Ստատուսագիր Աշոտյանը

Ստատուսագիր Աշոտյանը

Որոշ կարկառուն ՀՀԿ-ականների ցինիզմով դժվար կլինի մեր ընթերցողին զարմացնել. այս տարիներին այդ որակի ավելցուկն այնքան շատ է եղել, որ բոլորս սովորել ենք դրան: Բայց այն, ինչ երեկ արել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինձ՝ որպես խմբագրի, հունից հանեց. Երբ համացանցում հայտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, մենք որոշեցինք, որ ՀՀ հիմնադիր նախագահի կարծիքն այնքան կարեւոր է, որ արժե որոշ քաղաքական գործիչներից մեկնաբանություններ ստանալ, հատկապես այն պնդման հետ կապված, որ Հայաստանը թե Արեւմուտքում, թե Ռուսաստանում այժմ ընկալվում է որպես «անվստահելի գործընկեր»:



 



«Հրապարակի» լրագրողը փորձել էր խոսել ՀՀԿ-ի տեսակետն արտահայտող որեւէ անձի հետ եւ մեծ թվով անձանց ապարդյուն զանգահարելուց հետո կապվել էր Արմեն Աշոտյանի հետ: «Նորին գերազանցությունն» անչափ վրդովվել էր, որ հանդգնել էինք զանգահարել նրան, եւ ասել էր. «Ես ասացի, որ իմ ասելիքն արդեն հայտնել եմ, իսկ դուք ոչ միայն խախտել եք բարեկրթության սահմանները եւ բջջային հեռախոսին զանգահարել, այլեւ ես Ձեզ ասում եմ՝ ցտեսություն, իսկ Դուք համառաբար շարունակում եք:



 



Կարծում եմ՝ դա իրականում լրագրողական էթիկայի խախտում է նաեւ, ցտեսություն»: Նախ ուզում ենք հիշեցնել սույն «պարոնին», որ բջջայինը կապի միջոց է, իսկ 21-րդ դարում՝ լրագրողի համար աշխատանքային գործիք: Երկրորդ՝ ինքը պարտավոր է պատասխանել մեր հարցերին ոչ միայն այն պատճառով, որ հաշվետու է հասարակության առաջ, այլեւ սնվում է մեր, մասնավորապես իրեն զանգահարած լրագրողի վճարած հարկերից: Եվ երրորդ՝ եթե սույն «բազմազբաղ» անձը ժամանակ ունի ամբողջ օրը «Ֆեյսբուքում» ստատուսներ գրելու, ուրեմն կարող է ժամանակ գտնել նաեւ լրագրողի հարցերին պատասխանելու: Ինչքան էլ դրանք տհաճ լինեն: