ԲՀԿ-ն էվոլյուցիա է ապրել. ընդամե՞նը

ԲՀԿ-ն էվոլյուցիա է ապրել. ընդամե՞նը

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, եթե մի քիչ խորը մտածենք, կարգին վիրավորել է ԲՀԿ-ին՝այդ կուսակցության մասին խոսելով որպես աստիճանաբար էվոլյուցիա ապրող կազմակերպության:



«Արի ու տես, որ երկու տարվա ընթացքում ԲՀԿ-ն շատ մեծ էվոլյուցիա ապրեց՝ իշխանության կոալիցիայի անդամ լինելուց մինչև, ըստ էության, ընդդիմադիր առաջացող այս դաշինքի անդամ լինելը։ Այս առումով կհամարեի ԲՀԿ-ի համագումարը և Ծառուկյանի ելույթը որպես մի հերթական հանգրվան այդ էվոլյուցիայի ճանապարհին, որը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը միս ու արյուն է ստանում»,- ասել է Լևոն Զուրաբյանը՝ մոռանալով, որ ԲՀԿ-ն ոչ միայն առաջացող ընդդիմադիր դաշինքի (ոչ իշխանական 4 ուժերի մասին է խոսքը) անդամ է, այլ այդ դաշինքի լոկոմոտիվը, բոլորին միավորողը, եթե հավատանք ԲՀԿ-ական մեկնաբանություններին:



 



Կարծում ենք՝ Լևոն Զուրաբյանը բացատրություններ տալու առիթ կունենա նաև իր հայտարարության այն մասով, որ Գագիկ Ծառուկյանը, ով այս պահին վարչապետական լուրջ նկրտումներ ունի, իբր, Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծություններն է կյանքի կոչում:



 



Բայց եկեք առաջ չընկնենք իրադարձություններից: Դրանք խոստանում են հետաքրքիր շարունակություն ստանալ: Առջևում մարտի 1-ն է, իսկ իսկ մենք գիտենք, որ այդ դատայի հետ կապված միանգամայն տարբեր ընկալումներ կան ԲՀԿ-ում և ՀԱԿ-ում:



 



Էդ.Ա.