Տարբերություն չկա` «Պետրոսը» կլինի, թե «Պողոսը»

Տարբերություն չկա` «Պետրոսը» կլինի, թե «Պողոսը»

Երկրի թիվ մեկ գլուխկոտրուկը լուծվեց, նախօրեին հայտնի դարձավ ՀՀ 13-րդ վարչապետի անունը։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկա 10 օրում Հովիկ Աբրահամյանը կձեւավորի նոր կառավարություն, որից հետո պարզ կդառնա նաեւ, թե նախարարներից ով իր տեղում մնաց, իսկ ով հրաժեշտ տվեց իր աթոռին։ Հավանական փոփոխությունների մեջ քննարկվում են նաեւ մշակույթի նախարարի ու այդ պաշտոնին հավակնողների անունները, բայց այս պահի դրությամբ դեռ ոչինչ հայտնի չէ։



 



Թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանից հետաքրքրվեցինք, թե նոր վարչապետի նշանակումից հետո ակնկալիքներ կա՞ն, որ մշակութային քաղաքականությունը կվերանայվի, հատկապես, որ Հովիկ Աբրահամյանն ամեն տարի հովանավորում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ արժանանալով թատրոնի մարդկանց գովեստներին, Ծատուրյանը նշեց, որ բարդ հարց է, հետո հիշեց, որ մի քանի անգամ է հանդիպել Աբրահամյանին, եւ նկատել է, որ վերջինս բավական ջերմ վերաբերմունք ունի արվեստի նկատմամբ. «Տա Աստված, դա շարունակվի, եւ մշակույթին ավելի մեծ ուշադրություն հատկացվի, հույս ունեմ, որ պարոն Աբրահամյանն ավելի մեծ ուշադրություն կնվիրի մշակույթին»։



 



Ծատուրյանը դժվարանում է պատասխանել, թե դաշտում կա՞ հարմար թեկնածու, ով կարող է լինել մշակույթի նախարար, նա միայն անցած ժամանակով է խոսում՝ տալով Հովհաննես Իգիթյանի անունը, ով, ըստ նրա, շատ կարող մարդ էր, իսկ հիմա դժվար է ասել։ Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա «պետք է լինեն մարդիկ, ովքեր նվիրվեն ոչ թե փողին, այլ հայրենիքին»։



 



Խնդրեցինք գնահատել ներկայիս նախարարի պաշտոնավարման 7 տարիները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ եղել. «Գիտե՞ք ոնց, մարդ կարող է 15-20 տարի պաշտոնավարի, եւ իսկապես տեսնես արդյունքներ, չգիտեմ ապագան ինչպես կլինի, դա շատ բարդ խնդիր է»։ Այնուամենայնիվ, արժե՞ Հասմիկ Պողոսյանին փոխել, թե՞ ոչ, ըստ Ծատուրյանի, այս դեպքում նույնը կարելի է ասել բոլոր նախարարների դեպքում. «Պետք է շատ բաներ մտայնության մեջ փոխվեն, կառավարման, ծրագրերի մեջ, որովհետեւ տեսնում եմ՝ բոլորն էլ զբաղված են փող կուտակելով, ոչ թե մշակույթի, երկրի տնտեսության, արդյունաբերության մասին մտածելով, սա է մեր խնդիրը, համակարգում շատ բան պետք է փոխվի, որ ամեն ինչ տեղն ընկնի, իսկ այսպես՝ դե լավ, Պողոսը չլինի, Պետրոսը լինի, ոչ մի տարբերություն»։



 



Երաժիշտ Արթուր Իսպիրյանը համոզված է, որ նոր վարչապետի նշանակումը  մշակութային քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չի ունենա. «Մնացածի մասին չգիտեմ, ոչ մի զգացմունք չեմ ապրում հնին հանելուց եւ նորին նշանակելուց, որովհետեւ չեմ կարծում, թե ինչ-որ մի բան պիտի փոխվի, եթե փոխվի, ուրեմն ես սխալվում եմ ու ոչինչ չեմ հասկանում, բայց ինձ թվում է՝ ոչինչ չի փոխվելու, եւ ինչի՞ պիտի փոխվի, ո՞վ է ցանկացողը, որ փոխվի»։



 



Ըստ Իսպիրյանի՝ մշակույթի նախարարի պաշտոնում հարմար թեկնածուներ միշտ էլ կան ու եղել են, քանի որ տաղանդավոր ազգ ենք ու լավ մտավորականներ ունենք, որ կարող են դաշտը շատ լավ ղեկավարել, բայց «չեմ կարծում, որ ինչ-որ մի բան պետք է փոխվի, որովհետեւ ով էլ գա, նույն կերպ է ղեկավարելու, ամենահմուտ մասնագետն էլ գա, այս պայմաններում, այս կառավարության մեջ կատարելու է հրամաններ, այսինքն, այն, ինչ իրեն ասում են։ Ոչ ոք ինքնագլուխ ոչինչ չի կարող անել, ով էլ լինի նախարար, միեւնույն է, նույն մտավորականների բողոքները կլինեն, մեկի համար՝ լավ, մեկի համար՝ վատ, այդ ամբողջը սիստեմից է կախված, դա միայն նախարարության աշխատանքով չի որոշվում։ Դրա համար ես ոչ մի փոփոխություն չեմ սպասում, հատկապես մշակույթի ոլորտում, կարող է լավ չի, որ այդքան լավատես չեմ, ամեն դեպքում, վարչապետի փոփոխությունն ինձ առանձնակի ուրախություն չպարգեւեց»։ 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]