Ընտրովի տոլերանտություն

Ընտրովի տոլերանտություն

Հարցազրույց երգահան, «Էմփիրեյ» խմբի անդամ Գիսանե Պալյանի հետ



 



- Գիսանե, «Եվրատեսիլ» երգի մրցույթում այս տարի հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը, ում հաղթանակի շուրջ խոսակցությունները մի քանի օր է` չեն դադարում, անգամ մրցույթը բոյկոտելու կոչեր են հնչում։ Դուք ինչպե՞ս եք բացատրում այս աղմուկը։






- Կարծում եմ՝ շատ բնական, նորմալ մարդկանց կողմից բարձրացված աղմուկ է։ Ինքս չեմ հասկանում նման երեւույթները, ու դա իմ համար աննորմալ է եւ անընդունելի այն փաստը, որ Եվրոպայում գնալով ավելի է պրոպագանդվում միասեռականությունը։ Հասել են մինչեւ անգամ նրան, որ պետականորեն կարողանում են ամուսնություններ գրանցել…



 



- Բայց մի քանի տեղ ինֆորմացիա կար, որ Կոնչիտայի կերպարը հենց այդպիսին ստեղծվել է հատուկ Եվրատեսիլի բեմի համար։






- Շատ ավելի վատ իր համար, եթե իրականում նորմալ տղամարդ է, ու հատուկ է արվել։ Դա խոսում է այն մասին, որ աշխարհում՝ արվեստի բնագավառում, այնպիսի դեգրադացիա է գնում, որ միայն թե սեւ փիառի միջոցով ուշադրություն գրավեն։ Եթե դու ունես լավ ձայն, ներկայացնում ես լավ երգ, ապա դու ներկայացի եւ հաղթի քո լավ ձայնով ու լավ երգով։ 



 



- Հետաքրքիր է, որ Կոնչիտայի կերպարին Հայաստանում հեռուստադիտողները բավական ադեկվատ են վերաբերվել, sms-ների միջոցով նա 2-րդ տեղն է գրավել, եւ միայն ժյուրին է նրան ամենաքիչ միավորները տվել։






- Ինձ համար անհասկանալի էր, թե ինչպես Հայաստանում նրան այդքան ձայն տվեցին։ Եթե անկեղծ, ապա զուտ երաժշտական կողմից ինձ ոչ Կոնչիտայի երգը դուր եկավ, ոչ էլ իր երգեցողությունն էր առանձնապես ֆանտաստիկ։ Եթե ես որոշելու լինեի, ապա իսկապես կբոյկոտեի այդպիսի մրցույթը։ Չէ՞ որ մեր երեխաներն էլ են նայում այդ մրցույթը եւ հարցեր են տալիս, որոնց պիտի կարողանանք պատասխանել։ Այդ առումով ինձ համար դա նաեւ շատ վատ դաստիարակչական հաղորդում էր։



 



- Այդ դեպքում ինչո՞ւ նույն աղմուկը եւ բոյկոտելու կոչերը չեղան Ռուսաստանը ներկայացնող «Տատու» խմբի եւ Ուկրաինան ներկայացնող Վերկա Սերդյուչկայի շուրջ, չէ՞ որ նրանք էլ իրենց իմիջով ու տեսակով հեռու չէին Կոնչիտայից։






- Համաձայն եմ, բայց ասեմ նաեւ, որ ես աշխատում եմ չնայել այդ մրցույթը, որովհետեւ դա ինձ համար երաժշտական մրցույթ չէ, եւ զուտ մասնագիտական հետաքրքրությունից եմ նայում, ինչ վերաբերում է նույն «Տատուին» եւ Վերկա Սերդյուչկային, երեւի թե նրանք այդ աստիճան ակնհայտ չէին, ինչպես որ սրա դեպքում՝ 3-րդ սեռի մարդ ներկայանալը։ Թե «Տատուն», թե Վերկա Սերդյուչկան ուղղակի դեր էին խաղում, բայց այս երեւույթը շատ տգեղ էր։



 



- Ակնհայտ է, որ նման խոշոր մրցույթների դեպքում ամեն ինչ արվում է լավ շոու ունենալու համար, եթե այդ տեսանկյունից նայենք, ապա, ի դեմս Կոնչիտայի, Ավստրիայի քայլն արդարացված չէ՞ր։






- Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր անում են սեւ փիառ, ցանկացած երկրում, դրանք կոմպլեքսավորված մարդիկ են։ Երբ մարդ զգում է, որ ինքն իրենից բան չի ներկայացնում՝ իր երգով, տաղանդով, էմոցիաներով հաղթելու համար, սկսում է անցնել սեւ փիառի՝ մի հիմարություն անելով։ Նույնն էլ այս դեպքում, շատ էժանագին փիառ, եթե միտումնավոր են արել՝ փոքրամասնությունների ուշադրությունը գրավելու համար։ Իսկ եթե դա հատուկ չի արվել, ու նրանք գտնում են, որ այդ Կոնչիտա կոչվածը լիարժեք մարդ է, ինչպես որ մնացածը, ապա շատ ավելի վատ։



 



- Համաձայն չե՞ք այն կարծիքներին, որ այդ քվեարկությամբ Եվրոպան ցույց տվեց իր տոլերանտությունը, որ հարգում է ցանկացած մարդու իրավունքները։






- Դե, Եվրոպան վաղուց է ցույց տվել, որ ինքը տոլերանտ է նման բաների նկատմամբ։ Շատ եվրոպական երկրներում հենց պետական մակարդակով ընդունվեցին միասեռականների ամուսնությունները, որից գնում է ընտանիքների, երեխաների հոգեբանության խեղաթյուրում, իսկ այդ ամեն ինչն արդյո՞ք միայն տոլերանտության դրսեւորում է, թե՞ ավելի հեռուն գնացող նպատակներ կան, ասենք՝ այդկերպ կանգնեցնելու բնակչության աճը։ Սա շատ աննորմալ բացատրություն է, որովհետեւ միասեռականներն իրականում եղել են Հուլիոս Կեսարի ժամանակներից, բայց այդ դրսեւորումներն ավելի խորը խնդրի հարց են, ոչ թե հանդուրժողականության եւ տոլերանտության։



 



- Վերջում կուզեի նաեւ մեր մասնակցի՝ Արամի ելույթը գնահատեիք, ինչպիսի՞ն էր առանց պարողների ու բեք վոկալի կառուցված լուսային շոուն։






- Արամի ելույթը եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ ես մի քանի տարի շարունակ փորձում էի ասել. նախ, բարձր հորիզոնական գրավելու գործոնը հենց իր անձի մեջ էր, նա երբեւիցե իր անձն ինչ-որ արարքներով, խոսքերով, հայտարարություններով չի փչացրել, մարդիկ իրեն սիրում են։ Այդ գործոնը շատ կարեւոր էր, հետո, որպես երաժիշտ, երեւի առաջին երգն էր, որ շատ ճիշտ էր ընտրված, որովհետեւ ոչ հայերի քվեարկության համար մենք պետք է խոսենք իրենց հասկանալի լեզվով։ Արամը խոսեց Եվրոպայի լեզվով, եւ երգը լրիվ եվրոպական ստանդարտներին համապատասխան էր։



 



- Բայց, միեւնույն է, սա էլ բավական չէր։






- Գիտեք, կարեւորը ոչ այնքան 4-րդ տեղն է, որքան ելույթը, ինքը շատ լավ ելույթ ունեցավ եւ ապացուցեց, որ կողքից ավելորդ պարողներ, թռվռացողներ չեն լավացնելու երգը, շոուն այդ մարդն էր իր երգով, եւ ինքն իրենով արդեն շոու էր։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]