Օնլայն բառարան՝ աշխարհի հայերի համար

Օնլայն բառարան՝ աշխարհի հայերի համար

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենայական թարգմանությունների լաբորատորիան ստեղծվել է 14 տարի առաջ՝ բուհի տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մանուկյանի նախաձեռնությամբ, իսկ 8 տարի առաջ այդ հենքի վրա սկիզբ դրվեց էլեկտրոնային օնլայն բառարաններ կազմելուն։ «Կառավարության խնդիրներից մեկը պետք է լինի հայոց լեզվի պահպանման հարցը։ Եթե ճիշտը խոսենք, այսօր 2 մլն մարդ է ապրում Հայաստանում, 8 մլն հայեր դրսում են. սրանք լեզուն կորցնում են։ Գնալուց մի 2 տարի հետո երեխան մոռանում է հայերենը, սովորեցնելու համար պետք է լինեն էլեկտրոնային օնլայն բառարաններ, որ աշխարհի ամեն անկյունում մատչելի լինի։ Ասում ենք՝ լեզուն պահպանենք, գրքեր տպագրենք, հեռուստատեսությունն է շատ կարեւոր երկրի ներսում, բայց դրսում չկա այս ամենը, չկան բառարաններ, լեզու էլ չկա։ Մեր ստեղծած օնլայն բառարանները հենց այդ խնդրի լուծմանն են ուղղված»,- ասում է պրոֆեսորը։



 



Աշխարհում չորս երկիր ունի այդպիսի բառարաններ, ինչպես նշում է պրոֆեսորը, Ռուսաստանը, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, հինգերորդը Հայաստանն է։ Իսկ այսպիսի բառարաններ կազմելը գլուխ բերելու համար լուրջ ֆինանսներ եւ պետական հովանավորություն է անհրաժեշտ։ «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավանություն տվեց մեր նախաձեռնած ծրագրին եւ 40 մլն դրամ ֆինանսավորման որոշում կայացրեց։ Դա, ցավոք, իր մահից 2 օր առաջ էր, եւ հետագայում այդ որոշումը մնաց թղթին»,- ասում է պրոֆեսորը։ Իսկ այդ տարիների ընթացքում ծրագիրը ֆինանսավորում է Մանուկյանը՝ սեփական միջոցներով, նվիրյալի սկզբունքով, ինչպես Հայաստանում արվող շատ ու շատ մշակութային ու գիտական նախաձեռնություններ, որոնք, ի վերջո, մեր երկրի համար են արվում, սակայն երկիրը, որպես կանոն, ձեռքերը լվանում է այս ամենից։ Միայն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է որոշակի օգնություն ցուցաբերում՝ աշխատավարձի տեսքով։



 



Բառարանները կազմվել են 11 լեզուներով՝ հայերեն-ռուսերեն, թուրքերեն, անգլերեն, թալիշերեն եւ այլ լեզուներով։ «Թուրքիայում մեծ քանակությամբ ծպտված հայեր ունենք, նրանք լեզուն սովորելու կարիք ունեն, բայց չունեն հնարավորություն, այս օնլայն բառարանները հենց լեզուն սովորելու հնարավորություն են։ Բացի այդ, համշենահայերի համար ենք բառարան կազմել»,- ասում է պրոֆեսոր Մանուկյանը։ Կան եւս 7 լեզվով կազմված բառարաններ, որոնք, սակայն, առայժմ դատարկ են, այսինքն, պակասում է բառամթերքը՝ համապատասխան մասնագետներ չունենալու պատճառով, որովհետեւ չկան ֆինանսներ, իսկ մասնագետը, բնականաբար, չի ուզում անվճար աշխատել։ Իսկ մինչ օրս կազմված բառարանները մի քանի նվիրյալների ջանքերով են իրականացվել, գործ, որը ոչ միայն պետական, այլեւ աշխարհասփյուռ հայության համար մեծ նշանակություն ունի։



 



«Լեզվի ինստիտուտը, պետհամալսարանը եւ մեր Ակադեմիայի համակարգը եթե կիրառի այս նոր տեխնոլոգիան, բառարանները մեխանիկորեն կլցվեն, բայց չեն ցանկանում ներդնել, ես դրա դիմաց ոչինչ չեմ պահանջում, ոչ հեղինակային իրավունք, ոչ էլ գումար, պատրաստակամ տալիս եմ, միայն թե ներդնեն, եւ այդ բառարանները հարստանան, սա է իմ նպատակը։ Դրա համար պետք է հորդորի կառավարությունը, նախաձեռնի Ակադեմիան, մի խոսքով՝ պետական մոտեցում լինի»,- պարզաբանում է պրոֆեսոր Մանուկյանը։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ