Նազարբաևի Եվրասիական միությունը

Նազարբաևի Եվրասիական միությունը

Մինչ ողջ աշխարհը զբաղված է Ուկրաինայի հարավում Ռուսաստանի գործակալների խառնակիչ գործունեության դրվագները եւ կատարողներին մերկացնելով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, ԵԱՀԿ պատանդ դարձած դիտորդների խնդրով, ՌԴ նախագահը շաբաթվա վերջին մեկնել է Սանկտ Պետերբուրգից ոչ այնքան հեռու, Լադոգա լճում գտնվող Վալաամի Սպասո-Պրեոբրաժենսկի վանական համալիր: Դա հնագույն քրիստոնեական սրբավայր է, Ռուսաստանի չափանիշներով շատ հին` 700-900 տարվա պատմությամբ:  Համալիրում Պուտինը մասնակցել է պատարագի, նույնիսկ ժամանակ է գտնել կղզում առանձնանալու եւ վերջում էլ ասել է, թե «Վալաամում առանձնահատուկ աուրա է, կարողանում ես հեռանալ աշխարհիկ ունայնությունից, խնդիրներից եւ կենտրոնանալ գլխավորի վրա»:



 



Թե ինչն է իր աչքին գլխավոր երեւում, ՌԴ նախագահը չի որոշակիացրել, բայց որ ողջ աշխարհի հետ խնդիրներ է ստեղծել, ամենքն են տեսնում: Ոմանք նաեւ օգտվում են, այդ թվում Ղազախստանի նախագահը: Ի տարբերություն Պուտինի, Նազարբաեւն անցյալ շաբաթավերջից ոչ թե աշխարհից առանձնանալու, այլ համաշխարհային զարգացումների գրավիտացիոն կենտրոնն Աստանա տեղափոխելու գործին է լծվել: Առանց հումորի, միանգամայն լուրջ, Նազարբաեւը Մաքսային եռյակի նիստի նախօրեին, ապրիլի 28-ին հոբելյանական ելույթ է ունեցել Մոսկվայի մի համալսարանում եւ ասել է, որ ոչ G7-ը, ոչ G20-ը չեն կարողանում համաշխարհային զարգացման մարտահրավերներին պատշաճ արձագանքել: Ըստ Նազարբաեւի, լուծումն այն է, որ G-Global համակարգ ստեղծվի, որտեղ 160 երկիր ինտերակտիվ համագործակցեն:



 



Ինչո՞ւ է Նազարբաեւը որոշել, որ հենց ինքը պետք է աշխարհին հուշի գրանդ գաղափարներ: Եվրասիական ինտեգրման «հաջողությունն» է նման ինքնավստահության հիմքը: Նազարբաեւը մոսկովյան համալսարանում հայտարարել է, որ եվրասիական ինտեգրումն ուղիղ 20 տարի առաջ իր կողմից առաջարկված գաղափար ու նախաձեռնություն էր, որ տարիներ անց նախագահ Պուտինի կողմից արժեւորվեց եւ իրագործման ավելի մեծ թափ ստացավ: Ըստ Նազարբաեւի, Եվրասիական միությունն ամենեւին չի կարող դառնալ նոր ԽՍՀՄ: Չկա նման հնարավորություն: Եվրասիական միությունն ունի մեկ կենտրոնական հավակնություն` կամրջել Հեռավոր Արեւելքը եւ Եվրոպան: Ընդսմին, ոչ թե միայն կամուրջ ծառայելով,  այլ ինքնուրույն տնտեսապես մրցունակ միավորի վերածվելով: Դրա համար ապագա Եվրասիական տնտեսական միության բոլոր կառույցները պետք է տեղակայվեն աշխարհագրական Եվրասիայի կենտրոնում, այն է` Աստանայում: Ահա այդպես:



 



Այսինքն, միանգամայն հասկանալով, թե Ռուսաստանն ինչ միջազգային շրջափակման եւ անկման մեջ է, Ղազախստանի նախագահը ճիշտ ժամանակն է ընտրել ըստ ղազախական պատկերացման Եվրասիական միություն ստեղծելու: Ոչ թե ԽՍՀՄ-2, այլ հստակ, Եվրոպայից մինչեւ Չինաստան տարածվող տնտեսական գոտի: Հրաշալի կլինի, քանի որ Հայաստանն այդտեղ այլեւս բոլորովին անելիք չի գտնի:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]