Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին

Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին

Հարգարժան պարոն Ալեքսանյան. Օրերս մենք ուրախությամբ տեղեկացանք Ձեր հերթական բարեգործական նախաձեռնության մասին եւ կարծում ենք, որ մեր համագործակցությամբ կարող ենք օգտակար լինել Ձեզ՝ իրականացնելու Ձեր ծրագիրը:






ԱԺ-ում տված Ձեր վերջին հարցազրույցներից մեկում Դուք պատրաստակամություն էիք հայտնել «Երեւան Սիթի» խանութների ցանցերի գովազդի արդյունքում տնտեսված մոտ 20 միլիոն դրամն ուղղորդել Հայաստանի բուհերում սովորող անապահով ընտանիքների բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ինչը մենք եւս շատ կարեւոր նախաձեռնություն ենք համարում: Իսկապես, «Երեւան սիթի» խանութների ցանցը, որը նաեւ ուսանողության կողմից սիրված առեւտրային կենտրոններից է,գովազդային մեծ ծախսերի կարիք չունի, իսկ անապահով ուսանողներին տրամադրված ուսման վարձերի գումարները կարող են նոր կապ ստեղծել Ձեր գործունեության եւ ուսանողության միջեւ:






Մեր` «Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է 2011թվ-ին, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների կողմից, ի տարբերություն շատ կազմակերպությունների, չի գոյատեւում գրանտային միջոցների հաշվին եւ ձեռնարկելով բազմաթիվ բարեգործական միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ եւ այլն, մենք կարողանում ենք կուտակված միջոցներով օգտակար լինել երեխաների եւ ուսանողների բազմաթիվ խնդիրների լուծմանը:






Տեղեկանալով Ձեր նախաձեռնության մասին, մեզ են դիմել բարձր առաջադիմությամբ սովորող, բայց անապահով ընտանիքների բազմաթիվ ուսանողներ, որպեսզի մեր եւ Ձեր համագործակցության միջոցով կարողանանք օգտակար լինել իրենց: Այդ ծրագիրը խիստ նպատակային իրագործելու համար մենք պատրաստ ենք Ձեզ տրամադրել տարբեր բուհերում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների ճշգրտված ցուցակները, որոնք, բնականաբար, կարող են ստուգվել Ձեր գրասենյակի կողմից:






Մենք պատրաստ ենք կազմակերպել նաեւ հանդիպում այդ ուսանողության հետ, որպեսզի Դուք համոզված լինեք Ձեր կողմից տրամադրվող գումարների ճիշտ օգտագործման հարցում: Եթե կարեւոր կհամարեք մեր մասնակցությունը Ձեր նախաձեռնությանը, մենք կարող ենք ցանկացած օր հանդիպել Ձեր ներկայացուցիչների հետ եւ քննարկել համատեղ գործողությունների ծրագիրը: Շնորհակալություն:






«Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպություն 13.11.2013թ Երևան