Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկոն (լուսանկարներ)

Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկոն (լուսանկարներ)

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, հայ բեմի կենդանի լեգենդ Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկոն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:



 



1928 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ծնված և 1946թ. ընտանիքով Հայաստան ներգաղթած հայ թատրոնի և կինոյի ապագա մեծ դերասանուհին 1947թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա, ապա խաղացել նույն թատրոնում: 1958-ին տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն, որտեղից սկսվել է տաղանդավոր դերասանուհու  մուտքը մեծ բեմ:



 



Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Բարձր գնահատելով մեծ դերասանուհու վաստակը՝ հայրենի մշակույթի, թատերարվեստի զարգացման գործում՝ նա նշեց. «1946թ. մեծ հայրենադարձության ժամանակ, սիրելի՛ տիկին Վարդուհի, Դուք Հայաստան եկաք Ձեր հոգու կանչով, Ձեր մոր անձնվիրության, Ձեր մեծ ուսուցչի՝ Ապագա Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն առաջին կաթողիկոսի աջակցությամբ: Դժվար է պատկերացնել, թե որքան բան կկորցներ հայ բեմը, եթե Դուք այն ժամանակ մնայիք Բուխարեստում»:



Տիկին Հակոբյանն ընդգծեց նաև, որ Վարդուհի Վարդերեսյանի արվեստը ամենաբարձր գնահատանքի է արժանացել բոլոր ժամանակներում: «Դուք արժանացել եք դերասանուհու համար ամենաբարձր պարգևներին, այդ թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչմանը, Ձեզ սիրում է ողջ հայ ազգը: Դուք հայ բեմի թագուհին եք եւ ես հպարտ եմ, որ Ձեր ժամանակակիցն եմ եւ կարողացել եմ վայելել Ձեր անկրկնելի դերակատարումները»- նշեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը՝ եզրափակելով իր խոսքը.: 



 



Կարճ ներկայացնելով իր կենսագրությունը և Ռումինիայից Հայաստան ներգաղթի պատմությունը՝ Վարդուհի Վարդերեսյանը դիմեց դահլիճում ներկա բազմաթիվ սիրիահայերին. «1940-1950-ական թվականներին ստալինյան «երկաթե վարագույրը» դեռ շատ անսասան էր:Այդ տարիներին Հայաստանում իսկապես դժվար էր հաստատվելը և ապրելը, բայց մենք սիրով եկանք Հայրենիք և դարձանք նրա կերտողները: Սիրիայի սիրելի հայեր, դուք էլ պիտի ապրեք այստեղ մեզ հետ այնպես, ինչպես մենք ենք ապրում ու մաքառում»:



Դերասանուհին ցավ հայտնեց, որ ոչ վաղ անցյալում հայության շնչով ու հոգով ապրող Հալեպն այսօր արնաքամ է լինում ու հայաթափվում է: Մեծ դերասանուհուն իր կատարումներով ողջունեց սիրիահայ երեխաների «Շառավիղ» երգչախումբը: Երաժշտական կատրումներով հանդես եկան նաև օպերային մեներգչուհի Արևիկ Բաղդասարյանը, ջութակահար Դավիթ Պիվազյանը:



 



Մեծարման երեկոյին ներկայացվեց Վարդուհի Վարդերեսյանի անցած ուղին, ցուցադրվեցին հատվածներ  «Մոր սիրտը», «Պատվի համար», «Կարինե» ֆիլմերից, «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումից, ընթերցվեցին հայ կինոյի, թատրոնի և գրականության մեծերի կարծիքները մեծ արտիստուհու մասին:



Երեկոյի ընթացքում Վարդուհի Վարդերեսյանը ընթերցեց հայ բանաստեղծների՝ Սիամանթոյի, Պարույր Սևակի  ստեղծագործությունները, ներկայացրեց դրվագ Շահան Շահնուրի  «Պճեղ մը անուշ սիրտ» պատմվածքից:



Վերջում Վարդուհի Վարդերեսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և անձամբ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին: