Ամենաշատ «Հայակ»-ները բաժին հասան «Փարաջանով» ֆիլմին

Ամենաշատ «Հայակ»-ները բաժին հասան «Փարաջանով» ֆիլմին

Երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ազգային կինոյի «Հայակ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի արդեն 3-րդ անգամ էր անցկացվում։ 15 անվանակարգերում ներկայացված էին նախորդ մեկ տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերը։ Ամենաշատ՝ 4 «Հայակ»-ները, ինչպես եւ կանխատեսելի էր, արժանիորեն ստացավ Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը. «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան» եւ «Լավագույն նկարիչ»։   



 



Բացի այդ, համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրման համար եւ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ շնորհվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով նույնպես ներկա էր մրցանակաբաշխությանը։ Հայկական կինոարվեստում ունեցած ակնառու վաստակի համար Համո Բեկնազարյանի անվան մրցանակ շնորհվեց նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Իսկ «Նռան գույնը» կինոնկարի բեմադրական աշխատանքներում ունեցած ներդրման համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Կինոակադեմիայի սահմանած հատուկ մրցանակին էլ արժանացավ կինոռեժիսոր Ռոման Բալայանը:



 



Ընդհանուր առմամբ, մրցանակաբաշխությունը բավական լավ էր կազմակերպված։ Հաղորդավարների դերում հանդես եկող «Արմ Քոմեդիի» տղաների անմիջական հանդիսավարումն ու կինոյի թեմայի վերաբերյալ պատրաստված հոլովակները չթողեցին, որ հանդիսատեսը եւ ոչ մի րոպե ձանձրանա։ Երեկոյի ընթացքում միայն 2 նոնսենս եղավ. մեկը, երբ «Հովեր» երգչախմբի ելույթի ժամանակ բեմի եւ դահլիճի լույսերն անջատվեցին, ինչը թերեւս չազդեց ոչ հանդիսատեսի տրամադրության վրա եւ ոչ էլ երեկոյի ընթացքի, իսկ մյուսը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոսքն էր, ով բեմում մրցանակ շնորհելիս հիշեց բոլոր ֆրանսահայ կինոգործիչներին՝ Անրի Վեռնոյից սկսած մինչեւ Սերժ Ավետիքյան, եւ այդ շարքում անփութորեն մոռացավ տալ Շառլ Ազնավուրի անունը, ինչն աննկատ չանցավ հանդիսատեսի ու կինոգետ Դավիթ Մուրադյանի կողքով, ով տեղից բարձրաձայնեց. «Բա Ազնավո՞ւրը», «խելագարվել կարելի է, Ազնավուրի անունը չտվեց»։ Զուգադիպություն էր, թե ոչ՝ Ֆրանսիայի դեսպանի խոսքից հետո Ազնավուրը հեռացավ դահլիճից, ինչը նորից չվրիպեց Դավիթ Մուրադյանի աչքից, ով կողքի նստածների, ապա նաեւ փոխնախարար Արեւ Սամուելյանի ուշադրությունը հրավիրում էր այդ փաստի վրա։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]