Հայրիկյանի հայ ժողովուրդը

Հայրիկյանի հայ ժողովուրդը

Ես մի թուլություն ունեմ` սիրում եմ խենթերին. այդ առումով իմ վերջին սերը Պարույր Հայրիկյանն է։ 25-26 տարի առաջ Հայրիկյանն իսկապես խենթ էր, քանի որ կայսրության կաթսայում եփվող մեր երկրի համար անկախություն էր հարթում գուլագներում։ Հայրիկյանն այսօր կրկին խենթ է, քանի որ Մաքսային միություն մտնելով՝ մեր կորսվող անկախության համար է տագնապում։ Այսինքն՝ Հայրիկյանը կրկին արդիական է շուրջ քառորդ դար անց։



 



Երեկվա հանրահավաքն Ազատության հրապարակում հենց այդ տագնապն էր արտահայտում. ցուցապաստառներին Մաքսային միությունն էր մերժվում, հարթակից հնչում էր՝ ազատություն։ Իսկ այդ նեղլիկ, գրեթե շնչահեղձ արանքում Հայրիկյանը նախ երգեց Հայաստանի հիմնը, հետո աղոթեց Հայր մերը։ Հիմն ու աղոթք ասելուց հետո նա դիմեց հայ ժողովրդին, ես ակամա շրջվեցի եւ նայեցի հավաքվածներին: Որ կողմից նայում էի՝ Եղնուկյանն էր երեւում։ Սկսեցի հաշվել հանրահավաքի մասնակիցներին. թիվը հասավ 94-ի՝ լրագրող ու ոստիկան ներառյալ։ Քիչ հեռվում բանավիճող փոքրիկ խմբերն էլ հաշվեցի, որ գոնե 100-ն անցնի՝ անցավ։ Ահա Հայրիկյանի հայ ժողովուրդը:



 



«Այսօր ավելի շատ ենք, քան մեր վերջին հանրահավաքի ժամանակ էր»,- ասաց նա եւ ոգեւորվելով բազմությունից՝ կոչ արեց անդամագրվել ԱԻՄ-ին հենց տեղում, որ նրանք անմիջապես կարող են դառնալ կուսակցության կենտրոնական դեմքեր։ Այդ ոգեւորությունն իր նախնական հուզմունքն ուներ, քանի որ առավոտյան Ծիծեռնակաբերդում՝ անմար կրակի առաջ, մի քանի մեկամսական ԱԻՄ-ականներ էին մկրտվել, ասելով. ես՝ այսինչ-այնինչյանս, ԱԻՄ-ական եմ։ Հենց այդ հուզմունքով էլ Ծիծեռնակաբերդից ավտոերթով ուղղվել էին Գառնի, որտեղից 1921թ. փետրվարի 18-ին, ըստ Հայրիկյանի, սկսվել էր թրքաբոլշեւիկյան բռնապետության դեմ ապստամբությունը, ինչն էլ օրվա խորհուրդն էր, որ Գառնիից նրանց բերել էր Ազատության հրապարակ։ Հետո Համազասպը պատմական էքսկուրս անցկացրեց, Խաչակիրների խորհրդից Սարուխանյանն էլ իր դիքորոշումն ընդգծեց Մաքսային միության դեմ, իսկ Սյունիքի ԱԻՄ հիմնադիրը փաստեց, որ ինքն ունի 7 զավակ եւ 4 անտիպ գիրք։  



 



Թեպետ այդ ընթացքում ԱԻՄ-ի «Գազելից» սնուցվող բարձրախոսի ձայնը գնում-գալիս էր, բայց դա չխանգարեց «Փետրվարի 18-ն ազատության օր ազդարարելու մասին» հայտարարությունն ընթերցելուն, որը տեղում դրվեց հավաքված «հայ ժողովրդի» քվեարկությանը: Հետո երթով տարան ու հանձնեցին կառավարությանը։ Իսկ երթի վերջնակետը Նալբանդյանի՝ ազատության երգչի եւ Հայրիկյանի համոզմամբ՝ ռուսների ձեռամբ սպանված մեր մեծի արձանն էր, ով ոնց որ թե փայլուն ռուսամետ էր։ Բայց դա կարեւոր չէ, պարզապես ես թուլություն ունեմ խենթերի նկատմամբ։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ