Խնջույքային հարաբերություններ

Խնջույքային  հարաբերություններ

Որ կողմ նայում ես՝ մանր-մունր մարդկային կրքեր են, նեղ անձնական վիրավորանքներ, դրանց վրա խարսխված ինտրիգներ: Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան կոնֆլիկտն այդքան չէր մեծանա, եթե ԲՀԿ առաջնորդի տղամարդկային արժանապատվությունը խոցված չլիներ: Նախօրեին Կոմպոզիտորների միության նախագահ կընտրվեր Ռոբերտ Ամիրխանյանը, եթե մի խումբ հայտնի երգահան-երաժիշտներ վիրավորված չլինեին Ամիրխանյանի պահվածքից, որակումներից:



 



Նորաստեղծ ՀՀՇ-ն ու ՀԱԿ-ի վերածված ՀՀՇ-ականները եւս չեն ներում տարիներով կուտակված վիրավորանքները եւ հիմա կռիվ են տալիս ՀՀՇ անվանման ու իրավահաջորդի տիտղոսի համար: Երբ փորձում ես խորանալ, թե ինչ վիրավորանքներ են դրանք, պարզվում է՝ պարզ մարդկային, կենցաղային բնույթի տարաձայնություններ են:



 



Ոչ մի գաղափարական անհամաձայնություն: Գաղափարազուրկ հակասությունների մասին է վկայում նաեւ այն, որ ծայրահեղ հակադիր հայացքների տեր մարդիկ մեկ էլ տեսնում ես՝ միավորվեցին մի կազմակերպության շրջանակներում, դաշինքներ ստեղծեցին, երկխոսություն ծավալեցին, մտերմացան նախկին հակառակորդի հետ:



Բայց մեր քաղաքական դաշտի անսկզբունքայնության ամենավառ ապացույցը մեր սեղաններն են, բարեկամական կապեր հաստատելու ֆանտաստիկ կարողությունը, երբ ՀՀՇ-ականն ու ՀՅԴ-ականը, ԲՀԿ-ականն ու ՕԵԿ-ականը, ՀՀԿ-ականն ու ժառանգականն այնպես են սերտաճում, այնպես են իրար պաշտպանում, թեւ ու թիկունք դառնում, որ հասկանում ես՝ գաղափարական ընդհանրությունը, սկզբունքների ու հայացքների իրական միասնությունը հենց սա է:



Իսկ տարբեր բեմերից ու ամբիոններից հնչող քննադատությունները միմյանց հասցեին, իրար հետ հակամարտելու արտիստիկ փորձերը, իրար սխալներ չհանդուրժելու տեսարանները պարզապես ակցիաներ են՝ ուղղված հանդիսատեսին, իմա՝ հասարակությանը: