Խավարում դուք եք

Խավարում դուք եք

«Չափազանց կործանարար եւ կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձեւերն ու երեւույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից… Այս երեւույթը ծայրաստիճան նողկալի է եւ վիրավորական յուրաքանչյուրի համար, անգամ շատ քիչ բարեպաշտ մարդու, առավել եւս անընդունելի է քրիստոնյաների համար…



 



Ամբողջ ճանապարհը, որով անցել եւ անցնում է այս կործանարար «մշակույթը», որն ահռելի թվով երիտասարդների կարճ ճանապարհով տանում է դեպի խավար դժոխք, ծածկված է ամենանողկալի, ամենասարսափելի մահացու մեղքերի խայտառակությամբ. դա բազմապիսի պոռնկական այլանդակություններն են, սիրո լիարժեք «ազատությունը», այսինքն՝ ամոթի մերժում, ամեն տեսակ ստոր կրքերի ու ցանկությունների լիակատար սանձարձակություն… Այսպիսով, ուղղափառ քրիստոնյայի նույնիսկ «ամենաթեթեւ» հափշտակությունը ռոք մշակույթով, նշանակում է հավատի ուրացում, Աստծուց հեռացում, կործանարար հմայք, հաղորդակցություն խավարի հոգիների հետ, խաղեր սատանայի հետ: Շտապիր խոստովանել այդ հափշտակությունները եւ այլեւս մի՛ առնչվիր դրանց հետ»:



 



Այս տողերը վերցված են Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական՝ qahana.com կայքից: 21-րդ դարում, երբ աշխարհի շատ եկեղեցիներ հենց իրենց պատերի ներսում են դիսկոտեկաներ կազմակերպում, նոր ձեւեր փնտրում՝ հավատացյալներին գրավիչ դառնալու, երիտասարդներին հավատքի ու կրոնի դաշտ բերելու համար, մեր եկեղեցին միջնադարյան ինկվիզիցիայից այս կողմ չի զարգացել: Հետաքրքիր է իմանալ՝ ո՞վ է այս խայտառակ տեքստի հեղինակը, որն ատում է միլիոնավոր մարդկանց գերող երաժշտությունն ու այն չարիք համարում: