Թանգարանային գիշերը Երևանում

Թանգարանային գիշերը Երևանում

Քաղաքում անհետանալու լավագույն տարբերակներից մեկը ոչինչ չասող մի օր որեւէ թանգարան այցելելն է: Անմարդ, լուռ սրահներում նկարների, քանդակների, գրքերի ու լուսանկարների հետ անձնական հանդիպումն այլ յուրահատկություն ունի: Բայց թանգարանային գիշերն ամեն ինչ փոխվում է: Մայիսի 17-18-ին քաղաքի գլխավոր թանգարանները բազմամարդ էին: Ազգային պատկերասրահի մուտքի մոտ, սանդուղքների վրա, հերթեր էին գոյանում: Հակոբ Հակոբյանի, Բրունո Բրունիի նկարներն ու քանդակները նայելու համար համբերել էր պետք, մինչեւ մարդկանց՝ ստեղծագործությունից ստեղծագործություն տեղաշարժվելը:



 



Քաղաքում անհետանալու լավագույն տարբերակներից մեկը թանգարանային գիշերը նաեւ ուրիշ մարդկանց հայացքների, զգացողությունների ու մտքերի միջով նույն նկարները, քանդակները, գրքերն ու լուսանկարները տեսնելն է: Անորոշ օրերի, միապաղաղ լինելիության մեջ, թանգարանների հանդեպ «քամահրելի» վերաբերմունքը մշակութային կյանքի բացակայության մասին է հավաստում:



 



Մեզ մոտ թանգարանը դանդաղորեն վերածվում է կամ թերավարտ մշակութային միջոցառումների տեղանքի, կամ վատ իմաստով «թանգարանի», կամ լքյալ աշխատավայրի: Թանգարանային գիշերը մարդկանց նման հոսք տեսնելիս ակամա շփոթվում ես: Հայաստանում թանգարան այցելելու համար մեծ գումար չի պահանջվում: Այստեղ «թանկարժեք» թանգարաններ չկան. պարզապես գնալու եւ տեսնելու, գնալու եւ երկար ուսումնասիրելու իսկությունն այդպես էլ չի կազմավորվել: Պատկերասրահ, Մատենադարան այցելելը մնում է որպես դպրոցական վերհուշ: Եվ այս ամենով հանդերձ, էլի ուրախալի է, որ «Թանգարանային գիշեր» միջոցառման առկայությունը ծառայում է որպես այցելության դրդապատճառ:



Քաղաքը մի տեսակ կենդանանում է, եւ շատ ժամանակ արդեն տխուր ու ներամփոփ փողոցներում լսվում է խոսքուզրույցի եռքը: Քաղաքն ակամա հավատում է, որ դեռ ունի բնակիչներ, որ նրանք ոչ միայն օգտվում են իր արժանավորություններից, ոչ միայն սպառում են իրեն, վնասում իրեն, այլեւ հետաքրքրված են մշակույթի պատմությամբ եւ գուցե մի փոքր էլ սիրում են այդ պատմությունը:



 



 Արամ Պաչյան