Ալեքսանդրը, Սամուելն ու Գալուստ Սահակյանը՝ «Ոչ բոլորի» համար

Ալեքսանդրը, Սամուելն ու Գալուստ Սահակյանը՝ «Ոչ բոլորի» համար

Երեկ՝ մայիսի 17-ին, Մոսկվայի տան դահլիճում տեղի ունեցավ Արմքոմեդի-ի տղաների՝ Նարեկի և Սերգեյի հերթական ներկայացումը՝ Stand Up show-ի ձևաչափով: Ներկայացումը կրում էր «Ոչ բոլորի համար» խորագիրը:



 



Բեմում միայն տղաներն էին ու մի սեղան, ուրիշ ոչինչ, քանզի բեմի ամբողջ բովանդակությունը նրանց խոսքի մեջ էր, որը նախատեսված էր ոչ թե 6 միլիարդ մարդու, այլ ոչ բոլորի համար: Եվ հենց այդ «ոչ բոլորն» էին, որ երեկ ապահովեցին դահլիճի լեփ-լեցուն լինելը, անբռնազբոս ծիծաղն ու ծափահարությունները:



 



Ի դեպ, ծափահարությունների առաջին տարափը լսվեց այն ժամանակ, երբ Սերգեյը, կամ ինչպես ասում են ընկերները, Սիրյոգը, իր հումորային համարներից մեկում հիշեց Ալեքսանդրին, ով աջ ու ձախ «փայ է մտնում», և Սամուելին, ով կրկին աջ ու ձախ մենաշնորհ է ձեռք բերում և բրենդեր կեղծում:



 



Տղաները իրենց համարներում հիշեցին նաև ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին, մշակույթի վերանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանին, չմոռացան Ղրիմի թեման, Կոնչիտային, Պուտինին և Օբամային, արանքում էլ հասցրին մտնել Թուրքիայի վարչապետ Էրդողանի դերի մեջ, ում հեռախոսի ռինգթոնը Թաթուլի երգերից մեկն էր այդ պահին:



 



Ներկայացումից հետո Hraparak.am-ը փորձեց զրուցել տղաների հետ ու պարզել մի քանի հարց հենց ներկայացման հումորային դրվագների հետ կապված, այդ թվում՝ Ալեքսանդրի, Գալուստ Սահակյանի և այլոց թեմաներով: Ներկայացնում ենք մեր բլից հարցերը Նարեկի և Սիրյոգի հետ: Վերջինս, ի դեպ, ամփոփոելով իրենց հերթական ներկայացումը, ասաց, որ ինքն ուղղակի հիացած է իրենցով և պատրաստ է անընդհատ գալ իրենց համերգներին ու հաճույքով լսել իրենց:



 



«Ես ուղղակի մի քանի անգամ կգայի մեր համերգներին, այո՛, կգամ, ես հա՛ կգամ մեր համերգներին»,-ասաց Սերյոգն ու ավելացրեց, որ ամեն անգամ իրենք պետք է ավելի կատարելագործեն իրենց՝ հաշվի առնելով նախորդի թերությունները:



 



-Սիրյո՛գ, քեզ բաժին հասած առաջին ծափահարությունները եղան այն ժամանակ, երբ դու հումոր արեցիր Ալեքսանդրի անունը տալով: Մտավախություն չկա՞, որ նա կիմանա, որ իր հաշվին ծափեր եք կորզել ու կուզենա գալ ու 50% «փայ մտնել» նաև այդ ծափերին:



 



-Իհարկե, միշտ կա էդ մտավախությունը, միշտ, ինչ անում եմ, մտավախություն կա, որ կեսը կարող ա ոնց որ մի պահ էլ չլինի... այսինքն՝ մեկ էլ, հո՛պ, չկա էլ էդ կեսը:



 



-Իսկ Ալեքսանդր ասելով՝ հատկապես ու՞մ նկատի ունեիր, Մակեդոնացու՞ն, թե՞...



 



-Հումորի ամբողջ կայֆը դա հենց կիսատ ասված խոսքն ա, եթե լիարժեք ասենք, ու ասենք մարդու մականունը, դա էդքան խնդալու չի լինի, դրա համար պետք է ասել ակնարկով, ակնարկը դա ոնց որ երգիծանքի աղն ա: Եթե դուք փորձեք փչացնել էդ աղը, դա էլ աղի չի լինի:



 



-Մշակույթի նախարարին կարծես թե չտեսանք դահլիճում: Կարո՞ղ է սա մշակութային միջոցառում էր, դրա համար նա չէր եկել:



 



-Հա, երևի, դե ուրիշ էլ ի՞նչ բացատրություն կարող էր լինել այստեղ: Գուցե գերդոզավորում էր մշակույթի, չգիտեմ:



 



-Իսկ Գալուստ Գրիգորի՞չ, թե՞ Հովիկ Արգամիչ: Ո՞րն է քաղաքականապես ավելի ազնիվ:



 



-Ես իրանց երկուսի ցավն էլ տանեմ, իրանք մեր երկուսի առօրյան ուրախացնողներն են, և ինձ դժվար ա… նայեք՝ ես մի քանի մատ ունեմ, չէ՞: Հիմա ո՞ր մատս կտրեմ, որ չցավա: Որ մատս էլ կտրեմ, ցավալու ա, հասկանու՞մ եք: Չի՛ կարելի էդպիսի երկընտրանքի առաջ դնել ինձ:



 



-Լավ, իսկ ի՞նչ կլինի հետո:



 



-Հետո ավելի վատ չի կարա լինի, որվհետև ինչ լինի, ինձ թվում ա՝ լավն ա լինելու:



 



 



Նարեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հոյակապ անցավ իրենց ներկայացումը, քանզի հավաքվել էր շատ լավ հանդիսատեց, համախոհների հանդիսատես, ինչը ոգևորում է իրենց:



 



-Նարե՛կ, քո կարծիքով՝ սա մշակութայի՞ն միջոցառում էր:



 



-Դե, հա, ինձ թվում ա, որովհետև մշակույթ ասվածը պարտադիր չպիտի ինչ-որ ակադեմիական, օպերային բան լինի, սա ևս կարելի է  համարել մշակութային միջոցառում:



 



-Միգուցե դրա՞ համար ներկա չէր մշակույթի նախարարը այս ներկայացմանը:



 



-Դե, ճիշտն ասած, էս անգամ չէինք հրավիրել, բայց մեկ-մեկ գալիս են քաղաքական գործիչներ, էսօր, չգիտեմ, եկել էին, թե չէ, բայց ով որ ինքնահեգնանքը ծանր չի տանում կամ ժամանակ ու ցանկություն ունի, գալիս է:



 



-Քո կարծիքով՝ Գալուստ Սահակյանը եթե ներկա լիներ, կհասկանա՞ր, որ դուք իր մասին էիք հումոր անում:



 



-Ինձ միշտ ասել են, որ ինքը, իրականում, բավականին կենսուրախ և հումորով մարդ ա, էնպես որ, կարող ա, երևի...



 



-Իսկ ինչպե՞ս է քաղաքական գործիչների արձագանքը ձեզ, երբ իրենց մասին հումոր եք անում:



 



-Դե, էն արձագանքները, որ հասնում են, հիմնականում շատ դրական են, վստահ եմ, որ բացասականն էլ կա, և զարմանալի կլիներ, եթե չլիներ, և դա շատ առողջ երևույթ ա, որ բաներ կան՝ շատ մարդկանց դուր չի գալիս:



 



-Իսկ բացասականը ինչպե՞ս է դրսևորվում, դեմոկրատակա՞ն ճանապարհով, թե՞ ավելի հայավարի, թիկնազորով տարբերակով:



 



-Չէ, լրիվ դեմոկրտական, Ֆեյսբուքը լրիվ դեմոկրատական ոճի մեջ ա, ով որ մեզանից շատ դժգոհ ա, կարող ա Ֆեյսբուքով հայտնի էդ մասին:



 



-Օրինակ, ըստ քեզ, Առաքել Մովսիսյանը կարո՞ղ է ֆեյսբուքում դեմոկրատական ձևով, առանց հայհոյանքի հայտնել այն մասին, որ դուք իր մասին վատ հումոր եք արել:



 



-Եկե՛ք լավատես լինենք ու մտածենք, որ այո՛, կարող է:



 



Ի դեպ, Արմքոմեդիի տղաներից Մհերը այս անգամ ևս չէր մասնակցում ներկայացմանը: Մեզ մոտ կասկած առաջացավ, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են, միգուցե տղաները որոշել են փողը երկուսի մեջ կիսել և Մհերին բաժին չհանել, բայց մեր «դավադիր» կասկածները չհաստատվեցին, քանզի ինչպես Մհերը, այնպես էլ Նարեկն ու Սերգեյը հավաստիացրին, որ ուղղակի Մհերը ինքը չի ցանկացել մասնակցել, որովհետև համեստություն է արել ու մտածել է, որ ինքը դեռ պատրաստ չէ stand up ժանրում հանդես գալուն:



 



Նշենք, որ Արմքոմեդիի տղաների «Ոչ բոլորի» համար ներկայացումը կկրկնվի նաև այսօր՝ մայիսի 18-ին, այնպես որ, ովքեր ուզում են  իմանալ, թե այդ ինչ ենթատեքստեր էին թաքնված մեր հարցերի ու նրանց պատասխանների տակ, կարող են այսօր երեկոյան գնալ ու Մոսկվայի տանը դիտել նրանց ներկայացումը ու իրենց ևս զգալ «ոչ բոլորի» կարգավիճակում:



 



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ,   հատուկ «ոչ բոլորի» համար