100 տարվա հիշողություն

100 տարվա հիշողություն

 «Ման Փիքչերս» Ստուդիոյի տնօրեն, կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի «Հիշատակի պատը» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ պատմում է այն 18 հումանիստների մասին (Յոհաննես Լեփսիուս, Արմին Վեգներ, Հենրի Մորգենթաու, Անատոլ Ֆրանս, Ֆրանց Վերֆել, Ֆրիտյոֆ Նանսեն, Կլարա Բարտոն եւ այլք), որոնց անունները փորագրված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատին։ Ֆիլմի նկարահանումներն էլ արվելու են 17 երկրներում, ներառյալ Հայաստանը։ Ֆիլմը նախատեսված է ավարտել 2015-ի ապրիլին։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Մանվել Սարիբեկյանը, երկար ժամանակ է, ինչ ուներ ցանկություն՝ ձեռնամուխ լինելու մի նախագծի, որը պիտի առնչվեր Հայոց ցեղասպանության թեմային ու ներկայացվեր հենց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ 



 



Ֆիլմի ռեժիսորն Արամ Շահբազյանն է, սցենարիստը` Գնել Նալբանդյանը, մասնակցությամբ Համբարձում Համբարձումյանի, խմբագիրը` Վահան Տեր-Ղազարյանը։ Ֆիլմի արտադրողն է «Ման Փիքչերս» Ստուդիոն՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ 15 այլ երկրների ընկերությունների, նաեւ աջակցությամբ ՀՀ մշակույթի, սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունների։ Հեղինակի խոսքերով, ֆիլմի իրականացման այն կառուցվածքը, որն ընտրվել է եւ կարող է հետաքրքրել այլ երկրների հանդիսատեսին, պահանջում է 500 հազար եվրո, հատկապես, որ ֆիլմը նկարվելու է 2 ֆորմատներով` կինո եւ հեռուստատեսային։ Բայց առայժմ բյուջեի 20 տոկոսի մասով աջակցություն է ցուցաբերել Ազգային կինոկենտրոնը։



Ֆիլմի գլխավոր հերոսը դանիացի պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյոնելուն է: «Ի սկզբանե մտադրված էի, որի հետ համակարծիք եղան նաեւ գործընկերներս, որ ֆիլմը ներկայացնի այլ ազգի պատմաբան, որպեսզի այն չդիտվի որպես հայերի միակողմանի տեսակետ, հատկապես որ այն փաստագրությունները, որ պիտի ներկայացվեն ֆիլմում, հենց այլ ազգի ականատեսների թողնված հուշագրություններն են, որոնք եւս մեկ անգամ կհաստատեն Հայոց ցեղասպանության իրողության անժխտելիությունը: Իսկ դանիացի պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյոնելուի ընտրությունը կատարվեց, երբ նա մինչ այդ դեռ սիրով համաձայնել էր մասնակցելու նախագծին՝ որպես խորհրդատու: Նա շուրջ 15-20 տարի է, ինչ ուսումնասիրում է ցեղասպանությունների պատմությունները եւ վերջերս տպագրեց  իր հեղինակային գիրքը` «Հայոց ցեղասպանությունը սկզբից մինչեւ վերջ» վերնագրով (ֆիլմի ստեղծումը նաեւ երախտագիտության տուրք կլինի Մեծ հումանիստների հիշատակին: Ամբողջ հայության, նախագծին մասնակից երկրների եւ երախտապարտ բոլոր ժողովուրդների անունից)»:



 



«Հիշատակի պատը» ֆիլմում հումանիստները հայտնվում են որպես մեր ժամանակակիցներ` գլխավոր կերպարի հետ դիալոգի մեջ մտնելով: Նրանց արած գործը հայտնվում է որպես արխիվային նյութ, սակայն ներկայացվում է որպես այսօր կատարվող գործողություն: Փրկվածների թոռները պատմում են այն դրվագները, որոնց շնորհիվ իրենք այսօր ապրում են:



Չնայած ֆիլմը դեռ չի մտել արտադրական փուլ, բայց դրա վրա արդեն աշխատում են 9 պատմաբան-խորհրդատուներ 6 երկրներից։ Սարիբեկյանը նշեց, որ  դժվարություններ նույնպես կան, մասնավորապես մեկուկես տարի է արդեն, ինչ չի կարողանում աշխատանքային կոնտակտ ստեղծել եւ նյութեր վերցնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, չնայած ունի նրանց գրավոր համաձայնությունը եւ պայմանավորվածությունը: «Պատճառը դեռեւս իրենց մեծ զբաղվածությունն է, թեկուզ բավականին նյութեր մեր գործընկերներ- խորհրդատուներն արդեն ուղարկել են մեզ տարբեր երկրներից: Ի տարբերություն հայաստանյան կողմի, նրանք առավել ոգեւորվածությամբ եւ պատրաստակամությամբ են այդ ամբողջն անում, նույնիսկ նրանցից մեկն իր միջոցների հաշվին Դանիայից մի փաթեթ էր ուղարկել տարբեր նյութերով: Եվ, իհարկե, ամենակարեւոր պրոբլեմը ֆինանսներ, ներդրողներ եւ հովանավորներ գտնելն է: Ցավոք, մեզ մոտ հայտնի հովանավորողներն իրենց հովանավորչությունը հիմնականում կատարում են, երբ նախագիծը ներկայացվում է որպես բարձր հովանու ներքո կամ միջնորդության դեպքում: Բայցեւայնպես, մեր այլ երկրների համատեղ արտադրող գործընկերների հետ միասին ամեն ինչ անելու ենք այն իրականացնելու համար, առավել եւս, որ արդեն ունենք նաեւ հայաստանյան մասնակից գործընկեր, հանձին Ազգային կինոկենտրոնի, որոնցից էլ ավելի մեծ սպասումներ ունենք»,- նշեց Մանվել Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ այս նախագիծը հանձնված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին դեռ 2012թ. սեպտեմբերին՝ հույսով, որ այն կներառվի նաեւ նշված պետական միջոցառումների ցանկում: Ցավոք, մինչեւ հիմա դեռ պատասխան չկա: Մինչդեռ նման նախագիծ իրականացնելու համար, բացի ֆինանսական միջոցներից, հարկավոր է նաեւ անհրաժեշտ ժամանակ, որի համար արդեն բավականին քիչ է մնացել:



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]