Միկոյանին հանգիստ թողեք, Կոնչիտայով զբաղվեք. դա և անվնաս է, և զվարճալի

Միկոյանին հանգիստ թողեք, Կոնչիտայով զբաղվեք. դա և անվնաս է, և զվարճալի

Մինչեւ եվրատեսիլյան կրքերը, ամենաքննարկվող թեմաների թեժ եռյակը գլխավորում էր Միկոյանի արձանը Երեւանում տեղադրել-չտեղադրելու հարցը: Բայց Եվրատեսիլն իր Կոնչիտայով հայտնվեց ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում: Արդյունքում, միկոյանական կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, եւ սովետների կարմիր գործիչը ժամանակավորապես առաջին հորիզոնականը զիջեց մորուքավոր կնոջը: Հետո սոցիալական ցանցերը ողողվեցին տարվա թրենդ դարձած կնատիպ տղամարդու մասին կարծիք արտահայտած Արշակյան քույրերին դատափետող մեկնաբանություններով: Միկոյանը մի աստիճան էլ ներքեւ գլորվեց:



 



Ֆեյսբուքյան օգտատերերն օրերս հիշողության իրենց պահոցից նորից դուրս բերեցին Անաստաս Իվանիչին, եւ ով ինչ լսել կամ քիչումիչ կարդացել էր նրա հեղինակած 2000-անոց ցուցակի մասին, կրկին անցավ գրոհի: Էլ թշնամի, էլ դավաճան, էլ աստառը շուռ տված թուրք ու Ստալինի մարիոնետ... Անկեղծ ասած՝ այնքան էլ արդարացի չեն որակումները մի գործչի մասին, որին դատում են տասնամյակների հեռվից, որը տոտալիտար հասարակարգի ծնունդն ու դրա ծառան էր, որի գործունեությունը տվյալ ժամանակաշրջանի պահանջների արտացոլումն էր եւ բխեցված այն «սահմանադրությունից», որի անունը Ստալին էր:



 



 Ով գիտե, գուցե սերունդները մի քանի տասնյակ տարի հետո էլ այսօրվա «հերոսների» կյանքն ու գործունեությունը քննարկման թեմա դարձնեն. վերանայեն հայրենիքին ու ազգին ցուցաբերած նրանց ծառայությունն ու գան եզրահանգման, որ, ասենք, ավելի շատ վերցրել, քան տվել են երկրին, որ մատը մատին չեն խփել ահռելի չափերի հասնող արտագաղթը կանխելու համար, որ ամենաթողությունը հանցաշխարհ է ծնել, որով կեղեքել ու թալանել են երկիրը, որ տնտեսական ձախողած քաղաքականության արդյունքում հարուստներն ավելի հարստացել, իսկ աղքատները թշվառացել են... Ու եթե սերունդներն այսօրվա «հերոսների» ծառայությունները գնահատելու լինեն, չի բացառվում, որ ոչ միայն նրանցից շատերի արձանները տեղադրել-չտեղադրելու հարցն օրակարգ չբերեն, այլեւ արգելեն որոշների անունն անգամ արտաբերել:



 



Եվ եթե Միկոյանի «մահացու» ցուցակն ի հայտ եկավ նրա արձանի տեղադրման հարցն ասպարեզ բերելուն զուգահեռ, ու երբեմնի երեւելի գործչից ազգի թշնամի սարքեցին, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ սերունդներն ավելի հանդուրժող կգտնվեն մերօրյա գործիչների ձախողած քաղաքականության հանդեպ: Այդ դեպքում, թերեւս, հանրությանը կներկայացվի ոչ թե 2000-անոց մահացու, այլ նույնքան կամ գուցե ավելի ընդգրկուն ցուցակ՝ դավաճանների անուններով: Ի վերջո, ժամանակաշրջանը, որում ապրում ենք, համեմատության եզր չունի համայնավարական հասարակարգի հետ, բայց ավելի լավ վիճակում էլ չէ նույն այդ հասարակարգից: Եվ, փոխանակ մեր սխալները մեր մեջ փնտրելու եւ պատմությունից դասեր առնելու, անիմաստ կռիվ ենք սկսել մեռելների ստվերների հետ: Իսկ հանդուրժողականություն քարոզող որոշ օգտատերեր, ավելի առաջ գնալով, Մայր Աթոռին հորդորում են գահընկեց անել Գեւորգյան հոգեւոր ճեմարանին կից այգում գտնվող Միկոյանի արձանը:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ