Ազնավուրը՝ հակամշակութային օկուպացիայի մեջ

Ազնավուրը՝ հակամշակութային օկուպացիայի մեջ

Մայիսի 12-ին Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե, մեծն հայ Շառլ Ազնավուրի համերգը։ Համերգն անցկացվում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո եւ այդ «հովանու» ներքո գտնվող «պսեւդո էլիտայի» համար։ Ինչքան հակամշակութային դեմք կար, երեկ կարելի էր տեսնել Ազնավուրի համերգին շտապելիս. ԱԺ նախագահ եւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախկին եւ ներկա վարչապետներ, շարքային չինովնիկներ, գործող իշխանության կրծքանշանով վերվեր թռչող ու Ազնավուրի տոմսերը ձեռքների մեջ թփթփացնող ջահելներ, ծանրաքաշ նախարարներ՝ բոլորը գնում էին Ազնավուր լսելու, բայց ոչ այն պատճառով, որ Ազնավուր շա՜տ են սիրում, ապրել ու մեծացել են նրա երգերի ներքո, գնում էին, որովհետեւ Ազնավուրն այսօր բրենդ է, կենդանի բրենդ, որին ուզում էին ինչ-որ կերպ մոտենալ։ Բայց ինչքան էլ որ«Լա բոհեմ» լսեք, մեկ է, չեք դառնա ազնավուրյան բոհեմի մասը, ձեր ապրած բոհեմն ու լսած երաժշտությունը սահմանափակվում են «Փարվանայով» եւ «Հարսնաքարով»։ Այդպես մի կանգնեք Ազնավուրի կողքին, դուք եք հենց նրա կողմից բազմիցս քննադատված քրեական ու կոռումպացված իշխանությունը, որ հարստահարում է սեփական ժողովրդին։



 



Իսկ Ազնավուր լսող ժողովուրդն այդ օրը շա՜տ հեռու էր Ազնավուրից՝ Մարզահամերգային համալիրի դռներից այն կողմ։ Մարդիկ միամտորեն խնդրում էին մի քանի շարք կանգնած անվտանգության աշխատակիցներին՝ Ազնավուրին փոխանցել, որ իր հանդիսատեսի մի մասը դրսում է: «Եթե Ազնավուրն իմանա, որ դրսում մարդ կա,ես վստահ եմ, կասի՝ դռները բացեք, թող ներս գան»,- ասում էր մի կին։ Դռների մոտ հավաքվածները պատմում էին, որ ամենաառաջին օրը, երբ իմացել են համերգի մասին, գնացել են տոմսեր առնելու՝ պատրաստ վճարելու թե նվազագույն՝ 10 հազար դրամը եւ թե առավելագույն՝ 60 հազարը, բայց տոմս չի ճարվել, տոմսերը մեջ-մեջ են արել պետական գերատեսչությունները։



 



Ներկաներն անզորությունից սկսեցին սպառնալ, որ կգնան ու Ազնավուրի ֆեյսբուքյան էջում կգրեն, թե իրականում ինչ է կատարվել համերգի ժամանակ։ Մարդկանց հուսահատությունը հասավ գագաթնակետին, դռների մոտ սկսվեց հրմշտոց, վրա հասան անվտանգության աշխատակիցներն ու կոպտորեն հրեցին հավաքվածներին, որոնց մեջ էին տարեց կանայք, երիտասարդ աղջիկներ. այնպիսի տպավորություն էր, որ մի քանի սահմանազանց ուզում են Արաքս գետն անցնել, ու սրանք էլ սահմանը թշնամուց կրծքով են պաշտպանում։ Բայց սփյուռքահայի ակցենտով մի տղամարդ համառորեն դուռը բաց չէր թողնում ու անընդմեջ գոռում էր. «Բանտ էլ ընկնեմ, ես պիտի ներս մտնեմ»: Հետո ինչ-որ կերպ անվտանգության աշխատակիցներին համոզեցին, որ գոնե սայլակի վրա նստած աղջկան ներս թողնեն, երկար-բարակ բանակցություններից հետո, հավաքվածների ծափահարությունների ներքո, նրան ներս թողեցին, բայց 5 րոպե հետո հետ ուղարկեցին՝ համերգն ավարտվել էր։



 



Քաղաքացիների վիճակը ոչնչով չէր տարբերվում լրագրողների վիճակից, մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողների, լուսանկարիչների կողքին տեղական լրատվամիջոցներից հավատարմագրել էին Հ1-ին եւ «Արմենիային»։ Այստեղ էլ անվտանգության աշխատակիցները հրաժարվում էին ներս թողնել՝ պատճառաբանելով, որ ներսում 2 երկրների նախագահներն են, չեն կարող, ու ինձ էլ, մեղմ ասած, «հորդորեցին» կանգնածս տեղից ավելի հեռու կանգնել, առանց բացատրելու, թե ինչու։ Քիչ հետո պարզ դարձավ. 2 երկրների նախագահները Ծիծեռնակաբերդից շտապում են համալիր, որոնցից բաժանող հեռավորությունը մոտ 30 մետր է, բայց մեկ է՝ ռացիայով մեկը կանգնել է կողքս, որ հանկարծ ապարատս գլխիցս վերեւ չբարձրացնեմ, ասում եմ՝ առանց այն էլ ծառերի արանքից բան չի երեւում, մեկ է՝ դեմքի արտահայտությունն անդրդվելի է։ Փոխարենը տեսնում եմ 10-ից ավելի լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ, ովքեր ազատ, անկաշկանդ իրենց նախագահի կողքին իրենց գործն են անում՝ առանց որեւէ խոչընդոտի։ Մոտենում եմ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին, ցույց եմ տալիս լրագրողական վկայականս, ասում է՝ պատասխանատու չէ այս հարցում, իրենք ոչ մի լրագրողի չեն հավատարմագրել ներսում գտնվելու համար, եթե նկար է պետք՝ նախագահականից կուղարկեն, ներսում նկարել չի կարելի, ասում եմ՝ ես ուզում եմ համերգի մասին գրել, ասում է՝ համերգ է, համերգի ի՞նչը պիտի գրես…շշմում եմ, դա ասում է նախագահի մամուլի քարտուղարը, ով ժանդարմի նման կանգնել էր դրսում ու լրագրող էր «ցրում», դրանից հետո զարմանալի չէ, թե ինչու լրագրողներին ներս չէին թողնում։



 



Նախագահի մամուլի քարտուղարն ասում է՝ համերգի ի՞նչը պիտի գրվի, եթե գրելու բան չկա, ապա 2 ավտոբուսով 3 տասնյակից ավելի օտարերկրյա լրագրողները, լուսանկարիչներն ի՞նչ գործ ունեն Ազնավուրի համերգին։ Իսկ գուցե նախագահականում վախենում են, որ հանկարծ Ազնավուրի համերգին, ինչպես որ Դոմինգոյի համերգին էր,կարող է ինչ-որ մեկն ինչ-որ մեկի կնոջ կողքի՞ն պատահաբար հայտնվել, թե՞ վախենում են, որ ինչ-որ մեկին «շարիկ գլորելուց» կնկարեն, իսկ գուցե հանկարծ կարող է հայտարարություն հնչել, որ մեր երկրում ոչ միայն խիարներն են թարս աճում։



 



Մի բան հստակ է. մարդն արժեք չէ այս երկրում, Հայաստանում անհասանելի է նաեւ իրական արվեստը, դրա վառ ապացույցն Ազնավուրի համերգն էր, երբ օտարված ես զգում քո երկրից, երբ ոտնահարվում է մարդկային ու մասնագիտական արժանապատվությունդ, երբ արդեն էլ զարմանալի չեն թվում արտագաղթի օր օրի ավելացող թվերը։



 



Սոնա Ադամյան