Բալետային կրքեր Օպերային թատրոնում

Բալետային կրքեր Օպերային թատրոնում

Եթե Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թեման կարելի է փակված համարել (նախարարի հրամանով տնօրենի պաշտոնում նշանակված Անդրանիկ Արզումանյանն արդեն մի քանի օր է՝ գնում է աշխատանքի եւ ծանոթանում թատրոնին ու նրա կոլեկտիվին), ապա թատրոնի գլխավոր բալետմայստերի եւ բալետային խմբի միջեւ ծագած անհամաձայնությունները դեռ շարունակվում են։ Իսկ խնդիրը մոտավորապես մեկ ամսվա պատմություն ունի, երբ բալետի պարողների մեծ մասը ստորագրահավաք էր կազմակերպել Ռուդոլֆ Խառատյանի դեմ՝ գլխավոր փաստարկ բերելով նրա ոչ պրոֆեսիոնալ լինելը։ Վերջինս էլ մամուլում կարծիք էր հայտնել, որ ամեն ինչ լուծում կստանա նոր տնօրենի նշանակումից հետո։



 



Նախօրեին կապվեցինք թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ՝ իմանալու, թե հանդիպե՞լ է արդյոք նորանշանակ տնօրենին, եւ ի՞նչ լուծում են գտել ստեղծված իրավիճակի համար։ Խառատյանը պատմեց, որ երեկ է հանդիպել Արզումանյանի հետ, վերջինս ասել է, որ պետք է մի քանի օր սպասել։ «Ոչ մի խնդրանքով, ոչ մի առաջարկով չեմ դիմել, ես ուղղակի ասեցի, որ ուզում եմ ծանոթանալ եւ մեր պրոբլեմները պատմել, ինքն էլ ասեց, որ շատ լավ գիտի ամեն ինչի մասին, ուղղակի հիմա պետք է սպասի մշակույթի նախարարին, ով երկրից դուրս է ու երբ կվերադառնա, միասին կնստենք, կորոշենք, պետք է սպասենք, բայց արդեն ես էլ եմ հոգնել սպասելուց»,- նշեց գլխավոր բալետմայստերը եւ հավելեց, որ ոչ մեկի հետ խնդիր չունի, ինքն իր աշխատանքն է անում, այն է՝ ներկայացումներ պլանավորել, ասել, թե ովքեր որ ներկայացման մեջ պետք է հանդես գան. «Կարծես թե հակառակը ստացվի, բայց պարողները չեն որոշում մեր ռեպերտուարային քաղաքականությունը, իրենք կատարող են, իրենց հետ կոնկրետ ոչ մի առնչություն, մարդկային, լավ կամ վատ չկա, եւ հարցն այստեղ ես կամ պարողները չենք, այլ հարցն այն է, որ Հայաստանին բալետ պե՞տք է, թե՞ ոչ, իմ պատասխանն է՝ այո, պետք է, եւ ամեն մեկն իր աշխատանքը պետք է անի»։



 



Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում որն է բալետային խմբի պահանջը, մեղադրանքն իր հանդեպ, եւ ճի՞շտ է արդյոք, որ հայհոյել է նրանց, ապա. «Չէ… ես ո՞նց կարող եմ նման բան անել, ո՞ւմ պետք է հայհոյեմ… իրանք լավ մարդիկ են, բայց ինձ լավ մասնագետ է պետք, ինձ հուզում է նրանց աշխատելու ձեւը, ամբողջ խնդիրը նա է, որ իրենք չեն ուզում ամբողջությամբ իրենց պոտենցիալը դրսեւորեն, իսկ ես ուզում եմ, որ իրենք 100 տոկոսանոց աշխատանք ցույց տան, որ կարողանանք մեր երկրում ունենալ բալետ»։



 



Ըստ գլխավոր բալետմայստերի, վերջին 3 շաբաթը թատրոն չէր գնում, պարողների հետ չէր շփվում՝ կրքերը ավելորդ չլարելու համար, բայց պարապ չի նստել, տնից աշխատել է, հանդիպումներ ունեցել նկարիչների, կոմպոզիտորների հետ։ Հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում՝ հնարավոր կլինի՞ տնօրենի հետ մի օպտիմալ տարբերակ գտնել, որի արդյունքում եւ բալետի պարողները գոհ լինեն, եւ ինքը, եւ, ի վերջո, թատրոնը չի տուժի, բայց, Խառատյանի կարծիքով, բալետի դերասանը երբեք գոհ չի լինի, որովհետեւ նրա ուզածն է ոչինչ չանել ու փող ստանալ, մինչդեռ «նրանք պայմանագիր են ստորագրել, որ ժամը 11-ից մինչեւ ժամը 6-ը, ամեն օր, պետք է գան աշխատանքի, իսկ ինքը 12-ն անց կես գալիս է եւ ուզում է 2-ին թողնի գնա, սա է իմ պրոբլեմը, ես մի ժամվա մեջ ոչինչ չեմ հասցնում անել»։ Նա նշեց, որ Գրիգորովիչի հետ էլ բալետի պարողները նույն խնդիրներն են ունեցել, ավելին՝ տեղյակ է, որ նրա դեմ էլ են ինչ-որ բաներ արել՝ ստորագրահավաքների տեսքով. «Իրենք ուզում են թելադրեն, թե ինչ են ուզում անել, իսկ իրենք ուզում են ոչ մի բան էլ չանել, սա է պրոբլեմը ու սա ամբողջ երկրի պրոբլեմն է»։



 



Ինչ վերաբերում է բալետի պարողների վարձատրությանը, ասաց, որ իր հերթին պայքարել է նրանց բարձր վարձատրության համար, եւ իր անցկացրած որակավորման արդյունքում էլ բալետի 27 պարողի աշխատավարձը բավական բարձրացել է, աշխատավարձի ամենաբարձր սանդղակը մոտ 250 հազար է, իսկ ամենացածրը՝ մոտ 100 հազար։



 



Սոնա Ադամյան