Անհաղթ աքլորները

Անհաղթ աքլորները

Հացադուլ, նստացույց, երթ, բողոքի ակցիա: Այս ու այնտեղ ծագող դժգոհության օջախները չեն մարում, չնայած մարդիկ արտագաղթում են, հուսահատվում, պայքարն անիմաստ համարում, ձերբակալվում: Դա խոսում է մեր ժողովրդի կենսական ուժի անսպառ լինելու մասին: Եթե դարեր շարունակ օտար հրոսակները չեն կարողացել բնաջնջել մեզ, կոտրել մեր կամքը, ձուլել իրենց հետ, տեղահան անել, ինչպե՞ս կարող են հայազգի իշխանությունները ոչնչացնել հայի ոգին ու պայքարի կամքը:



Մոտ երկու ամիս Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներին ոչինչ չխանգարեց, որ տարբեր ուժգնությամբ, բայց տեւականորեն առաջ տանեն իրենց պայքարը եւ շարունակեն պահանջել քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հրաժարականը:



 



Եվ եթե Տարոն Մարգարյանն ու կամպանիան կարծում է, որ, միեւնույն է՝ մի օր նրանք կհոգնեն, կհաշտվեն այն մտքի հետ, որ իրենց պահանջը չի կատարվելու, եւ կգնան տուն, չարաչար սխալվում են: Սրանք հոգնող տեսակ չեն: Սրանց միտքն արթուն է, ֆանտազիան՝ անսպառ: Վաղը պայքարի նոր ձեւեր կմտածեն, նոր խմբերի կընդգրկեն, նոր պահանջներ առաջ կքաշեն: Երեւում է՝ Տարոնը մանկական տարիներին «Անհաղթ աքլորի» պատմությունը լավ չի սերտել, չգիտի, որ սրանց ոչ կուլ տալ կլինի, ոչ մարսել:



 



Սրանց հետ պետք է «պայքարի» այլ ձեւեր գտնել: Ավելի շուտ՝ պայքարը պետք է փոխարինել համագործակցությամբ, գնալ կոմպրոմիսների, վերջապես՝ համոզել ու բացատրել, այլ ոչ թե ոստիկաններին շարել քաղաքապետարանի դեմն ու վարագույրների ետեւից ծիկրակելով հետեւել, իսկ շենք էլ մտնել հետնամուտքից ու հսկա թիկնազորի ուղեկցությամբ: Եվ չկա մեկը, որ ասի՝ ախր, Տարոն ջան, գոնե հայրիկիդ հիշիր, մարդն այդքան տարի վարչապետ աշխատեց, ապրեց իր նախկին տանը, բաց ու ազատ շրջում էր, հարեւանների հետ նարդի խաղում: