Ամբողջովին «մեր» Ռաֆայելի Բելգիական պատումը` Սուրբ Սերոբից մինչև «Սուրբ» Մխո 2

Ամբողջովին «մեր» Ռաֆայելի Բելգիական պատումը` Սուրբ Սերոբից մինչև «Սուրբ» Մխո  2

«Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի «Հայկական Բելգիա» վերտառությամբ թողարկումը, ինչպես գրել էինք նախորդ հրապարակման մեջ, իրականում հերթական չէր, այլ՝ հոբելյանական. տասնամյակը նշող հեռուստանախագծի առաջին հաղորդումն էլ է նվիրված եղել հենց Բելգիայի հայերին: Ինչպես այն ժամանակ, այս անգամ եւս Ռաֆայել Հովհաննիսյանի հովանավորները եղել են Արսլանյանները, իսկ «կոնսուլտանտները»` ամուսիններ Անդրանիկ Ազլիվյանը եւ Գոհար Բալոյանը: Այնպես որ, հաղորդման հերոսների ընտրության պատասխանատվությունն ամբողջովին նրանց վրա է:



 



Բրյուսելի մասին հատվածում ռեստորանատեր Անտոն Ակարյանն առանձնակի հպարտությամբ ներկայացվեց որպես բարերար. նրա մշտական հաճախորդներն են Կատրին Դենյովը, Լեդի Գագան, Ռիկի Մարտինը, Բելգիայի թագավորի տղաները, քույրիկը, նախարարներ եւ շատուշատ  այլ, ինչպես ինքն ասաց` «կարեւոր հոգիներ», որոնք գալիս են բելգիական հանրահայտ վաֆլին` «գոֆրը» եւ մյուս ուտեստները  ճաշակելու: Ենթադրում ենք, որ պարոն Ակարյանի բարերարությունը հենց «կարեւոր հոգիներին» իր հայկական «ճաշարան» բերելու եւ հայկական հարցը սույնով սուր պահելու մեջ է. համենայնդեպս, բարերարության այլ փաստեր բրյուսելցի հայերը դժվարացան հիշել:



 



Խոսելով Անտվերպենի մասին, Ռաֆայել Հովհաննիսյանը  հիշեց Վան Դեյկին ու Ռուբենսին եւ սահուն անցում կատարեց հայ գեղանկարիչներին` որպես նրանց ժառանգորդներ. Հայաստանում «ռեմոնտի» գործ անողները ներկայացվեցին որպես արդի գեղանկարչության հսկաներ, որոնց արդեն Եվրոպան է ճանաչում: Ընդհանրապես, այս իմաստով Բելգիան իսկապես թագավորություն է. դուք այստեղ չեք հանդիպի մի հայի, որ բարձրագույն կրթություն չունենա՝ բոլորը  դիպլոմ ունեն կամ ասում են, թե ունեն, թեկուզ Բռնակոթ գյուղի գեղարվեստի կամ Մարտունու միջազգային ակադեմիայի: Հատկապես շատ են «լրագրողները», «իրավաբանները», «գրողները», կան նաեւ «ռեժիսորներ» եւ «փաստաբաններ»: Եվ, իհարկե, Փանջունու ազգակից «քաղաքական գործիչներ»:



 



Անտվերպենի մասին խոսելիս Ռաֆայելը հիշեց ոչ միայն արվեստի, այլեւ այն մասին, որ հին ֆլամանդական քաղաքը գտնվում է առեւտրային երթուղիների խաչմերուկում եւ ադամանդագործության խոշոր կենտրոն է: Արսլանյաններն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է  որ հատուկ հովանավորած լինեն այս հատվածում Ռաֆայելի լռությունը. հանգամանքների բերումով հիմա նա տեղյակ է նրանց օֆշորախառն բիզնես-ծրագրերի որոշ դրվագների եւ այդ ադամանդե գաղտնիքներն իր մեջ է պահում: Այս մասով նա խորհրդատուի կարիք, վստահաբար, չի ունեցել, որովհետեւ փողը բոլոր վտանգավոր հարցերն առնվազն արխիվացնում է հոգու խորքերում: Մնացած հերոսների ընտրության մեջ, սակայն, դերակատար են եղել անփոփոխ կոնսուլտանտներ Գոշն (Գոհարը) ու Անդրանիկը:  Չգիտենք, թե նրանք Ռաֆայելին ինչ գույներով են ներկայացրել, օրինակ, «ժամագործ Տիկոյի» բիզնեսը, որը լուրջ դեմքով պատմում էր իր համաեվրոպական գործունեության մասին, մինչդեռ հաղորդումը եթեր արձակելու պահին արդեն խիստ ապահով տեղում էր եւ, ցավոք, հաղորդումն այդպես էլ չի տեսել. նա բելգիական ոստիկանության կողմից ձերբակալված է խարդախության մեղադրանքով: Կասկածներ կան, որ նույն գործով է զբաղված նաեւ Ռաֆայելի կոնսուլտանտ Անդրանիկի եղբայր Մհերը, եւ որ ընդհանրապես կոնսուլտանտամուսիններն էլ իրենց գրանցած ոսկերչական ֆիրմայով զբաղված են «Ռոլեքսներ» եւ այլ հայտնի բրենդային ապրանքանիշներ կեղծելով ու դրանք իրացնելով, ընդ որում, հայտնի է նաեւ շուկան` հիմնականում Ռուսաստան: Ռաֆայելը կարող էր չիմանալ, բայց բելգիաբնակ ամուսինները հաստատ գիտեն, թե ով է, օրինակ, Հովհաննես Բարսեղյանը: Հաղորդման շրջանակներում նա չերեւաց, միայն ասվեց, որ նրա հովանավորությամբ դրվել է հայկական երկրորդ  խաչքարը Բելգիայում: Անտվերպեն քաղաքի Վիլիբրորդուսե եկեղեցում գտնվող խաչքարը, ըստ «միամիտ» Ռաֆայելի, Հովհաննեսի բարեգործությամբ է այսօր վերածվել սրբատեղիի: Ռաֆայելը, ի դեպ, կարող էր մի քանի րոպե կանգնել Անտվերպենի ցանկացած մարդաշատ վայրում եւ անպայման կհանդիպեր անտվերպենցի որեւէ հայի ու կհարցներ, թե ով է «խոնարհ հայ քրիստոնյա եւ բարերար» Հովհաննեսը, ով հայերին, չեչեններին եւ նախկին սովետական այլ ազգերին հայտնի է Մխո Ախալքալաքցի «պատվանունով»: Հնարավոր է` մեկնումեկը Ռաֆայելին հուշեր մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք եւ խնդրել հանրահայտ Մխոյի լուսանկարը, ով արդեն շուրջ 10 տարի, Բելգիայի մասին առաջին հաղորդումից հետո, գտնվում է հետախուզման մեջ, եւ նրա լուսանկարը փակցված է բոլոր բաժանմունքներում` որպես առանձնապես վտանգավոր հանցագործի, որ մեղադրվում է կրկնահանցագործությունների, մասնավորապես` սպանության մեջ: Ռաֆայելը կարող էր հենց ոստիկանությունից խնդրել «սուրբ» Մխոյի լուսանկարն ու ցույց տալ իր հեռուստադիտողին, բացատրելով, թե որտեղ է գտնվում ներկա պահին իր հերոսը, որ չի հայտնվում էկրանին: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ նա լավ էլ տեղյակ է եղել Մխոյի կյանքի մանրամասներին` անհնար է, որ գոնե հարցրած չլինի, թե որ ասում եք բարեգործ է եւ այլն, ո՞ւր է, կանչեք` գա, նկարեմ-երջանկացնեմ: Հնարավոր է նաեւ, որ Ռաֆայելը լավ էլ հանդիպել է Մխոյին, քանի որ նա խիստ գաղտնի, ժամանակ առ ժամանակ հայտնվում է Անտվերպենում, իր «ռեկետի» փողերը հավաքում, ետ թռչում ռուսական թաքստոցները: Չմոռանանք ասել, որ խաչքարն իրականում կառուցվել է եւ տեղադրվել համայն բելգիահայության հանգանակած գումարով:



 



Նույնքան միամիտ-միամիտ՝ Ռաֆայելը գնացել-հասել էր Բանյո, որտեղ ոմն Աբել Գալստյան իր հոր հիշատակին կառուցած շիրմաքարն իբրեւ խաչքար էր ներկայացնում, եւ Ռաֆայելն էլ հիացած լսում էր: Հավանաբար, մտածելով մի առիթով էլ նկարել Թոխմախի եւ մյուս գերեզմանոցների շիրմաքարերը` որպես բարեգործության վառ օրինակներ:  



 



Եվ քանի որ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղորդման վերջում սպառնաց, թե այսքանով չի սահմանափակվելու, էլի են գալու Բելգիա, մի քանի խորհուրդ տանք: Հաղորդմանը մի ուրիշ  հմայք կհաղորդեն մարդիկ, ովքեր հանիրավի վրիպել են նրա ուշադրությունից: Օրինակ, «Թալինի համալսարանն»  ավարտած «ռեժիսոր» Մեսրոպ Առաքելյանը, որ հայության շրջանում հայտնի է Թալինցի Մոսո անվամբ, կարող է օգտակար լինել նաեւ մասնագիտական առումով: Կամ՝ «Ստամբոլցյան Խաչիկը», որը հենց սկզբից կոմիսարիատում անմերժելի լինելու համար ներկայացել է որպես Ստամբոլցյան ու էդպես էլ մնացել: Ճիշտ է, նա մորուք չունի եւ քաղաքական գործունեությամբ ու կրոնական քարոզչությամբ չի զբաղվում, այլ` գողությամբ, իսկ մի անգամ այնքան է տարվել, որ գիշերել է խանութում, կարգին ավար հավաքել, բայց  առավոտյան չի հասցրել ծլկել ու բռնվել է: Այս պահին բավարարվելով «Ալդիից», «Լիդլից» եւ «Կարֆուրից» թռցրած ուտելիքով եւ առժամանակ հրաժարվելով հագուստի գողությունից` պատրաստվում է գիտական աշխատություն գրել «Հայաստանի եւ Բելգիայի բանտերը. համեմատական վերլուծություն» վերնագրով: Անտվերպենում ոչ պակաս ճանաչում ունեցող այր մի` «Պարույր Հայրիկյան» մականվամբ, ով այդ անվանն արժանացել է դասական հայերենով խոսելու ջանքի համար, խոսքի մեջ ընդգծված նմանակում է Հայրիկյանին, օրինակ, ասում է` իրականութեան պարզութեան յամար, «յ»-ն կարդալով «ե»: Միայն Անտվերպենում Ռաֆայելը կգտնի Հայաստանում բուժքույր, Բելգիայում միանգամից արդեն բժշկուհի ինքնահռչակված Զինային, որը համարյա ամեն ինչ «բուժում» է: Կգտնի անգամ մի կնոջ, ում ծառայությունները հայության շրջանում մեծ պահանջարկ ունեն` նա թուղթուգիր է անում եւ բացում, մոմ է թափում, վախ բռնում, իսկ ամենակարեւորը` «էգ գելի …. բան» է վաճառում: Վերջինիս լավ գովազդի հետեւանքով նրա հաճախորդների շարքերում են սեռական լրացուցիչ գրավչություն փնտրող ոչ միայն հայեր, այլ նաեւ բազմազգ հանրությունը` նեգրեր, մարոկկացի արաբներ, հնդիկներ, ալբանացիներ, չեչեններ: Ո՞նց կարելի է անտեսել նման լայն գործունեություն ծավալող «գործչին»: Մշակույթ բաժնում աններելի է յուվեցի Դոդ Գագոյին չանդրադառնալը. նա անգամ տպագրված գիրք ունի, եւ դա դեռ սկիզբն է, որովհետեւ թերի միջնակարգ կրթությամբ  Դոդի ստեղծագործական ծրագրերի մեջ է «Յուվայի գոմեշի մածունը` որպես հայ-եվրոպական քաղաքակրթության  մերան» թեման: 



 



Վերջում նկատենք, որ եթե այսպես եւ այս բնույթի կոնսուլտանտների աջակցությամբ են ներկայացվում մնացած համայնքները, մնում է կռահել, թե ինչ «սուրբ» Մխոներ են դառնում դրա հերոսները: Եվ  քանի-քանի գերեզմանոցների շիրմաքարեր են մատուցվում որպես հայկական խաչքարեր եւ բարեգործության վառ օրինակներ:   



 



ՀԳ. Հուսանք` «ամբողջովին մեր» Ռաֆայել Հովհաննիսյանը կգնահատի, որ, այսուհանդերձ, մենք խնայել ենք իրեն եւ որոշ բաների մասին լռել:   



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ



Բելգիա