Արագ-արագ ողջունելու ժամանակը

Արագ-արագ ողջունելու ժամանակը

Ես մի առիթով ողջունեցի իմ հարևաի ընտրությունը, որ «Տոյոտա» էր գնել և ոչ «Ռենջ Ռովեր»: Հարևանիս առաջին քայլը եղավ սեփական հետույքը կսմթելը, որ աչքս չկպնի: Ես, բնականաբար, վատ զգացի, մանավանդ որ նրա քայլը ողջունել էի ոչ շահադիտական նպատակով; Ինքս էլ մեքենա ունեմ և նրա «Տոյոտային» չեմ մնացել, որ առավոտյան ինձ գործի իջեցնի: Ամեն դեպքում,հարևանիս բացասական լիցքերը չեզոքացրեցին իմ բոլոր դրական լիցքերը և ես մնացի առանց լիցքի՝ հիմար վիճակում: Եվ ես որոշեցի այլևս այդ հարևանիս որևէ քայլը չողջունել:



 



ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, ով երևի իմ փորձառությունը չունի, լիաթոք ողջունել է երիտասարդների նախաձեռնությունը՝ կապված կուտակային կենսաթոշակի նոր օրենքի հետ.  «Մենք էլ ուրախանում ենք, որ տեսնում ենք նման նախաձեռնություններ կան, նման երիտասարդներ կան, որոնք հրապարակ են իջել. հասարակությունը արձագանքում է, հետադարձ կապը կա»: Երանի թե Արամ Մանուկյանն այստեղ կանգ առներ: Բայց քաղաքական գործիչը, որի մի գործառույթն էլ հարկ եղած դեպքում մարդկանց հրապարակ բերելն է, իրենց ոտքով հրապարակ իջածներին տեսնելով՝ ասում է. «Առնվազն՝ պետք է խելոք չլինել, որպեսզի չօգտագործել այս հնարավորությունը»:



 



Քաղաքական մտքի համաշխարհային հսկաները, վստահաբար, կոմայի մեջ կընկնեին, տեսնելով մի երկիր, որի քաղաքական ուժերը քայլում են ժողովրդի հետևից: Այս նոնսենսը երևի միայն Հայաստանում կարող էր իրականանալ:



 



Բայց մենք ողջունելու հետ կապված խնդիր չունենք: Ողջունում ենք մեր քաղաքական ուժերին, որոնք ողջունում են ժողովրդի նախաձեռնությունը և ուրախանում են, որ իրենց համար հնարավորություն է ստեղծվել այդ ամենը օգտագործելու:



 



Էդ.Ա.