Բրիտանական խորհուրդն ու մետրոպոլիտենն իրար չեն հասկացել

Բրիտանական խորհուրդն ու մետրոպոլիտենն իրար  չեն հասկացել

«Համաեվրոպական գրական գիշեր» ծրագրի շրջանակներում երեկ Երեւանի մետրոյի 4 կայարաններում գրական ընթերցանության օր էր հայտարարվել։ Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս անգլիական գրականության ընթերցանության համար հրավիրել էին դերասան Արսեն Գրիգորյանին։



 



Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը մամլո հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով միջոցառման ժամն ու վայրը։ Սակայն, երբ նշանակված ժամին տեղ հասա, պարզվեց՝ մետրոպոլիտենի կառավարիչները թույլ չեն տալիս ոչ նկարահանել, ոչ էլ լուսաբանել միջոցառումը։ Ծրագրի աշխատակազմին ուղեկցում էր «Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ մամուլի խոսնակը եւ հետեւում էր, որ ոչ մի նկարահանում չլինի. «Մենք Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ նախապես պայմանավորվել ենք, որ տարածք կտրամադրենք։ Նրանք ասացին, որ ցանկանում են հրավիրել բոլոր լրատվամիջոցներին, սակայն դա արգելվել է։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցներին գրություն են ուղարկել. դա անազնիվ քայլ է նրանց կողմից»։ Խոսնակը նշեց նաեւ, որ լուրջ զրույց է ունենալու նրանց հետ. «Թիկունքում բաներ անելը սիրուն չէ։ Նրանք պետք է նախապես պայմանավորված ֆորմատով առաջ շարժվեին։ Թույլ չենք տալիս լուսաբանել այստեղի միջոցառումը, որովհետեւ իրենց հետ հենց այդպես ենք պայմանավորվել։ Փաստորեն, իրենք խոստացել են մի բան, թիկունքում արել այլ բան»: Տեղեկացանք նաեւ, որ Երեւանի մետրոպոլիտենը Բրիտանական խորհրդին թույլատրել է իրականացնել ծրագիրն անվճար հիմունքներով։



 



Մինչ ծրագրի սկիզբը, ժամանեց նաեւ ծրագրի կազմակերպիչներից Նարեկ Թովմասյանը։ Այն հարցին, թե ինչու են մամլո հաղորդագրություն տարածել, եթե չի թույլատրվում նկարահանել, վերջինս պատասխանեց, որ այդ հարցերով իրեն չդիմենք։



 



Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու չի թույլատրվում հանրության համար նախատեսված միջոցառումը, այն էլ հասարակական վայրում, լուսաբանել։ Նկարահանելու արգելքը փորձենք մի կերպ մեկնաբանել՝ իբր ռազմավարական բնույթի օբյեկտ է եւ այլն, իսկ այդ մասին գրել ինչո՞ւ չի թույլատրվում։ Ի դեպ, միջոցառումն ուշացրին 40 րոպեով։ Մետրոյի ուղեւորների մի մասը հետաքրքրությամբ էր լսում Ռասել Սելին Ջոնսի «Կործանման եզրին» ստեղծագործությունը։ Սակայն անտարբերներն էլ քիչ չէին։ Նույնիսկ մի տատիկ այնքան անհաղորդ էր մետրոյում տեղի ունեցող իրադարձությանը, որ գնաց եւ նստեց ուղիղ Արսեն Գրիգորյանի դիմաց՝ փակելով նրա տեսադաշտը։



 



Իհարկե, ծրագրի գաղափարը լավն է՝ մարդկանց, երիտասարդների ուշադրությունը հրավիրել գիրք կարդալու «սրբազան գործի» վրա, բայց չլուսաբանելու արգելքը գաղափարը փչացրեց:



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ