Ռուս արվեստագետներն Ուկրաինային մենակ չթողեցին

Ռուս արվեստագետներն Ուկրաինային մենակ չթողեցին

Մեր թերթի երեկվա համարում անդրադարձել էինք ռուս մի շարք մշակութային գործիչների նամակ-ուղերձին, որոնք իրենց աջակցությունն ու համաձայնությունն էին հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում եւ Ղրիմում Ռուսաստանի վարած քաղաքականությանը: Մասնավորապես հիշեցնելով, որ իրենք Ղրիմի հետ ունեն ընդհանուր պատմություն ու արմատներ, մշակույթ, հոգեւոր, ֆունդամենտալ արժեքներ եւ մեկ լեզու՝ ռուսերենը: Եվ այս ամենը հաշվի առնելով են հաստատապես հայտարարում, որ աջակցում են նախագահ Պուտինին:



 



Այդ ցուցակում կային անվանի սիրված արվեստագետներ՝ Կարեն Շահնազարով, Նադեժդա Բաբկինա, Յուրի Բաշմետ, Ֆյոդոր Բոնդարչուկ, Սերգեյ Բեզռուկով, Միխայիլ Բոյարսկի, Օլեգ Գազմանով, Լեւ Լեշչենկո, Վլադիմիր Սպիվակով, Օլեգ Տաբակով, Գենադի Խազանով, Զուրաբ Ծերեթելի: Սակայն այս նամակից հետո ռուսական տարբեր կայքերում եւ ֆորումներում բազմաթիվ մարդիկ գրում էին իրենց մեծ հիասթափության եւ արվեստի այս ներկայացուցիչներին այլեւս չընդունելու եւ չընկալելու վերաբերմունքի մասին:



 



Եվ ահա երեկ ռուսական լրատվական կայքերում հայտնվեց երկընտրանքային պատասխան նամակը: Վերստին մի խումբ հանրահռչակ արվեստագետներ հանդես եկան աջակցության նամակով, բայց այս անգամ ոչ թե նախագահ Պուտինին, այլ Ուկրաինային, նրա լրիվությանը:



 



Այս ցանկի մեջ են Արմեն Ջիգարխանյանը, Անդրեյ Կոնչալովսկին, Էլդար Ռյազանովը, Սերգեյ Յուրսկին, Դմիտրի Խառատյանը, Բորիս Ակունինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Գալինա Վոլչեկը, Միխայիլ Ժվանեցկին, Վալենտին Գաֆտը, Անդրեյ Մակարեւիչը, Յուրի Շեւչուկը, Բորիս Գրեբենշիկովը, Մարկ Զախարովը, Դանիել Գրանինը, Նատալյա Ֆատեեւան, Սերգեյ Գարմաշը եւ էլի ուրիշ ճանաչելի, սիրված անուններ: Ի դեպ, ցանկն առաջին անգամ տեղադրվել է ազգությամբ աֆղան, ուկրաինացի լրագրող Մուստաֆա Նայեմի ֆեյսբուքյան պատին, փոքրիկ նախաբան-ողջույնով.



 



«Ահա մերոնքական ռուսները… ռուս մշակութային հայտնի գործիչները, որոնք աջակցում են Ուկրաինային…»: Այսպիսով, ռուս արվեստագետները հանրությանը հրապարակայնորեն պարզեցին նաեւ իրենց դիրքորոշումը եւ, կարելի է ասել, բաժանվեցին երկու ճամբարի: Երկրորդ ճամբարում հեղինակություններն ավելի շատ են, որոնցից մի քանիսը տարիներ շարունակ տեւական քննադատության թիրախի տակ է պահում նախագահ Պուտինի՝ իրենց կարծիքով երկրի համար կործանարար քաղաքականությունը:



Ֆորումներում այս երկու նամակների կապակցությամբ ծավալված բանակռիվների ու երկխոսությունների ընթացքում նաեւ հայտնվում են ֆաշիստական գրառումներ, նույնիսկ մատնանշվում է Ուկրաինային աջակցող արվեստագետներից մի քանիսի հրեական ծագում ունենալու հանգամանքը, որն անհեթեթորեն կապվում է նման որոշում կայացնելու փաստի հետ:



 



Արամ ՊԱՉՅԱՆ