ՀՀԿ կադրային ճգնաժամը շարունակվում է

ՀՀԿ կադրային ճգնաժամը շարունակվում է

ՀՀԿ-ում խառն են, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ դառնալուց հետո ֆրակցիան եւ ղեկավարի պաշտոնն անտեր են մնացել: Չնայած ՀՀԿ-ից երեկ հայտնեցին, որ հարցը լուծում կստանա հինգշաբթի, ԳՄ հերթական նիստի օրը՝ «վերադասի» կողմից, սակայն մի քանի օր է՝ արդեն թեժ քննարկումներ են ծավալվում այս թեմայով:



Գրիգորիչը չի ցանկանում համատեղել խոսնակի եւ ֆրակցիայի ղեկավարի պաշտոնները եւ ուզում է առաջ բրթել իր մտերիմ Վահրամ Բաղդասարյանին: Սակայն այս պաշտոնը զբաղեցնող անձը պետք է կարողանա լեզու գտնել ոչ միայն կուսակիցների, այլեւ մյուս խմբակցությունների հետ, իսկ Բաղդասարյանը բազում ՀՀԿ-ականների հետ խնդիրներ ունի եւ ոչ բարիդրացիական հարաբերություններ: ՀՀԿ-ից հայտնեցին, որ մյուս «հարմար թեկնածուներ» Սամվել Նիկոյանն ու Գագիկ Մինասյանն էլ իրենք ցանկություն չունեն, վերջինը «չի ուզում գլուխը ծանր բեռի տակ դնել», իսկ տիգրանսարգսյանական թիմի անդամի համարում ունեցող Նիկոյանը հասկանում է, որ Գրիգորիչ-Արգամիչ տանդեմի «գործիքն» է դառնալու: Այնպես որ, չնայած կառավարությունը ձեւավորվել է, սակայն ՀՀԿ կադրային ճգնաժամը շարունակվում է: Հայտնի է, որ խմբակցության քարտուղարի պոստը կզբաղեցնի Գագիկ Մելիքյանը, որը զբաղեցնում էր Հովհաննես Սահակյանը, ով այլեւս պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է: