Եթե նախագահի մրցանակը ձախողեինք, նախագահի պալատից մեզ վրա մատ թափ կտային

Եթե նախագահի մրցանակը ձախողեինք, նախագահի պալատից մեզ վրա մատ թափ կտային

Նախօրեին հանձնվեցին նախագահի 2013թ. մրցանակները, որտեղ, ինչպես եւ կանխատեսելի էր, գրականության ոլորտում մրցանակ չտրվեց։ Ինչպես ժամանակին գրել էինք, նախագահի մրցանակի շուրջ առաջացած խնդիրն այն էր, որ 2-րդ փուլ անցած 3 գրքերից Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն կրկնության պատճառով քվեարկությունից դուրս էր թողնվել (որին, նախապես որոշվածի համաձայն, պետք է տրվեր մրցանակը), եւ ընտրությունը կատարվել էր 2 գրքերի՝  Արեւշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» եւ Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» գործերի միջեւ, որի արդյունքում Հովհաննես Երանյանի գիրքն ստացել էր 2, Արեւշատ Ավագյանը՝ 3 ձայն, ինչը նշանակում է, որ Արեւշատ Ավագյանի գիրքն ստացել էր ձայների մեծամասնությունը, բայց ոչ կեսը։ Դրանից հետո հանձնաժողովն իր կայացրած եւ գաղտնիության մեջ պահվող որոշումն ուղարկել էր նախագահին՝ հաստատման։ Թե կոնկրետ ինչ որոշում էր կայացրել հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանը չէր մանրամասնել։  



 



- Պարոն Եղիազարյան, այս տարի գրականության ոլորտում նախագահի մրցանակ չտրվեց, դա ուղղակիորեն կապվա՞ծ էր ձեր հանձնաժողովի կայացրած որոշման հետ։






- Ոչ միայն, նախագահի մրցանակները տրվում են հանձնաժողովի կայացրած որոշումների հիման վրա, այսինքն՝ հանձնաժողովը ներկայացնում է իր  առաջարկությունը, իսկ նախագահը դեպքերի 99 տոկոսում հաստատում է դա։



 



- Այսինքն՝ նախագահը հաստատել է ձեր կայացրած որոշումը։






- Այո, նախագահը հաստատել է հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ որեւէ մեկը չի անցել։



 



- Մեր վերջին զրույցի ժամանակ ասել էիք, որ ամեն ինչ արվել է ի շահ գրականության, հիմա ի՞նչ եք կարծում՝ հանձնաժողովի կայացրած որոշումն ի շահ գրականությա՞ն էր։






- Հիմա, գիտեք, հարցն այդպես դնել՝ ի շահ էր գրականությանը, թե ի վնաս գրականությանը, տեղին չէ, որովհետեւ խնդիրն այն է, որ ներկայացվել են գործեր, որոնք քննարկվել են հնարավորության սահմաններում օբյեկտիվ, մարդիկ կարդացել են եւ եկել են այդ եզրակացության։ Գրականությունը, արվեստն այնպիսի բան է, որտեղ կարծիքները շատ տարբեր կարող են լինել, եւ ստացվել է այնպես, որ ոչ մի գիրք 4 ձայն չի ստացել։ Եվ ասել, թե սա գրականությանը դեմ է, թե կողմ է, սխալ է, որովհետեւ եթե այս տարի ոչ մեկ չի ստացել, եկող տարի ինչ-որ մեկը, լավագույն գործը կստանա։ Ընդ որում, դա չի նշանակում, որ այս տարվա գործերը վատ գործեր էին։ Քվեարկությունը ճիշտ արդյունքներ է տվել, իսկ ուրիշ ճանապարհ չկա, բացի գաղտնի քվեարկությունից։ Դա լավ բան չէ առհասարակ, Չերչիլն ասել էր, որ դեմոկրատիան լավ բան չէ, իսկ քվեարկությունն ամեն տեսակ դեմոկրատիայի հիմքն է, եւ եթե ձայների մեծամասնությունը չի ստանում՝ չի անցնում, ուրիշ բան չկա։



 



- Չե՞ք գտնում, որ հանձնաժողովն իր քվեարկությամբ ձախողել է նախագահի մրցանակը, որն ինչ-որ մեկը կարող էր ստանալ։






- Եթե նախագահի մրցանակը ձախողեինք, նախագահի պալատից պիտի մեզ վրա մատ թափ տային, ձախողում չի եղել, դա սովորական բան է, 4 հանձնաժողով մրցանակ չեն տվել այս տարի։ Այդպես էլ կարող է լինել։ Առիթ է՝ ասեմ, դիմում եմ մրցանակաբաշխության մասնակիցներին՝ դա առանձնապես ոչ պիտի վիրավորի, ոչ էլ հուսահատեցնի։



 



-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեզ այլեւս չկանչեն նախագահելու գրականության հանձնաժողովը։






- Ընդհակառակը, ես մի քանի անգամ ասել եմ, որ ես կուզեի հրաժարվել, բայց ինձ ասել են՝ չէ, ինչո՞ւ եք մտածում, որ դա այդպիսի բաներ պիտի առաջացնի, այդպիսի խնդիր չկա։



 



- Եթե հիշում եք, հանձնաժողովի որոշումից հետո անգամ ՀԳՄ-ն նամակ գրեց նախագահին, որ մրցանակը տրվի գոնե առավելագույն ձայները հավաքած գրքին։






- Տեղյակ եմ, Գրողների միության նախագահի հետ խոսել ենք այդ մասին, իրենք էլ իրենց կարծիքն են արտահայտել։



 



- Բայց Դուք էլ հույս էիք հայտնել, որ նման լուծում կտա նախագահը։






- Ես հույս չէի հայտնել, ես ասել էի, որ հնարավոր է նախագահը հաշվի առնի որեւէ մեկի միջնորդությունը, հիմա Գրողների միությունը միջնորդել է, եւ նախագահի աշխատակազմում գտել են, որ այդ միջնորդությունը չպետք է ընդունվի։



 



- Իսկ մրցանակին առաջադրված մասնակիցներից զանգ, դժգոհություն, նեղսրտություն չե՞ք լսել։






- Դժգոհություն եղել է մամուլի էջերում, մասնակիցներից մեկը գրել էր, որ իր գրքերը չեն կարդացել եւ որոշում են կայացրել։ Ես այդ մարդուն հասկանում եմ, որովհետեւ ամեն գրող, որ ձեռքը գրիչ է վերցնում, մտածում է, որ պետք է գրի ամենալավ գիրքը, դա միանգամայն բնական է, իսկ երբ մրցանակ չի ստանում, մտածում է, որ չեն կարդացել իր գիրքը։ Հնարավոր է, որ հանձնաժողովի անդամները մինչեւ այդ են գիրքը կարդացել, դրա համար գրքի էջերը թերթատված չեն եղել եւ այլն, պարտադիր չէ անպայման հանձնաժողովի տված օրինակը կարդան։ Այնպես որ, հանձնաժողովում հավաքված են պրոֆեսիոնալներ, բայց նրանք էլ կարող են սխալվել, նրանք աստվածներ չեն։



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]