Հովհաննես Խաղաղարար, վարչապետ հայոց

Հովհաննես Խաղաղարար, վարչապետ հայոց

Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Շարմազանովի հայտարարությունը, թե հաջողության ձգտող ուժերն ու անհատ քաղաքական գործիչները առաջիկա 10 տարիներին պետք է նախ հանդիպեն Մելիք-Ադամյան փողոց, ուղղված չէ որևէ կուսակցության, այդ թվում՝ ԲՀԿ-ի դեմ:



 



Պետք է համաձայնել Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն անհրաժեշտ է նաև նշել, որ սա նման է այն իրավիճակին, երբս մեկը կանգնի ամբիոնի մոտ և դիմի դահլիճին՝ նա, ով չի ընդունում, որ ես եմ ամենախելոքն ու ուժեղը, ապուշ է: Բնականաբար՝ այդ խոսքը դահլիճում նստածներից ոչ մեկին անհատապես չի վերաբերում, բայց եկեք համաձայնեք, որ Շարմազանովը հենց այդ է ասել հրապարակի քաղաքական ուժերին:



 



Հիմա բոլորովին այլ խնդիր է, որ ԲՀԿ-ն, լինելով ոչ պակաս գերկուսակցություն, իր վրա է վերցրել Շարմազանովի ասածն ու իր նախագահի մակարդակով ռեպլիկ է բաց թողել ՀՀԿ-ի, ավելի ճիշտ «Մելիք-Ադամյան» փողոցի հասցեին:



 



Կարելի էր, թերևս համարել որ հաշիվը հավասարվեց՝ 1:1, բայց լրագրողները, քանի որ անհանգիստ ժողովուրդ են, վազ են տվել Հովիկ Աբրահամյանի՝ Գագիկ Ծառուկյանի խնամու մոտ, թե հար-հարաքյաթ, այսպիսի զուլում՝ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակին, որ նույնն է՝ Սերժ Սարգսյանին:



 



Նախ՝ ինչո՞ւ են լրագրողները գնացել Հովիկ Աբրահամյանի մոտ: Ի՞նչ է նա Գագիկ Ծառուկյանի թարգմա՞նն է, թե դպրոցի դասատուն: Եվ, բացի այդ, Գագիկ Ծառուկյանը վաղուց չէր կսմթել ՀՀԿ-ին, ինչո՞ւ չեն թողնում, որ ԲՀԿ առաջնորդը տևական հաճույք ստանա իր ասածից, մանավանդ որ քրեորեն հետապնդելի բան չի ասել, ինչպես մի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ական նախարարներն իրենց տեղում չեն: Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ՝ ի՞նչ կարծիքի է Ծառուկյան Գագիկը այսօրվա կառավարության առանձին նախարարների, օրինակ՝ Երվանդ Զախարյանի մասին: Թե՞ էլի պետք է սպասենք, որ նա հաջորդ դասին խոսի այդ մասին:



 



Հիմա գանք Հովիկին: Պարոն Աբրահամյան, Գագիկ Ծառուկյանը բացահայտ ասել է, որ այսուհետ Աստված էլ լինի ՀՀԿ շտաբի պետ, հաղթանակները շրջանցելու են այդ շտաբը: Դուք եկել՝ սղալում եք, թե չէ, դա այդպես չի եղել, Շարմազանովին սխալ են հասկացել, ցավում եմ և այլն: Ինչո՞ւ չեք ասում՝ թող Շարմազանովն այդպիսի բան չասեր, իմ խնամին էլ չպատասխաներ: Այդ ժամանակ կասեինք, որ, որպես վարչապետ արդար եք դատում: Այլապես երկուսի միջև խաղաղության աղավնի եք դարձել, որ ի՞նչ անեք:



 



Էդիկ Անդրեասյան