Վարչապետը՝ դանակ--պատառաքաղից օգտվել իմացող մարդ լինի

Վարչապետը՝  դանակ--պատառաքաղից օգտվել իմացող մարդ լինի

Հարցազրույց Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ






-Պարոն Բաբայան, մի քանի օր է, ինչ ազգովի կռահումների մեջ ենք՝ ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, ի՞նչ եք կարծում՝ նոր վարչապետն ինչ-որ բան կփոխի՞ մեր երկրում, տնտեսության մեջ։






-Եթե նոր վարչապետով է հիմնավորվելու ամբողջ հայեցակարգը փոխելը, ապա ողջունելի է, բայց ես խնդիրը տեսնում եմ ոչ թե անձերի, այլ ընդհանուր մոդելի մեջ, որով առաջնորդվում է մեր երկիրը։ Իհարկե, նախընտրելի կլիներ, եթե վարչապետ լիներ մի մարդ, որը իմանար՝ ինչպես է պետք օգտվել դանակ-պատառաքաղից, բայց դա արդեն զուտ իմ անձնական համակրանքների հարց է, իսկ երկրի տեսակետից, կարծում եմ, կառուցվածքային, արժեհամակարգային փոփոխությունները շատ ավելի կարեւոր են, քան անհատների փոփոխությունը։ Այս դեպքում նույնիսկ նախագահի անձով չեմ բացատրում որեւէ բան։ Փորձեք երկրում ստեղծել բալանս, վերահսկողության եւ վստահության մթնոլորտ, որը հենց այնպես չի ստեղծվում եւ կոնկրետ մեխանիզմներ ունի՝ ստեղծելու համար։ Այն ժամանակ, երբ ստեղծենք այդ մեխանիզմները, կհասկանանք, թե ինչպես վերադարձավ վստահությունը։ Ի վերջո, կուտակային կենսաթոշակի հետ կապված այս ամբողջ պատմությունը վստահության պակասի հետ էր կապված։ Ամենակարեւոր խնդիրը վստահության վերականգնումն է, իսկ դա վերականգնվում է գործերով, չես կարող մոտենալ ու ասել՝ վստահեք։ Համակարգային փոփոխությունների  անհրաժեշտությունն ակնհայտ է բոլորի համար, ինչքանով դա կիրականանա, ինչքանով վարչապետի փոփոխությունն ուղղված կլինի հենց այդ գործին, այլ ոչ թե լարվածությունը հանելուն, որովհետեւ եթե լարվածությունը կարելի է հանել՝ մարդուն փոխելով, ապա համակարգային փոփոխության բացակայության դեպքում այդ լարվածությունը շատ արագ վերականգնվում է ու դեռ մի բան էլ ավելանում։



 



- Նախօրեին տեղի ունեցավ նաեւ ոչ իշխանական 3 ուժերի հանդիպումը, ովքեր որոշել են համատեղ քաղաքական օրակարգ ձեւավորել։ Ի՞նչ եք կարծում՝ դա կհաջողվի՞ իրենց։






-Դա կախված է նրանից, թե ինչ կառաջարկեն, եթե առաջարկեն նման փոփոխություններ ու ցույց տան ճանապարհը, որով պետք է գնալ, ապա դա կլինի ռացիոնալ բան։ Եթե հարցը վերաբերում է էլի անձերը փոխելուն, ապա շատ մեծ ոգեւորություն դրանից չեմ ապրում։ Կարծում եմ՝ այդ կուսակցությունները միայն գործիքներն են, իսկ իսկական շարժիչ ուժը հասարակությունն է՝ իր հասարակական կազմակերպություններով։ Կան պրիմիտիվ ու ոչ պրիմիտիվ հասարակական պահանջներ։ Պրիմիտիվ հասարական պահանջներն այն են, որ սրիկաներին հանենք, մյուս սրիկաներին բերենք, ինչն այդքան էլ լուրջ չէ։ Կան նաեւ շատ լուրջ հասարակական պահանջներ՝ արդարություն, արժանապատիվ աշխատանք ու վերաբերմունք, արժեհամակարգի ընտրություն, որ շատ կարեւոր է մեզ համար, երկրի անկախություն, որը պարզապես միայն դրոշակ, օրհներգ ու զինանշան չէ, այլ որոշակի բովանդակություն կրող հասկացություն։ Մեր հասարակությունը երկար ժամանակ զրկված է եղել նորմալ կուսակցական պայքարից, դրա համար ավելի շատ սպասելիքներ ունեն կուսակցություններից, քան վերջիններս արժանի են։ Հիմա արդեն հասարակությունը հասկանում է, որ ոչ թե սպասելիքներ պետք է ունենա կուսակցություններից, այլ ինքը թելադրի այն պահանջները, որն իր առջեւ դրել է։ Եվ այն կուսակցությունը, որը հանձն կառնի իրականացնել այդ պահանջները, կունենա որոշակի համակրանք։



 



-Այս փուլում առաջնայինը երկրում սահմանադրակա՞ն, թե՞ տնտեսական բարեփոխումներ իրականացնելն է։






-Կարծում եմ ճիշտն այն է, երբ զուգահեռ են գնում՝ բոլոր ճանապարհներով, որովհետեւ եթե մի կողմն ես զարգացնում, ապա անձի փոփոխությամբ այն շատ շուտ կարող է ետդարձ ունենալ՝ չիրականացվել։ Այսինքն, եթե մենք այսօր զարգացնում ենք միայն խոսքի ազատությունը, բայց չենք ստեղծում համապատասխան տնտեսական հիմնավորում դրա համար, ապա շատ հեշտ կարելի է այդ խոսքի ազատությունից հրաժարվել՝ ցանկության հարց է։ Իսկ ես հիմնավորված փոփոխությունների կողմնակից եմ։ Դրա համար չի կարելի սահմանափակվել մի ուղղությամբ. ե՛ւ տնտեսությունը պետք է զարգանա, ե՛ւ քաղաքականությունը,  փոփոխությունները մշտական գործոն են, չեմ կարծում, որ Ֆրանսիան պակաս ժողովրդավարական երկիր է, որ հրաժարվեց 7 տարվա նախագահական ժամկետից ու անցավ 4 տարվա, այսինքն, դա բարեփոխում էր, որն ավելի ճիշտ է։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



sona.adamyan@hraparak.am