Հիմա չեմ ամաչում, որ մանուշակին երգ եմ ձոնել…

Հիմա չեմ ամաչում, որ մանուշակին երգ եմ ձոնել…

Երբ  փոքր էի, ինձ թվում էր, թե ինձ շրջապատող մարդիկ, իմ սիրելիները հավերժական կատեգորիա են ու միշտ իմ կողքին են լինելու: Ես դեռ չգիտեի՝ ինչ է մահը, բաժանումը: Մի անգամ մայրս ասաց՝ դու ի՞նձ ես սիրում, թե՞ ծաղկամանում դրված ծաղիկիդ: Օրը մի քանի անգամ մոտենում ես նրան, համբուրում: Ես լռեցի, որովհետև տատս վախեցրել էր՝ եթե սուտ խոսես, լեզուդ կկտրեմ: Մայրս ժպտաց՝ իսկ ինչու՞ ես ծաղիկիդ ավելի շատ սիրում: Չէի ուզում նեղացնել մորս ու փորձեցի արդարանալ.



-Ծաղիկը մեղք է, մի քանի օր հետո  մեռնելու է, էլ չի լինելու:



Երբ թառամում էր վարդը, նրան խնամքով վերցնում ու տանում- տնկում էի հողի մեջ: Պետական շենքում էինք ապրում, մի քանի մետր փոքրիկ հողամաս ունեինք, ուր միայն ծաղիկներ էին: Տնկում ու ջրում էի ամեն օր: Կողքը ամրացնում էի փոքրիկ փայտիկներով, որ բակի երեխաները հասկանային ու ձեռք չտային նրան: Տատս ինձ ծաղրում էր՝ ոնց որ մեռելին ետ բերես, չի լինի՜… Ու մի օր, զարմանալի բան, վարդերիցս մեկը փոքրիկ շիվեր արձակեց: Աշխարհը իմն էր: Տատս թերահավատորեն հետս եկավ ու մինչև հիմա էլ հիշում եմ նրա ապշահար դեմքը՝ ամա՜ն… Հետո վարդն աճեց, փարթամացավ ու տարիներ հետո  նրա թփի տակ ճաղար գույնի մանուշակներ տեսա: Երկնքի գույնն ունեին, ու ես ակամայից երկնքին նայեցի ու ինձ թվաց, թե երկինքն է իր փոքրիկ նմանակներին ուղարկել: Արդեն մեծ էի, 14-15 տարեկան, նստեցի ու մի փոքրիկ բանաստեղծություն գրեցի.



Երկինքը չոքել է



Մանուշակի առաջ,



Ի՜նչ անուշ գույն ունեն



Երկինք ու մանուշակ:



Պոկում եմ մանուշակ



Երկնագույն ու գունատ,



Երկինքը դողում է



Ափիս մեջ, իմ բռում:



Ո՞վ գիտե, ինչ արի՝



Երկի՞նքը պոկեցի



Երկնային իր թփից



Թե՞ գունատ մանուշակ:



Բանաստեղծությունս պահում էի թաքուն, վախենում էի, որ ինձ կծաղրեն: Մի տեսակ առաջին սիրո նման մի զգացում էր, որ թաքուն էի ուզում պահել: Ու այդ թաքունը բարձիս տակն էր: Իրիկունը դնում էի բարձիս տակ, առավոտը դնում աշակերտական պայուսակիս մեջ ու դպրոց տանում: Զարմանալին այն է, որ դպրոցում էլ էի լարված, մեկը որ պատահաբար մոտենում էր պայուսակիս, իսկույն ծտի պես թռչում էի՝ ձեռք չտա՜ս: Մի օր էլ դասընկերուհիներցս մեկն ասաց՝ այնպես ես պայուսակդ պահում, կարծես թե մեջը ադամանդ լինի:



Հիմա անցած տարիների մշուշից նայում ու մի այնպիսի զգացում է պարուրում ինձ, որ ասես նույն երեխան եմ դառնում: Ծիծաղում ու չեմ հասկանում այդ երեխային՝ ինչու՞ էր թաքցնում: Բայց մի կարևոր, շատ կարևոր բան եմ հասկացել՝ իմ օրերի դառնությունը կարող եմ մաքրել միայն իմ մանկությամբ: Չգիտեմ ինչ կտորից է հյուսված այդ կտորը, որ մաքրում ու պայծառացնում է կյանքի գորշ գույները ու խաղաղություն պարգևում հոգուդ: Հոգսաշատ այս կյանքում, երբ զգում եմ, որ արժեքներ եմ անտեսում, գնում եմ իմ մանկությունը ու պեղում, գտնում իմ ճաղար մանուշակը: Հիմա չեմ ամաչում, որ մանուշակին երգ եմ ձոնել, որովհետև առանց նրա, առանց իմ մանկության դժվար թե գտնեմ փոթորկոտ ծովի հանդարտեցման բանալին.



Էլի մտքով ձորի իջա,



Որ փունջ անեմ մանկությունս,



Կոկոնների կիրճը մտա,



Տեսնեմ՝ ու՞ր է օրորոցս:



Կաթնուկ ծաղիկ ես քաղեցի,



Կաթը ցայտեց իմ դեմքին,



Հովը բերեց մորս կաթի



Սարի բույրը թանկագին:



Էլի նորից մանուկ դարձա,



Մտա ծառից կախված ճոճքս,



Ճոճքը հրող մորս գտա,



Հավքի նման իջավ քունս:



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ