Երիտասարդ քաղաքապետի աղմուկ հանած ատենախոսության առիթով

Երիտասարդ քաղաքապետի աղմուկ հանած ատենախոսության առիթով

Մեր ձեռքին է «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» վերնագրով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության սեղմագիրը: Ինչպես հիշում եք` ատենախոսության պաշտպանության գործընթացը 2013-ի դեկտեմբերի վերջին սկանդալի վերածվեց:



Սեղմագրի սկզբում հայցվոր-ապագա «գիտնականն» անկեղծացել է. «... էլ ավելի է աճել Երեւանի եւ մարզերի միջեւ կենսամակարդակների ճեղքվածքը» (էջ 3): Ի հեճուկս աղքատացող եւ դատարկվող մարզերի, հեռավոր, սահմանամերձ վայրերի` «փքվում է» Երեւան քաղաքի տնտեսական, ներդրումային գրավչությունն  ու զվարճադեմ գայթակղությունը: Երեւանը դարձել է երկրի ներուժը խժռող եւ ինքնահոշոտվող «հրեշ»: Այո, ինքնահոշոտվող, որովհետեւ աղճատվում է մայրաքաղաքի պատմաճարտարապետական նկարագիրը, վերացվում են առանց այն էլ խղճուկ ճարտարապետաքաղաքաշինական  ժառանգության հյուսվածքի բեկորները: Պատմական խորհրդանշան-կառույցների եւ հիշողության կորուստը, մայրաքաղաքի կենտրոնի բնակչության բռնի «արտագաղթեցումը» Երեւանը վերածել են Հայաստանի սոցիալ-տնտեսական, հոգեւոր, մշակութային համաչափ զարգացմանը խոչընդոտող գլխավոր արգելափակոցի: Երկու տնտեսագիտական «նվաճում» էլ մեր կողմից: Երեւանից դուրս 80000 հեկտար պահուստային ֆոնդի հողերը, որոնք նախատեսված էին գյուղական համայնքների զարգացման եւ երիտասարդ ընտանիքների խրախուսման համար, Հողային օրենսգրքի համապատասխան փոփոխության հետեւանքով ընկան իշխանական եւ իշխանամերձ երեւանաբնակ ու երեւանաբնակ դարձած մեծահարուստների ձեռքը: Այդպիսով, վիժեցվեց գյուղական համայնքների զարգացման հեռանկարը: Իսկ երեւանյան գյուղատնտեսական շուկաներում վերավաճառողները քիչ չարչարանքով առավել շահույթ են ստանում, քան գյուղմթերք արտադրող քրտնաթաթախ գյուղացին: Արդյո՞ք այս խնդիրները տեղ են գտել ատենախոսության մեջ…



Անդրադառնանք ատենախոսության նպատակին ու խնդիրներին: «Հետազոտության նպատակն է` ՀՀ տարածական զարգացման տեսանկյունից բացահայտել Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները եւ մշակել առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ» ( էջ 4): Եթե վերհիշենք Հայաստանի` անկախ հանրապետության ստեղծման առաջին տարիները, կտեսնենք, որ նշված հիմնախնդիրները հնչել են 1991-ի սեպտեմբերի 21-ից հետո: Սկզբնական շրջանում ոչ առաջնային խնդիրներ էին, որովհետեւ առաջնահերթն Արցախյան ազատագրական պատերազմում հաղթելն էր: Եվ ժողովուրդը հաղթեց: 2004-ի մայիսի 12-ի հրադադարից եւ 2005-ին ատոմակայանի գործարկումից հետո տնտեսությունն սկսեց շնչել: Այդ ժամանակ էլ առաջնահերթ դարձան նշված եւ շատ այլ խնդիրներ: Սակայն 2008-ից ի վեր տնտեսագիտական կլիշե դարձած խնդիրները բազմիցս վերաշարադրվեցին ու շարունակում են վերաշարադրվել եւ դառնալ ատենախոսություններ: Իսկ սոցիալ-տնտեսական զարգացումները ոչ թե դեպի ազատ տնտեսական մրցակցության են տարել, այլ` դեպի բրգաձեւ կենտրոնացված կառավարման:



 



Իսկապես, Երեւանը մեգապոլիս է. 1 միլիոնից ավելի բնակչությամբ խոշոր քաղաքային համայնք` «հասարակության ինքնակազմակերպման եւ հասարակական վերարտադրության արդյունք» (էջ 7): Սակայն սեղմագրում Երեւանը չի որակվում նաեւ որպես ուրբանիզացիոն համալիր, որտեղ արտադրական ձեռնարկությունների, հասարակության բոլոր շերտերի համար պետք է ստեղծվեն բարենպաստ հասանելի պայմաններ` ճարտարապետական, քաղաքաշինական, ժամանակակից մշակութային եւ պատմամշակութային, գեղագիտական, բնապահպանական, տրանսպորտային, սոցիալական, կենցաղային...



Չի որակվում, որովհետեւ այդ որակը Երեւանում բացակայում է: Փաստացի ունենք խմբիշխանական մի բուռ մենաշնորհատերերի (օլիգարխների) պահանջների, գերշահույթների եւ իշխանության կենտրոնացված կառավարումն սպասարկող որջ: Այդտեղ է իր գոյությունը քարշ տալիս նաեւ գյուղական վայրերից դեպի Երեւան արտահոսած բնակչության ստվար զանգվածը: «Այսպես. 2011թ. Երեւան քաղաքի արդյունաբերության բաժինը կազմել է ՀՀ արդյունաբերության 42,4%-ը, գյուղատնտեսությանը` 0,8, շինարարությանը` 54,7, մանրածախ առեւտուրը` 83,8, ծառայությունները` 86,4» (էջ 8): «Այսպես. 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Երեւանում 1 քառ. կմ-ի վրա 5055 մարդ է բնակվում, իսկ մարզերում` միջին հաշվով 83,4 մարդ, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը ՀՀ-ում միջինը կազմել է 110 մարդ» (էջ 9): Գուցե արժե հիշեցնել հայցվորին, որ քաղաքաշինության նախարարության պատվերով «Հայնախագիծ» ՓԲԸ-ն 2001-2003թթ. մշակել է ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը, որի կազմում` նաեւ ՀՀ մայրուղային ճանապարհների հեռանկարային ցանցը: Նախագծի հիմնական նպատակը հանրապետության համընդհանուր քաղաքաշինական զարգացման, տարաբնակեցման համակարգի կատարելագործման, ռազմավարական ուղղությունների ընտրության նախադրյալների բացահայտումն է՝ փոխկապակցված առողջ եւ անվտանգ կենսամիջավայրի ստեղծման, բնակավայրերի կայուն զարգացման, բնական եւ պատմամշակութային ժառանգության պահպանման հետ: Պարզ լեզվով` գործի կդրվեն բնակավայրերի համաչափ զարգացման մեխանիզմներ: Օրինակ. Երեւանի գերբեռնված ագլոմերացիան եւ մարզերում ստեղծված սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, արտագաղթից խորացող վակուումը կհավասարակշռվեն: Ասել է թե` մարզերում, սահմանամերձ գյուղերում կստեղծվի տնտեսական` արտադրական, սպասարկման, քաղաքաշինական, կրթամշակութային, դեմոգրաֆիկ... նպաստավոր իրադրություն` այնպիսի հրապուրիչ սոցիալ-տնտեսական բիզնես-միջավայր, որ Երեւան գաղթած, աշխատանք փնտրող գյուղացին կամ հենց ինքը` երեւանցին, հավատալով օրենքի գերակա զորությանը, վստահելով իշխանությանը, կմեկնի մարզ եւ գործունեություն կծավալի: Սա էլ՝ վարդագույն երազանքի ժանրից: Նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ եւ արժանացավ քաղաքաշինության բնագավառում 2003թ. ՀՀ պետական մրցանակին: Այսինքն` օրենքի ուժ ստացավ եւ հաջողությամբ մոռացվեց:



Անցել է 10 տարի: Նախագծի համահեղինակներից գլխավորը` քաղաքաշինության ներկայիս փոխնախարար, մրցանակակիր Ռուզան Ալավերդյանը լռում է, իսկ մյուս համահեղինակը` նույնպես մրցանակակիր տ.գ.թ. Ռոբերտ Մակարյանն իրեն պատառոտում է եւ չի էլ հետաքրքրվում, թե իր գործընկեր փոխնախարարն ինչու է լռում: Պատճառը խորքային է: Ռուզան Ալավերդյանը 2012թ. մայիսի 23-ի կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետից հանձնարարական ստացավ` ղեկավարել մի նոր աշխատանքային խումբ, որն այս անգամ մշակելու է Երեւանի Փոքր կենտրոնի կառուցապատումը կանոնակարգող օրենքը: Հավանաբար, Ռուզան Ալավերդյանի լռությունը տարաբնակեցման օրենքի տասնամյա ընթացքում պայմանավորված էր Փոքր կենտրոնի մասին օրենքի վրա աշխատելու երազանքով, որին, ի դեպ, Ռոբերտ Մակարյանը ներգրավված չէ, թեեւ այս օրենքից էլ պետական մրցանակի տեսլականն է ուրվագծվում: Դա է հուշում վերջինիս մշակման երկամյա ընթացքի մասին քար լռությունը: Ուրեմն, հայցվորն այս ամենից կամ տեղյակ չէ, կամ էլ չգիտի, թե ինչ ասել է պլագիատ:



Հայցվորը` Տարոն Մարգարյանը, «հայտնագործել» է, որ «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում մեծ է նաեւ կապիտալ շինարարության դերը» (էջ 12): «Վերլուծությունից պարզվում է, որ 2005-2011թթ. կտրուկ աճել են կազմակերպությունների (հավանաբար` մասնավոր կազմակերպությունների - Մ. եւ Ա. Ասլանյաններ) միջոցների հաշվին գործարկված բնակելի տարածքները, իսկ պետական բյուջեի միջոցների հաշվին գործարկված բնակելի տարածքները կրճատվել են»: «ՀՀ-ում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2006թ. համեմատությամբ ավելացել է 21,6%-ով, իսկ 2009թ. համեմատությամբ` 7%-ով: Իսկ Երեւանում 2011թ. նույն ցուցանիշը 2006 եւ 2009թթ. համեմատությամբ ավելացել է, համապատասխանաբար, 12,5% եւ 6,5%-ով: Ընդ որում, 2011թ. ՀՀ-ում մեկ բնակչի ապահովվածությունն ընդհանուր մակերեսով 2006թ. համեմատ ավելացել է գրեթե 20%-ով, իսկ Երեւան քաղաքում` ընդամենը 10,6%-ով» (էջ 13): Այս ակնհայտ ճչացող «հայտնագործությանը» հակադարձենք, որ Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում մեծ դեր խաղացող «կապիտալ շինարարությունը» Երեւանի գլխավոր օրենքով` Գլխավոր հատակագծով առաջնորդվող քաղաքաշինությունն է, իսկ քաղաքաշինությունը հավասարակշռող գործոնները` պետականը, հանրայինը եւ մասնավորը, այլեւս հավասարակշռված չեն:



Առողջ տնտեսագիտական միտքը չի թելադրում, որ մասնավոր շահը, դառնալով գերիշխող, խժռի հատկապես հանրային շահը: Պետական շահն էլ, նույնացվելով խոշոր մասնավորի հետ, «ամուսնանա» վերին իշխանությունների եւ խոշոր բիզնեսի հետ: Բնակարանային շինարարության տեսակետից հայցվորը պետք է որ քաջատեղյակ լիներ... Տեղեկացնենք, որ դղյակաշինությունը, էլիտար բարձրահարկ բնակարանաշինությունը մասնավոր բնակարանաշինական գործարք է եւ կազմում է ընդհանուրի 100%-ը, իսկ էկոնոմ դասի եւ սոցիալական բնակարանաշինությունը` որպես պետական գործարք, 0%-ը: Մի՞թե պարզ չէ, թե Երեւանում մեկ բնակչի բնակարանային ապահովվածության 10,6% աճը բնակարանաշինության որ տեսակին է վերաբերում:



Եթե հայցվորը տնտեսագիտական լծակ առաջարկեր, որը հնարավորություն կստեղծեր Երեւանում տարեկան երրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն 3 շենք ամրացնել, ապա դա կլիներ ատենախոսության միակ արժանիքը: Պատվիրատուի, կառուցապատողի, տեղական իշխանությունների փոխհարաբերություններն այնքան են լկտիացել, որ իրենց «ճարտարապետ» հռչակած պատվիրատու-օլիգարխը փողի ուժով թելադրում է իր ձեռքի տակ գծագրող-տեխնիկ դարձած ճարտարապետին եւ մայրաքաղաքը զրկում հուշարձաններից, լցնում թանկ ու դատարկ բարձրահարկերով, գմբեթավոր ու անգմբեթ առանձնատներով: Իսկ հասարակական կարծիքն ու քննարկումները, հասարակական վերահսկողության մեխանիզմները հնից մնացած ատավիզմ են:



Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր խնդիր, ի վերջո, գալիս հանգեցնում է քաղաքականին, որովհետեւ մեզ մոտ կա հասարակության խիստ բեւեռացում. կան մի խումբ մարդիկ, որոնք իրենց հարստությամբ այնքան են «վեր բարձրացել», որ, գրավելով պատասխանատու դիրքեր, ստանձնել են երկրում կարեւոր որոշում կայացնողների դերակատարում եւ դա անում են օրենքները բացահայտ փչացնելով կամ շրջանցելով: Մեկ-մեկ էլ, որպես հոբբի, գիտական ատենախոսություն են պաշտպանում:



 



Մարտին եւ Արամայիս



ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ ճարտարագետ- նախագծողներ