Մեկ ամիս է՝ լուր չունեն

Մեկ ամիս է՝ լուր չունեն

 Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանից արդեն մեկ ամիս որեւէ տեղեկություն չունի ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: ԿԽՄԿ մամուլի ծառայությունից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ ուղղությամբ են ընթանում բանակցությունները հակառակ կողմի հետ:



 



«Բանակցությունները մեզ մոտ, ինչպես հայտնի է, կոնֆիդենցիալ եղանակով են ընթանում: Բայց ասեմ, որ բոլոր հավանական սցենարների դեպքում մեր ուշադրության կենտրոնում ռազմագերին է եւ նրա վերջնական որոշումը»: Նշենք, որ, ըստ արդեն իսկ հրապարակված տեղեկությունների, Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:



 



Այդ որոշումը, սակայն, վերջնական չէ եւ, ինչպես երեւում է, ձգձգվում է: Նշենք նաեւ, որ վերջին անգամ Ինջիղուլյանին տեսակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչները` հոկտեմբերի 14-ին: Այդ հանդիպման ժամանակ Կարմիր խաչի աշխատակիցներն Ինջիղուլյանին են հանձնել ընտանիքի նամակը, ինչպես նաեւ ռագմագերու նամակն են փոխանցել նրա ընտանիքին: Հանդիպումից այլ մանրամասներ չեն ներկայացվել:



 



Կարմիր խաչի լրատվական ծառայության աշխատակիցն ասաց, որ տեսակցությունների կոնկրետ գրաֆիկ չկա, եւ դեռ հայտնի չէ, թե հաջորդ հանդիպումը երբ կլինի: Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը հակառակորդի տարածքում հայտնվել էր օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով:



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ



[email protected]