ՓԱԿԱԳԻԾ

ՓԱԿԱԳԻԾ

Մենք որոշել ենք պարզել, թե ինչ սպասելիքներ ունի ՀՀ քաղաքացին իր իշխանությունից։ Ինչպիսին պետք է լինի, նրա կարծիքով, իշխանավորը, պաշտոնյան, որ արդարացնի հասարակության հույսերը եւ ծառայի նրան: Մեր խորագրի առաջին հյուրն է արձակագիր, թատերագիր Վահրամ Սահակյանը: Այս խորագրում կարող եք հանդես գալ նաեւ դուք՝ մեր ընթերցողներից յուրաքանչյուրը:



  



- Ինչպիսի՞ն պետք է լինի պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը։






- Իմ բոլոր քաղաքական հետաքրքրությունները ձեւավորվել են հիմնականում անցյալ դարի 80-ականների կեսերից սկսած։ Քաղաքական գործիչ, որ կարող էր ինչ-որ բան փոխել աշխարհում, դա Ռոնալդ Ռեյգանն էր, իսկ հիմա էլ Մարգարետ Թեթչերն է մնում, ինչու չէ՝ նաեւ նախկին Հռոմի պապը։ Այն ժամանակվա էլի մի շարք քաղաքական գործիչներ, որոնք կարողացան աշխարհում փոփոխություններ կատարել դեպի լավը։ Իսկ այժմյան քաղաքական գործիչների մոտեցումը համաշխարհային մասշտաբով (հիմա ժամանակները փոխվել են, եւ քաղաքականությունը փոխվում է ամեն օր, ամեն ժամ) դրված է ավելի շատ տնտեսական վիճակի վրա, եւ ղեկավարներից ոչ մեկը, կարելի է ասել, տպավորություն չի գործում, անգամ խելոք մարդու տպավորություն չի թողնում ինձ վրա։ Մեկն ագրեսիա է ցուցաբերում հին մեթոդով, մյուսը փորձում է հանդուրժողականությունից խոսել, բայց ամեն ինչի տակ էլ գոյություն ունեն տնտեսական ու ֆինանսական խնդիրներ՝ թե երկրի համար, թե կոնկրետ անձանց համար։



 



Մեր պարագայում ես չեմ տեսնում մի քաղաքական գործիչ, որն ինչ-որ բան կարողանա փոփոխել։ Հիմնականում ինքնագործունեություն է, իրենց անունը ճանաչեցնելու միտում, ցուցադրվել։ Առավելապես կարող եմ ասել, որ այսօրվա ղեկավարի կողմից որեւէ վերաբերմունք չկա դեպի արվեստագետը, հիմա արվեստում էլ ինքնագործունեություն է, ով ինչ ուզում՝ անում է, ով ինչ ուզում՝ տպում է, շնորհքովն անշնորհքից չի տարբերվում։ Կոնկրետ. ես ավարտել եմ վեպ, կես տարվա արդյունք է, եւ, դեսուդեն ընկած, գումար եմ հայթայթում, որ գիրք տպագրեմ։ Նախորդ գրքերիցս որոշակի տպաքանակ տարել են Շվեդիա, Դանիա եւ Հոլանդիա, որպեսզի վաճառեն։ Այդ պետությունները մտահոգված են գրողով, գրականությամբ, եւ պետությունն ինքն է փող ծախսում, ոչ թե անհատը։ Եթե մենք ուզում ենք օրինակ վերցնել այդ պետություններից, ուրեմն նրանք մի բան գիտեն, չէ՞, որ այդպես հետեւողականորեն անում են, տեր են կանգնում իրենց հեղինակներին։ Մենք անընդհատ դժգոհում ենք, որ արժեքները փոխվում են, կորում են, իսկ եթե այդ երկրները մի բանի հասել են, ուրեմն գիտեն դրա կարեւորությունը, որ արել են։



 



Ինչ վերաբերում է մեր երկրին, ես հուսով էի, որ 90-ականներից հետո ինչ-որ ժամանակում ինչ-որ բան կփոխվի, բայց հիմա ավելի վատ է։ Ասեմ, որ էն ժամանակ՝ այն ծանր պայմաններում, ավելի շատ էին գիրք առնում, թատրոն գնում, ավելի շատ էին հետաքրքրվում արվեստով, քան հիմա, եւ այդպես բոլոր ասպարեզներում է։ Ես չեմ սիրում ասել՝ արվեստը պիտի լինի այսպես, բայց թույլ տվեք մի «պիտի» ասել. արվեստը պիտի լինի գեղեցիկ, բանաստեղծությունը, թատրոնը, նկարը, կոպիտ ասած՝ չպետք է լինի զըռ։ Դրանք ոչինչ չեն կարող անել։ Ցավոք, ընտրում են մի երկու հոգու, որոնք իրենց ծանոթն են կամ նշանավոր անվան հետ են կապվում, եւ դրանց են առաջ մղում։ Եթե դա ղեկավար է մշակույթի առումով, ոչ թե ինքը վատ ղեկավար է, այլ ան-կա-րող է, որովհետեւ ինքն առաջին հերթին չգիտի արվեստ եւ չի սիրում, բայց համառորեն ուզում է դա ներկայացնել իր անկարողությամբ։ Լինի քաղաքական, պետական, մշակութային, լինի քաղաքային իշխանություն, գործիչ, թե եսիմինչ, կարող եմ ասել, որ իրենք անկարող են եւ չեմ կարծում, թե իմ հետ, որեւէ առնչություն ունեն կյանքում։



 



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ