Օրվա հիշատակարանը. ԱՐԱՄԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ

Օրվա հիշատակարանը.  ԱՐԱՄԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ

Մայիսի 28, տարվա 148-րդ (նահանջ տարիներին՝ 149-րդ) օրն է, տարվա ավարտին մնում է 217 օր։ Հայաստանի առաջին հանրապետության օրն ենք տոնում: «1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո, ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատեւեց մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձեւով խորհրդայնացվեց»:



 



Բորիս Մեհրաբյանի նախագծով՝ Արամ Մանուկյանի կիսափլված տունն Արամի 9 հասցեում:



 



Աբովյան փողոցով իջնում ես, թեքվում աջ, մտնում մեքենաների կողմից զավթված անձուկ փողոց, մի փոքր առաջանում ես, կանգ առնում սեւաթույր քարով տան մոտ, վերեւ ես նայում. Արամի հայտնի պատշգամբն է, որտեղից հնչում էր պայքարի եւ գոյատեւման կոչը: Պատշգամբից մնացել է մի զույգ հեծան: Քո կանգնած տեղում զինվորական ծանր ճտքակոշիկներով, ձիեր թամբած մարդիկ են, որոնք սեւեռուն նայում են պատշգամբին եւ ուր որ է լսելու են ճակատագրական խոսքերը, հրահանգները, ազդը. «Մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու եւ թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»։



 



Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի առաջին հանրապետության կարճ կյանքի պատկերագրությունը՝ փաստաթղթերի, գրքերի, վկայությունների միջով, ամբողջովին մեզ չեն բացահայտվում: Այն, ինչ եղել է, պատմության մեջ է շնչավորվում, պատմությունից դուրս մենք գոյություն չունենք, ուստի անվերջ վերադառնում ենք՝ գտնում, լուսաբանում նոր դրվագներ՝ դավաճանություններ, խիզախումներ, քաղաքական սխալներ, պետականամետ ու հակապետական գործիչներ: Ամենը, որ պատկանում է սերունդներին, եւ որից հրաժարվելն անհնար է:



 



Արամի 9 հասցեում գտնվող տան բացակա պատշգամբի հեծաններն ասես վտանգի նախազգուշացումները լինեն, պայքարի ու մաքառման հեռավոր արձագանքներ, որոնք, թվում է, այլեւս թիրախ չունեն, բայց հրաժարվում են հանձնվել, չլինել հրաժարվում են:



 



Արամ ՊԱՉՅԱՆ