Նախարար Նալբանդյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին

Նախարար Նալբանդյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները և բարոնուհի Հուփերը։



 



Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։



 



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։



 



Հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, որպես երկկողմ կապերը խթանելու արդյունավետ միջոց, և անդրադարձ է կատարվել խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:



 



Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: