Ռուսների խաթրին չեն կպնում․ կառավարության հրաժարականն են պահանջում

Ռուսների խաթրին չեն կպնում․ կառավարության հրաժարականն են պահանջում

 Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը խորհրդարանական եւ արտախորհրդարանական որոշ ուժեր միանշանակ չեն ընդունել:



 



ՀԱԿ-ը նախօրեին հաղորդագրություն տարածեց, որ նախապատրաստվում է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել եւ ԱԺ ոչ իշխանական խորհրդարանական ուժերին կոչ է անում միանալ նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանականներին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն։



 



ՀԱԿ-ը, տարածած հայտարարության մեջ անդրադառնալով գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակին եւ «ՀայՌուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքին, դատապարտել է ՀՀ իշխանությունների կողմից Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը: Այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով էլ նա փորձելու է օգտվել սահմանադրական իրավունքից  եւ կառավարությանն անվստահություն հայտնել: Մինչդեռ «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ այլ համաձայնագրեր, որոնք այսօր ԱԺ արտահերթ նիստում կվավերացվեն իշխող մեծամասնության կողմից, կնքվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, դեկտեմբերի երկուսին՝ վերջինիս հայաստանյան այցի օրը:



 



Ինչեւէ, նշենք, որ ՀՀ Սահմանադրության 84 հոդվածի համաձայն՝ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից։ Այսինքն, 44 ստորագրությամբ միայն այս նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել: Միանալո՞ւ են ՀԱԿ նախաձեռնությանը, թե՞ ոչ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը՝ երեկվա դրությամբ դեռ անորոշ էր: ՀՅԴ-ից պատգամավոր Աղվան Վարդանյանը մեզ հայտնեց, որ քաղաքում չեն եղել, դեռ չեն քննարկել, ինչը, ամենայն հավանականությամբ, կանեն այսօր առավոտյան՝ ֆրակցիայի նիստում: ԲՀԿ-ն նույնպես չի քննարկել, բայց խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը չխուսափեց իր կարծիքը հայտնելուց. «Գիտեք, քննարկել եւ դիրքորոշում հայտնելը, այդ նախաձեռնությանը միանալ-չմիանալը կախված չէ նրանից՝ լավ է աշխատում կառավարությունը, թե վատ: Բոլորը գիտեն, որ վատ է աշխատում, պետք է քննարկել եւ իրատեսականությունը, պահը, թե երբ բարձրացնել այդ հարցը, ես հասկանում եմ ՀԱԿ-ին, այդ հարցը չբարձրացնել էլ չի լինի, որովհետեւ երկիրը գնալով կոլապսի է ենթարկվում, բարձրացնելը եւ արդյունք չստանալը եւս մի բան չէ, այդպիսով ընդամենը հասարակությանը ցույց կտրվի, թե ինչպիսի կառավարություն ունենք: Այնպես որ, շատ գործոններից է կախված մեր միանալ-չմիանալը»: Պատգամավորի խոսքով՝ օր առաջ կառավարության հրաժարականն օգուտ է երկրին. «Ես կարծում եմ՝ ճիշտ կանի, որ խորհրդարանական մեծամասնությունն այս գործը ձեռնարկի, որովհետեւ միայն այդ դեպքում է իրատեսական նման գործընթացը»: Մարգարյանն այդուհանդերձ հրաժարվեց «երկու բառով» բնորոշել աղմկահարույց համաձայնագրերը՝  նշելով, որ այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ դիրքորոշումը հստակ կհայտնի: Երեկ, ավելի ուշ, ԲՀԿ-ից հայտնեցին, որ ընդունում են ՀԱԿ բոլոր հիմնավորումները եւ միանալու են նախաձեռնությանը: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից «Ժառանգության» տեսակետը լսել չկարողացանք, իսկ ահա արտախորհրդարանականներից Պետրոս Մակեյանը՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը, չի կարծում, որ թիրախը ճիշտ է ընտրված. «Ո՞վ է կառավարությունը, իրենից ի՞նչ է ներկայացնում, երկիրը մեկ մարդ է ղեկավարում, ում «պապան» Պուտինն է, ինչ ասում է, նա էլ կատարում է, իսկ մնացածներն ընդամենը սպասարկողներ են»:



 



Մակեյանի խոսքով, ինքը եւ իր կուսակիցները չեն վստահում ՀԱԿ-ին: «Իրենք ժողովրդին խաբել են, այժմ այդ ուժերը ձեւեր են թափում եւ ջրի երեսին մնալու խնդիր են լուծում, իրականում իրենք սպասարկում են հենց Ռուսաստանին: Այդ պայմանագրերը քանի որ Ռուսաստանն է հանձնարարել, որ մենք ստորագրենք, հիմա ռուսների խաթրին չենք կպնում, բայց կառավարությանը… դե, կառավարությունն ի՞նչ է, մանր ոտք է, իրեն կպնում են: Հիմա էդ ուժին ո՞նց կարելի է վստահել եւ արձագանքել,- հարց է հնչեցնում Մակեյանը, ապա նաեւ պատասխանում:- Որեւէ արձագանք, բնականաբար, անիմաստ է, իրենք չորս տարի ժողովրդին թեւաթափ արեցին, հիմա ընկել են՝ երեսին մնալու խնդիր են լուծում»: Անդրադառնալով աղմկահարույց պայմանագրերին, Մակեյանն այն գնահատեց այսպես. «Դրանք խայտառակություն են, Ալիկ Արզումանյանը շատ ճիշտ է նկատել, դա կապիտուլյացիա է, որը մի ամբողջ պետության, ժողովրդի վզին են փաթաթում»:



 



ՀԳ - Ի դեպ, երեկ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրերը՝  ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» եւ այլն: Սրանք հենց այն պայմանագրերն են, որոնք նախօրեին ԱԺ-ում կապիտուլյացիոն ու հակասահմանադրական էին որակվել:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ