Շինարարության ոլորտում աշխատանքը կորցրել է 3 հազարից ավելի մարդ

Շինարարության ոլորտում աշխատանքը կորցրել է 3 հազարից ավելի մարդ

 Վերջին տարիներին աճողական անկման ցուցանիշներ արձանագրող շինարարության ոլորտում տասնյակ հազարավոր քաղաքացիներ են կորցրել իրենց աշխատանքը:  Անցյալ տարի այս ոլորտում զբաղվածների թվաքանակը կրճատվել է եւս 3,1 հազարով` կազմելով  15,4 հազ. մարդ:



 



Սա` պաշտոնական վիճակագրությամբ: Մինչդեռ հայտնի է, որ այս ոլորտն աշխատուժի ռեալ թվաքանակի արտացոլման մասով ամենախոցելիներից է, եւ պաշտոնական վիճակագրությունն այստեղ առավել քան մոտավոր է: Իսկ այն, որ շինարարության ծավալների 8,1% (2013թ. պաշտոնական տվյալներով) անկման պայմաններում կրճատվում է ոլորտում զբաղվածների  ավելի քան 17%-ը, կարելի է եզրակացնել, որ  կազմակերպությունները, թերեւս, անցել են առավել խիստ  խնայողական ռեժիմի: Եվ քանի որ շինանյութերի եւ  ծառայությունների գներն ու զանազան վարձավճարները` հարկերի եւ տուրքերի տեսքով,  շարունակաբար աճում են, եւ այստեղ խնայել հնարավոր չէ, կազմակերպությունները գնում են միակ հնարավոր եւ կարճ ճանապարհով` նվազագույնի հասցնելով աշխատակիցների թվաքանակը:



 



Մյուս տարբերակը, որ գործնականում լիովին հնարավոր եւ տրամաբանական  է, այն է, որ կազմակերպությունները թաքցնում են առկա աշխատուժը` խուսափելով սոցիալական պարտավորությունից: Եվ եթե մինչ այժմ թաքնված աշխատուժի հանգամանքը միայն գործատուին էր անհրաժեշտ, ապա կենսաթոշակային վերջին «բարեփոխումներից» հետո անլեգալ կարգավիճակն աշխատողներին ավելի շատ ձեռք կտա:  Իրականում սա մի ոլորտ է, որտեղ, ելնելով աշխատանքի կազմակերպման որոշակի առանձնահատկություններից,  մշտապես  առկա է թաքնված աշխատուժ: Սա է թերեւս պատճառը, որ շինարարական «բումի» տարիներին անգամ ոլորտում զբաղվածների թիվը պաշտոնապես երկու տասնյակ հազարից չի անցել:



 



Ահավասիկ 2008թ. վիճակագրությունը. շինարարության ծավալները հասել են մինչեւ 842,3 մլրդ դրամի, այսինքն` կրկնակի ավելին, քան 2013թ. արդյունքներն են եղել (կազմել է 442,3 մլրդ դրամ), մինչդեռ կազմակերպություններում պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է հազիվ  17,6 հազ. մարդ, ինչն իհարկե հնարավոր չէր: Ոչ պաշտոնական ուսումնասիրություններով` այդ տարիներին ոլորտում ներգրավվածների թվաքանակը հաշվվում էր առնվազն 40-45 հազ. մարդ:  



 



Ուստի դժվար է միանշանակ պնդել, թե պաշտոնապես գրանցված 3 հազար 120 աշխատակիցներն իրականում կրճատվե՞լ, թե՞ «ստվեր» են անցել: Երկու դեպքում էլ վատ է, բայց առավել վատ է առաջին դեպքում, քանզի որ ուղղությամբ նայում ես` գործազուրկներ կամ գոնե հիմնական աշխատանք չունեցողներ են, որոնց առավելությունը գործազուրկների նկատմամբ առանձնապես մեծ չէ: Մինչդեռ անցյալ տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշներով` գործազրկությունը հանրապետությունում իբր նվազել է` կազմելով 15,4% (215 հազ. մարդ), ընդ որում` քաղաքներում այն 23% է եղել, իսկ գյուղերում` մոտ 5%, որն իհարկե սուտ է` հատկապես գյուղաբնակների մասով:



 



Ինչ վերաբերում է խնդրո առարկա շինարարության ոլորտին, ապա, որոշ մասնագիտական գնահատականներով, վերջին 5 տարիների ընթացքում այս ոլորտում իրենց գրանցված կամ ստվերային աշխատանքն են կորցրել 25-30 հազար մարդիկ` մինչեւ անցյալ տարի:



 



Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ