Համագումարից հետո՝ Եռաբլուր, ապա՝ «Իգդիր»

Համագումարից հետո՝ Եռաբլուր, ապա՝ «Իգդիր»

ԵԿՄ համագումարն այս անգամ առանձնացավ ոչ միայն Քոչարյանին ուղղված Սերժ Սարգսյանի պատասխաններով, այլեւ՝ որ առաջին անգամ համագումարին չէր մասնակցում Գրետա մայրիկը: Ինչո՞ւ` հարցրինք Արմեն Սարգսյանին: Պարզվեց` Գրետա մայրիկը դեկտեմբերին վայր է ընկել, ջարդել ոտքը:



Համագումարի հաջորդ առանձնահատկությունն էլ այն էր, որ մի շարք կարկառուն ԲՀԿ-ականներ` Բազմասեր Առաքելյանը, Լյովա Խաչատրյանը, ԲՀԿ համագումարը թողել՝ եկել էին ԵԿՄ համագումարին մասնակցելու: «Ստախանովյան» քայլերով համագումարին մասնակցելու եկող Էդուարդ Շարմազանովին ասինք` բա դու էլ նրանց փոխարեն գնայիր ԲՀԿ-ի համագումարին մասնակցելու: «Ինչքան պետք է ԲՀԿ-ի տեղը նեղ ըլնի, որ ես գնայի»: Այս համագումարում առաջին անգամ ֆուրշեթով ծանրաբեռնված սեղաններ-հյուրասիրություն չկար. կռված տղերքը նախորդ տարիներին, մինչ դահլիճ մտնելը, մի հատ «բարով տեսանք» էին խմում, հետո էլ չէին ուզում դահլիճ մտնել, ուզում էին «շարունակել», կազմկոմիտեն չէր թողնում:



Այս անգամ «կոմիտեն» պատվիրակների հյուրասիրությունը կազմակերպել էր մարզերի ռեստորաններում, որ «տղերքը հանգիստ նստեն, սրտների ուզած չափ խմեն ու ուղիղ տուն գնան»: Ինչ վերաբերում է ԵԿՄ վերնախավին, ապա Եռաբլուր այցելելուց հետո նրանք հավաքվել են «Իգդիրում», նշել  համագումարի հաջող ավարտը: