Ինչու՞ ոստիկանությունը հրաժարվեց հիբրիդային Prius-ներից

Ինչու՞ ոստիկանությունը հրաժարվեց հիբրիդային Prius-ներից

Հայտնի է, որ Հայաստանի պետական ավտոպարկում առկա մեքենաների ճնշող մեծամասնությունը Toyota մակնիշի են: Toyota-ի տարբեր մոդելներ հատկապես շատ կան ոստիկանական համակարգում: Ճանապարհային ոստիկանության մեքենաներն ամբողջությամբ Toyota Corolla են, իսկ բարձրաստիճան ոստիկաններին տրվող ծառայողական մեքենաների մի մասն էլ կա՛մ Toyota Camry, կա՛մ կրկին Corolla, նաև արտաճանապարհային Land Cruiser Prado: Իհարկե, կան այլ մակնիշի մեքենաներ ևս, բայց մեծամասնությունը հենց ճապոնական այս ընկերության մոդելներ են:



 



Թե ինչու են որոշել մեր պետական ավտոպարկը համալրել հենց Toyota մակնիշի մեքենաներով, այն պարզ պատճառով, որ հայտարարվել է տենդեր, որում հաղթող է ճանաչվել այդ մակնիշը Հայաստանում ներկայացնող ընկերությունը: Իսկ թե ինչու է հենց այդ ընկերությունը հաղթող ճանաչվել, դա բարդ չէ կռահելը՝ հաշվի առնելով Հայաստանում տենդերների անցկացման կարգն ու դրանցում հաղթող ճանաչվելու խիստ հայկական սկզբունքները, երբ առաջնորդվում են հիմնականում խնամի-ծանոթ-բարեկամական կապերով: Իսկ Toyota-ի հայաստանյան ներկայացուցչության անունը կապվում է ՀՀ երկրորդ նախագահի անվան հետ:  Բայց, իհարկե, չի կարելի չնշել, թե բացարձակ հաշվի չեն առնվել գնման ենթակա մեքենաների տեխնիկական տվյալներն ու որակական հատկությունները, որոնք, այս դեպքում, կարծես թե, բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում ու դրանով իսկ կարելի է արդարացված համարել նման ընտրությունը: Թերևս դա է վկայում այն, որ դեռևս լուրջ բողոքներ չկան այդ մեքենաներից:



 



Շուրջ երեք տարի առաջ, սակայն, ոստիկանական համակարգում որոշեցին նորամուծություն անել ու ծառայողական ավտոպարկում ներգրավել նաև հիբրիդային մեքենաներ՝ այն հույսով, որ հիբրիդային մեքենաներն ավելի տնեսող են և էկոլոգիապես մաքուր, ու հնարավոր կլինի դրանով վառելիքի ծախսի վրա գումար խնայել: Այդ նպատակով կրկին Toyota-ի ավտոսրահից ձեռք բերվեց երկու հատ Prius մոդելի հիբրիդային մեքենա, որ ոստիկանները փորձարկեն, շահագործեն՝  հասկանալու՝ ձեռնտու է, թե ոչ, որ հետո ավելացնեն Prius-ների թիվը: Սակայն, կարճ ժամանակ անց, հայրենի ոստիկանությունը հրաժարվեց Prius-ների քանակի ավելացումից՝ տնտեսող ու օդը քիչ աղտոտող այս մոդելը համարելով ոչ նպատակահարմար: Այժմ ոստիկանական համակարգում առկա է ընդամենը երկու հատ հիբրիդային Prius, որոնցից մեկը ծառայում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնանին, իսկ մյուսը տրամադրված է Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի պետին:



 



Թե ինչ մեքենաներ կան, առհասարակ, ոստիկանական ավտոպարկում, ինչ սկզբունքով են ընտրվում դրանք և ինչու ոստիկանությունը որոշեց հրաժարվել հիբրիդային Prius-ներից, զրուցեցինք հենց Աշոտ Ահարոնյանի հետ:



 



-Պարո՛ն Ահարոնյան, ոստիկանական համակարգում ի՞նչ պարբերականությամբ է տեղի ունենում ավտոպարկի թարմացումը:



 



-Դա մշտական գործընթաց է, հատուկ ժամանակացույց չկա, և տեղի ունենում կառավարության որոշումով:



 



-Ի՞նչ մակնիշի մեքենաներ կան այս պահին ձեր ավտոպարկում:



 



-Ամենատարբեր: Ռուսական ՈՒԱԶ-երից սկսած՝ մինչև ճապոնական Toyota մակնիշի Corolla, Camry: Ունենք նաև ՎԱԶ 21-06, դեռ մնացել են այդպիսի մեքենաներ, իրանական Samand ունենք, ինչպես նաև չինական մակնիշի մոդելներ՝ հիմնականում ամենագնացներ:



 



- Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվում մեքենաները:



 



-Դա ևս տեղի է ունենում կառավարության որոշմամբ, պետք է այդ որոշումն ուսումնասիրել, որ ավելի հստակ պատասխանեմ, բայց, օրինակ, ռուսական այդ ՈՒԱԶ-երը զուտ ոչ քաղաքային բնակավայրերում շահագործելու տեսանկյունից ոստիկանական գործառույթների համար ավելի հարմար են, դրա համար ենք դրանցից ձեռք բերել:



 



-Որքանով ես տեղյակ եմ՝ ոստիկանությունը մի քանի տարի առաջ ձեռք բերեց նաև երկու հատ հիբրիդային ավտոմեքենա՝  Toyota Prius մակնիշի, որոնցից մեկը Ձեզ է հատկացված: Prius-ի փորձարկումը ոստիկանական համակարգում ի՞նչ նպատակ էր հետապնդում և ինչու՞  հետագայում հրաժարվեցիք դրանց հավելյալ ձեռքբերումից:



 



-Toyota Prius ձեռք բերվեց սկզբնական շրջանում, որովհետև ճանապարհային ոստիկանությունը ուզում էր հասկանալ՝ ավելի խնայողատար կլինի՞, թե՞ ոչ, ես հիմա մանրամասները լավ չգիտեմ, բայց գիտեմ, որ եկան այն եզրակացության, որ պետք է հրաժարվել, քանի որ տվյալ մեքենայի գինը բավականին թանկ էր:



 



-Բայց քանի որ այն տնտեսող մեքենա է, միգուցե հետագայում վառելիքի նվազ ծախսով կոպմենսացնե՞ր իր բարձր արժեքը:



 



-Չէ, դե վառելիքի ծախսից բացի հաշվարկ է արվում, չէ՞, նաև մեքենայի գինը, շահագործման ծախսերը, պահեստամասերի արժեքը, որոնք բավականին բարձր են այս մեքենայի դեպքում, քանի որ այն նորագույն ու բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մեքենա է, ու թանկ են մասերը: Էդ ամեն ինչը հաշվի առնելով՝ էդ պահի դրությամբ ձեռնպահ մնացին էս մեքենաները որպես ՃՈ պարեկային մեքենաներ օգտագործելու գաղափարից: Այժմ ընդամենը երկու հատ կա այսպիսի մեքենա, մեկը ինձ է հատկացված՝ որպես ծառայողական մեքենա, մյուսը՝ Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի պետին:



 



-Իսկ Դուք այս ընթացքում, ինչ շահագործում եք այս մեքենան, ի՞նչ կասեք նրա մասին, արդարացնու՞մ է իրեն որպես տնտեսող մեքենա ու արդյոք հարմար է այն որպես ծառայողական մեքենա շահագործելու տեսանկյունից:



 



-Ես՝ ինքս, ճիշտն ասած, շատ գոհ եմ այս մեքենայից, շատ ուրախ եմ, որ իմ երթևեկից ավելի քիչ վառելիք է ծախսվում և օդը քիչ է աղտոտվում, վառելիքի ծախս քիչ է պատճառում պետությանը, իհարկե, այդ առումով, գոհ եմ: Բայց մյուս հարցերով շատ բան չեմ կարող ասել, թե ինչքանով է այն արդարացված մեքենա ու ինչու չընտրեցին այս մեքենաները ծառայողական շահագործման համար, որովհետև դա արդեն համապատասխան մասնագետները պետք է ասեն, ես սիրողական մակարդաով չեմ ուզում գնահատական տալ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ