուբիկ Հակոբյանը նաև միանա ՀՀՇ-ին, պատասխանեց. «Եկեք Աստծո երրորդությունից չխոսենք, մի բան կարող եմ ասել, 20 տարի և ավել քաղաքականության մեջ եմ եղել, և այն սկզբունքները, որոնք ունեցել եմ որևէ մեկը չի կարող ասել, որ դրանցից փոքր-ինչ հեռացել եմ»։ Ճիշտ է խմբակցության ղեկավար լինելուց Ռուբիկ Հակոբյանը հրաժարվել է, բայց կրկնեց, որ այս պահին կուսակցությունից դուրս գալու մասին չի մտածում։



 



«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը հայտարարեց, թե հույս ունի, որ ՀՀՇ-ն կվերադառնա իր նախկին՝ որոշում կայացնելու սկզբունքին և երկում ի վերջո կհաստավի սահմանադրական կարգը։ Նա նշեց, թե լինելով նախկինում ՀՀՇ անդամ մինչև 1997 թ-ը, մեծ է գնահատում ՀՀՇ-ի դերը երրորդ հանրապետության կայացման գործում։ «Հիմնական ներդրումն է ունեցել երրորդ հանրապետության կայացման համար՝ հատկապես ճգնաժամից դուրս գալու, և ակնհայտ է, որ երբ ՀՀՇ-ն ունեցել էր կոլեգիալ ղեկավար մարմին, և չէր կարող մի որոշում ընդունել առանց այդ մարմնի»,- ասաց նա և կրկնեց, թե այդ սկզբունքով էլ վերածնված կուսակցությունը կշարունակվի և երկիրը դուրս կբերի այս վիճակից։ Համագումարին պետք է մասնակցեին նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և ՀՅԴ-ի ներկայացուցիչներ, սակայն նրանք բացակայում են քաղաքից: